RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#104, 2013-06-21 > #105, 2013-06-22 > #106, 2013-06-25 > #107, 2013-06-26 > #108, 2013-06-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #106, 25-06-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-06-24 23:25:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 943, Տպվել է` 38, Ուղարկվել է էլ.փոստով` 18

ՄԻՆՉԵՎ 21 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻՆ ՉԴԱՏԱՊԱՐՏԵԼ ՑՄԱՀ ՊԱՏԺԻ

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հայաստանում 102 ցմահ դատապարտյալներ կան, որոնցից 41-ը դատապարտվել են 1 անձի սպանության մեղադրանքով. նրանցից 26-ն ունեն առաջին դատվածություն, իսկ 26-ից 2-ը պատիժը կրել են 15 տարի: Դատապարտյալներից 15-ը դատապարտվել են զինծառայության ընթացքում տեղի ունեցած հանցագործությունների համար: Պատիժն ընդունելու ժամանակ նրանց տարիքը չի գերազանցել 18-20 տարին: 100-ից 59 էլ դատապարտվել են երկու եւ ավելի անձանց սպանության համար: Վիճակագրությունը Հելսինկյան ասոցիացիայինն է:

Այս տարի քրեակատարողական հիմնարկներում գտնվող երկու դատապարտյալներՙ Մանուկ Սեմերջյանն ու Մանվել Հազրոյանը, ինքնասպանություն են գործել: Վերջինս ցմահ դատապարտվել էր 4 զինվորի սպանելու համար:

Նրանց եւ մնացած դատապարտյալների հետ բազմիցս հանդիպել եւ զրուցել է Գեւորգ քահանա Հովհաննիսյանը : Հանգել է եզրակացությանՙ ցմահ դատապարտվածներից շատերն այնպիսի հանցանք չեն գործել, որի համար ցմահ դատապարտվեն: «100 ճակատագիր, 100 տարբեր իրավիճակներ ու մոտեցում: Սրանք ընդհանրացնելը բավական դժվար է, քանի որ դատապարտյալների մեջ կան նաեւ մտավորական, կրթություն ստացած անձինք եւ նրանց նպատակներն ու ցանկությունները տարբեր են: Կան նաեւ հավատացյալներ, ովքեր իրապես զղջում են կատարածի համար: Շատերն էլ չեն ցանկանում բանտախցից դուրս գալ, նրանք ազատություն չեն ուզում»: Քահանային մեծ ցավ է պատճառում, որ դատապարտյալների կազմում շատ են երիտասարդները, ովքեր բանակում կատարած սպանության համար են պատիժ կրում: Նրա գնահատմամբՙ պետք է օրենքի նախագիծ հաստատվի, որ 20 տարեկանից ցածրերին ցմահ չդատապարտեն:

Հոգեբան Սամվել Խուդոյանի գնահատմամբՙ թեպետ խոսքը 2-3 տարվա մասին է, սակայն իրականում գիտակցության եւ հասունության առումով մեծ տարբերություն կա 18-20 եւ 20-22 տարեկանների միջեւ: «18-19 տարեկանը համարվում է դեռահասության տարիք, իսկ 20-ից հետո նրանք մտնում են հասուն եւ գիտակից կյանք, հետեւաբար ճիշտ կլինի, որ մինչեւ 21 տարեկաններին ցմահ ազատազրկում չլինի: Անհրաժեշտ է նաեւ անհատական մոտեցում յուրաքանչյուր դատապարտյալի նկատմամբ, որովհետեւ հաճախ նրանք բժշկական օգնության կարիք, լուրջ խնդիրներ ունեն եւ նպատակաուղղված հանցագործություն չեն կատարում»: Այս առումով Խուդոյանը կարեւոր է համարում քրեակատարողական հիմնարկներում նաեւ հոգեբանի ներգրավվածությունը:

«Անմեղության հայկական ծրագիր» ՀԿ-ի նախագահ Զարուհի Մեժլումյանի խոսքերովՙ իրենք արդեն երկու տարի բարձրաձայնում են ցմահ դատապարտյալների խնդիրներն ու առաջ քաշում ծրագիր, համաձայն որի մինչեւ 21 տարեկանները չպետք է դատապարտվեն պատժի առավելագույն չափով: Հասարակական կազմակերպությունն ուսումնասիրել է 14-21 տարեկանների խնդիրը Գերմանիայում, Շվեդիայում, Ավստրիայում, Բոսնիա-Հերցեգովինայում եւ փաստել է, որ մինչեւ 21 տարեկաններն առավելագույն պատժի չեն արժանանում: Կան երկրներ, որտեղ սանդղակը սահմանված է մինչեւ 24 տարեկանը, քանի որ այդ տարիքում նրանք դեռեւս լիովին պատասխանատվություն չեն կրում իրենց գործողությունների համար: Մեժլումյանի խոսքերովՙ արխիվներում կան 90-ականներին բացահայտված քրեական գործեր, որոնցում դատահոգեբանական համալիր փորձաքննություններ էլ չեն կատարվել:

ՀԿ-ի ղեկավարն էլ համակարծիք է, որ ՔԿՀ-ներում հոգեբանների պակաս կա: «12 ՔԿՀ-ի համարՙ 11 հոգեբան, որոնցից շատերը բարձրագույն կրթություն էլ չունեն եւ մի քանի ամսվա դասընթաց են անցել: Մարդիկ ունեն պարզ շփման կարիք: Նրանց մեկժամյա զբոսանքի են տանում, եւ վերջ, 23 ժամ փակ դռների հետեւում, առանց մոտիվացիայի նրանք ապրում են: Նրանք առաջ գնալու, ինքնակրթվելու եւ կատարելագործվելու մղում չունեն»:

Ցմահ դատապարտյալներից միայն 3-ն են այսօր բարձրագույն կրթություն ստանում: Քանի որ կրթությունը վճարովի է, ոմանք ցանկություն ունեն, սակայն ֆինանսները թույլ չեն տալիս: «Եթե բանտարկյալը վատ վարք է ցուցաբերում, նրան պատժում են, մենախուց տեղափոխում, սակայն լավ վարքի համար խրախուսական ոչինչ չկա: Նրանք տարեկան ունեն միայն մեկ երկարատեւ, երեք անգամ էլ կարճատեւ տեսակցության իրավունք: Սրանք խնդիրներ են, որ պետք է կարգավորվեն: Սակայն այսօրվա դրությամբ պետք է կարողանալ հասնել օրենքի այն նախագծին, որ մինչեւ 21 տարեկաններին ցմահ չազատազրկեն»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #106, 25-06-2013

AZG Daily #28, 19-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ