RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#104, 2013-06-21 > #105, 2013-06-22 > #106, 2013-06-25 > #107, 2013-06-26 > #108, 2013-06-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #106, 25-06-2013



Տեղադրվել է` 2013-06-24 23:25:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 1062, Տպվել է` 66, Ուղարկվել է էլ.փոստով` 18

ՀԱՆԴԻՊՈՒՄ, ՈՐՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԱՎԱՐՏՎԵՑ, ԿԱՄ` ԱՆԱՎԱՐՏ ԶՐՈՒՅՑ

ՆԵԼԼԻ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Շատ տարիներ են անցել, ավելի ստույգ` անցել է շուրջ 29 տարի: Աշխատում էի Խորհրդային Հայաստանի հեռուստառադիոպետկոմի ամենապատասխանատու եւ ամենաարտոնյալ խմբագրությունում` լրատվականում: «Լրաբեր»-ը միակ հեռուստատեսային լրատվական ծրագիրն էր, որի հենքով օրվա մեջ մի քանի անգամ եթեր էր հեռարձակվում եւ «Լուրեր» ծրագիրը: Մենք` լրատվականի մեկնաբաններս, եթերում մշտական հսկողության տակ էինք: Մեր ամեն բառը, շեշտադրությունը, ձայնի ելեւէջը եւ հագուստն անգամ «գլավլիտով» էր անցնում, իսկ հետո քննության առարկա էր դառնում կոմիտեի ղեկավարության մոտ: Աստված մի արասցե, եթե մի բան այն չէր, ղեկավարությունն էլ պատասխան էր տալիս կենտկոմին: Մենք ամենազուսպ, ամենաձիգ, ամենակոռեկտ խմբագրությունն էինք, որ պետք է հեռու մնայինք զգացմունքայնությունից եւ մեր ասելիքն ունենայինք եթերում` հստակ, կարճ, ստույգ:

Սակայն երբեմն, տոնական օրերին ընդառաջ, իրավունք էինք ստանում դուրս գալ մեր կաղապարված վիճակից եւ ստեղծագործական մոտեցմամբ 30-60 րոպեանոց տոնական հաղորդումներ պատրաստել` «Հավելված» կամ «Լրաբերից դուրս» խորագրով:

1984 թվականը մոտենում էր ավարտին, հատկապես նման օրերին էին հարկավոր մեծ եւ գեղեցիկ հաղորդումներ` եթերն ապահովելու եւ գոնե 2 օր հանգստանալու, մարդկանց էլ ամենօրյա պրոպագանդայից հանգիստ թողնելու համար: Գլխավոր խմբագիրը, գիտենալով, որ իմ ամենասիրած հեռուստաժանրերից մեկը դիմանկար-հարցազրույցն է, ասաց, որ ունեմ 60-80 րոպե եթերաժամանակ` երեք հետաքրքրական անձանց մասին սյուժեների համար: Իսկական նվեր:

Բանաստեղծ Հրաչյա Հովհաննիսյանի ստեղծագործությունների նոր գիրքն էր լույս տեսել: Զանգահարեցի, սիրով ընդունեց հրավերս, ասաց, որ նոր գրքի հետ կապված առաջին հարցազրույցը կլինի: Նա գոհ մնաց զրույցից, ես ել նվեր ստացա նոր գիրքը` հեղինակի մակագրությամբ: Հետո ասաց, որ շտապում է, Նիկոլայ Նիկողոսյանն է ժամանել Երեւան եւ պետք է հանդիպեն: Ես հարցական հայացքով նայեցի սիրելի բանաստեղծին եւ նա անմիջապես հասկացավ` «Վատ չէր լինի», ասաց:

Այդպես մոսկվաբնական մեծանուն քանդակագործ-անհատը դարձավ իմ երկրորդ հերոսը: Բազմաթիվ հարցերից բացի նա խոսեց եւ իր ընտանիքի մասին, դստեր եւ հատկապես երիտասարդ փեսայի` Սարո Կալենցի եւ նրա տաղանդավոր ծնողների մասին:

- Դուք պետք է նրան նկարահանման, հենց նրան , այդ բացառիկ նկարչուհուն:

Այսպես ավարտվեց մեր հանդիպումը անվանի քանդակագործի հետ եւ սկիզբ դրվեց մի նոր հանդիպան, որն այլեւս չավարտվեց....

Տիկին Արմինեն մեզ հրավիրեց իր տուն, գտավ, որ «իրեն բնորոշ միջավայրում ավելի անկաշկանդ կարող է լինել եւ անմիջական»: Տանը մենակ էր, փոքրահասակ, նուրբ, ժպտադեմ:

Հարցազրույցը նկարահանեցինք միանգամից, առանց որեւէ «ստոպ»-ի, այնքան որ բնական ու անկեղծ էր զրույցը: Հետո, երբ օպերատորը լրացուցիչ կադրեր էր նկարահանում, մենք նկարչուհու հետ առանձնացանք: Հիմա նա էր ինձ հարցեր տալիս իմ մասին, ընտանիքիս, աշխատանքիս... մեկ էլ հանկարծ ասաց.

- Շատ եմ ուզում քեզ նկարել, մի քանի սեանս է հարկավոր, կհարմարեցնեմ քո ժամանակացույցին, համաձայնիր, կարծում եմ, երկուսիս էլ դա պետք է:

Պայմանավորվեցինք, շաբաթ օրերին` 2 ժամով: Երբ դուրս էինք գալիս, ասաց, որ նույն զգեստով գամ:

Եթե մարդ իր ամբողջ կյանքում հաշված ժամերի է լինում բացարձակ երջանիկ, ուրեմն ընդամենը մեկ տասնյակ շաբաթ օրերի իմ այդ երկու ժամերը ես հաստատապես ներառում եմ դրանց շարքում: Աշխատանքիս բնույթը ու նաեւ մանկությունիցս ինձ շրջապատող միջավայրը լայն հնարավություններ էին ստեղծել ինձ համարՙ հանդիպելու ճանաչված, հայտնի, անվանի ու անանուն - հետաքրքրական անհատների հետ: Ամբողջապես ռուսականացված ու ռուսապաշտության խորհրդային տարիներին միայն նեղ շրջանակներն ու անհատական հանդիպումները կարող էին ազգայինը պահպանել, միայն հասուն մտածելակերպով ուժեղ անհատն էր դա անում իր ընտանիքում, ու այդ առումով, ես բավականին կայացած էի հորս շնորհիվ: Այսուահանդերձ, Արմինե Կալենցի հետ իմ հանդիպումը ցնցեց ինձ: Տեր Աստված, այդ ինչ ներուժ ուներ այդ փոքրամարմին կինը, այդ ինչքան սեր ուներ իր մեջ, այդ ինչ բարձր գիտակցության անհատ էր, ինչ մեծագույն ստեղծագործող էր ու տաղանդավոր մարդ: Այդպես էլ է լինում, տաղանդավոր մարդ:

Տարիներ անց, Բեյրութում էի, այն քաղաքում, ուր ծնվել եւ կրթվել էր, հաճախ էի մտովի զրուցում նրա հետ, ու հարցերիսց մեկին` թե ինչպես Հայրենիք երազող հայն ավելի հայ է ու հայրենասեր, գտա հստակ պատասխան. այստեղ Հայկազյան եւ նմանատիպ կրօջախներ կան: Ավելի ուշ, երբ իմացա, թե լիբանանածին կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանն ինչպես է փոխել իր ռեժիսոր ամուսնու` անվանի Ատոմ Էգոյանի աշխարհընկալումն ու աշխարհայացքը, կրկին մտքերով վերադարձա Արմինե Կալենցի աշխատասենյակ ու կրկին լսեցի նրա խոսքը: Մեր հանդիպումների ժամանակ մենք հաճախ նաեւ լռում էինք, Տիկին Արմինեն լռությամբ էլ էր խոսում եւ այնպես, որ.... Մտահոգություններ շատ ուներ, այն տարիներին անկախ Հայաստանի տեսլական էր առաջարկում եւ Հայոց պետություն ու պետականություն էր տեսնում, վստահ էր, որ այդպես է լինելու, ամուսինն էր ներշնչել այդ վստահությունը: Պատկերացնում եք, 80-ականներին, երբ ԽՍՀՄ-ն աշխարհի համար «չարիքի իմպերիա» էր եւ ահուսարսափ, Կալենց ամուսիններն արդեն փլուզել էին այն եւ մեր անկախ պետությունը կառուցել: Անհավատալի:

Մեծատաղանդ ամոսնու` Հարություն Կալենցի կտավները, որոնք իր աչքի լույսն ու հպարտությունն էին, իրար վրա շարված էին ցուցադրության տեղ չունենալու պատճառով, թրջվել էին եւ մի քիչ վնասվել: Ծանր ապրումներ ունեցավ, բայց մեջքը շտկեց, վրձինն առավ ձեռքը եւ սկսեց վերականգնել, մի մասն էլ չորացրեց ու թողեց, որ նկարիչ որդին` Սարոն, որ այդ տարիներին Մոսկվայում էր բնակվում, գա ու մշակի:

Կալենցների դեղին, կանաչ, դեղնականաչ գույները, այդ ի՜նչ երանգներ են, ինչքան տարբեր են այս ու այս կանաչը, ինչ վառ ու խամրած, ի՜նչ պայծառ ու հանդարտ, ինչքա՜ն կյանք ու գարուն, աշնան փոխանցվող ամառ ու խոր աշուն կա դրանց մեջ, ինչքան հույզ ու վստահություն, այս ի՜նչ զուտ կալենցյան ներկապնակ է...

Զգեստս սեւ էր, ուսերիս իր կանաչ ժակետը գցեց, ասելով, որ մազերիս բաց գույնի եւ զգեստիս հակադրությունը խիստ է: Այդպես էլ պատկերեց ինձ`աթոռին նստած, գլուխս ափիս հենած, իր ժակետն ուսերիս, ասաց, որ դիմանկար չի անում, դա իր ժանրը չէ, «Մտորում» է կոչելու:

Շատ էր սիրում իր «Եղեգնաձորյան շարքը» որն այդ աշնանն էր ավարտել, քարեր, ժայռեր, արեւ, դաշտ ու նորից քարեր: Ու կրկին կալենցյան ներկապնակ, այս անգամ` այլ գույներով:

Անսահման մտահոգ էր ամուսնու ստեղծագործությունների ճակատագրով: Շատ էր ուզում իրենց տան մեկ հարկը ցուցասրահի վերածել, ուզում էր ամուսնու ողջ ժառանգությունը ցուցադրել, բայց եւ ինչ-որ բան կաշկանդում էր նրան: Մի քանի պաշտոնական հանդիպում ունեցավ, մի քիչ փաստաթղթեր հավաքեց, բայց մի օր ասաց.

- Գիտես, հավատս չի գալիս, թե գլուխ կբերենք, ես չեմ ասում թե երբեւէ չի իրականանա իմ ծրագիրը, լինելու է, բայց ոչ հիմա, անկախ Հայաստան պետությունում այս տունը կդառնա Կալենցների ցուսահանդես: Ու լռություն, երկարատեւ խոսուն լռություն:

Նկարս ավարտեց: Մի քանի ցուցահանդեսներում ցուցադրվելուց հետո, այն դարձավ իմը, իմը դարձնելով նաեւ այդ բացառիկ անհատի մտերմությունը:

Տարիներն անցան, մեր հանդիպումները կամաց-կամաց պակասեցին, ինքը հազվադեպ էր դուրս գալիս, ես ուշ-ուշ էի գնում, հիմնականում տոնական կամ մեկ այլ առիթով: Նման այցելություններից մեկի ժամանակ ես նրան պատմեցի Վարդուհի Իշխանյան-Մանուկյանի մասին, որն այն ժամանակ վարչապետի տիկինն էր եւ ինչ-որ բարեգործական ցուցահանդես էր պատրաստում: Հաջորդ այցելությունս Վարդուհու հետ էր, միջոցառմանը մասնակցելուց բացի, Արմինե Կալենցը ստեղծեց նաեւ Վարդուհու դիմանակարը (սաՙ ապագա կալենցագետների համար):

Էլի անցան տարիներ, մեր երազած անկախ հայրենիքն ունեինք արդեն, տիկին Արմինեն նոր եռանդով նոր գործեր ստեղծեց, ես տեղափոխվել էի արտաքին գործերի նախարարություն եւ ղեկավարում էի մամուլի բաժինը, այդ տարիներին, ինչպես շատերի, իմ աշխատանքն էլ, փաստորեն, չէր ավարտվում, անձնական հանդիպումներիս ժամանակն այլեւս լրիվ սպառվեց: Մի քանի տարի ես փորձում էի լինել բոլոր ցուցահանդեսներին, ուր ինքը գոնե մեկ նկար ուներ, առիթ էր կարճատեւ հանդիպման եւ նրան իմ մեծ սերը փոխանցելու համար:

Ավելի ուշ 3 տարով գործուղվեցի արտասահման` աշխատելու: Երբ վերադարձա, ուզում էի այցելել իրեն, զանգահարեցի, ասաց, որ կուրացել է: Կարկամեցի, հասկացավ, ասաց մի արի, բայց հաճախ զանգահարիր:

Հետո նորից մեկնեցի եւ դրսում էլ իմացա, որ Սարոն իրականացրել է մոր երազանքը, եւ այսօր Երեւանում, Կալենցների ապրած տանը գործում է Կալենցների ցուցահանդեսը:

Ես ապրեցի այն ուրախությունը, որ ունենում են կյանում շատ մեծ մի բան գտնելու ժամանակ, վերջապես, վերջապես, ինքը գիտեր, վստահ էր ու սպասում էր, Փառք Տիրոջը, շնորհակալություն Սարոյին:

Մեր վերջին հանդիպումը իր հուղարկավորության օրն էր, Կոմիտասի տանը ասեղ գցելու տեղ չկար, մարդիկ հերթ էին կանգնել, իսկ ես չէի շարժվում, լուռ կանգնել էի նրա կողքին ու փորձում էի կորուստս հասկանալ: Իմ կորուստը, այն ինչ բոլորս կորցրինք բոլորինս է, բայց դրանում ես իմ առանձին բաժինն ունեմ, կորստի իմ մեծ բաժինը:

Էլի տարիներ են անցել ու ես հաճախ եմ մտածում, թե բախտն ինձ ինչ մեծ պարգեւ էր արել, երանի ամեն մեկի կյանքում մի նման հանդիպում լինի...

Լուսավոր մտքերով լուսավոր Տիկին, լույս դառնա Ձեր հոգին: Գիտեք, տիկին Արմինե, իմ զրույցը Ձեզ հետ չի ավարտվել, հիմա էլ, երբ մի բան ինձ շատ է մտահոգում, վերադարձնում եմ իմ երջանիկ շաբաթ օրերի լեցուն ժամերը, խոսում եմ Ձեզ հետ եւ ի վերջո ինչ-որ մի բան գտնում եմ: Եվ այսօր, այսքան երկար տարիներ հետո, այս ամենը թղթին հանձնելն էլ վկայություն է, որ մեր հանդիպումը դեռ չի ավարտվել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #106, 25-06-2013

AZG Daily #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ