RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#104, 2013-06-21 > #105, 2013-06-22 > #106, 2013-06-25 > #107, 2013-06-26 > #108, 2013-06-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #106, 25-06-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-06-24 23:25:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 1049, Տպվել է` 58, Ուղարկվել է էլ.փոստով` 19

ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐԵՀԱՃ ԳՏՆՎԵՑ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ

Եվրոգավաթներում մեր թիմերի մրցակիցները հայտնի են

Երեկ Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ ֆուտբոլի չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի որակավորման փուլերի վիճակահանությունը: Հայտնի դարձան հայկական ակումբների մրցակիցները եվրոգավաթներում:

Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում ՀՀ չեմպիոն «Շիրակին» բաժին հասավ ամենաթույլ մրցակիցներից մեկըՙ Սան Մարինոյի «Տրե Պենեն»: Եվրոպայի լիգայի որակավորման 1-ին փուլում «Միկան» կմրցի Չեռնոգորիայի «Ռուդարի» հետ, «Փյունիկի» մրցակիցը կլինի մակեդոնական «Տետեքսը», իսկ «Գանձասարը» կխաղա Ղազախստանի «Ակտոբեի» հետ, որի կազմում հանդես է գալիս Ռոբերտ Արզումանյանը:

Ընդհանուր առմամբ կարելի է փաստել, որ վիճակահանությունը բարեհաճ գտնվեց հայկական ակումբների հանդեպ: Մրցակիցներն առանձնապես ուժեղ չեն եւ կարելի է պայքարել հաջորդ փուլի ուղեգրի համար:

Վերջին տարիներին եվրոգավաթներում հայկական ակումբների անհաջող մրցելույթների պատճառով Հայաստանն ՈՒԵՖԱ-ի գործակիցների աղյուսակում նահանջել է վերջին հորիզոնականներ: Ուստի պատահական չէ, որ այս տարի ՀՀ չեմպիոն «Շիրակը» հայտնվեց այն 4 թիմերի ցանկում, որոնք չեմպիոնների լիգայի մրցաշարը կսկսեն որակավորման 1-ին փուլից: «Շիրակին» կարող էր բաժին ընկնել Ֆարերների «Ստրեյմուրը», որին անցյալ տարի «Գանձասարը» Եվրոպայի լիգայի մրցաշարում մեծ դժվարությամբ էր հաղթել Երեւանում (2-0) ու մտել 2-րդ փուլ: Իսկ առաջին խաղում կապանցիները հյուրընկալվելիս պարզապես խայտառակ պարտություն էին կրել 1-3 հաշվով:

Վիճակահանությամբ «Շիրակն» առաջին խաղում «Տրե Պենեին» հյուրընկալելու է սեփական հարկի տակ: Առաջին հանդիպումները նախատեսված են հուլիսի 2-3-ին, պատասխան խաղերը կկայանան մեկ շաբաթ անց:

Եվրոգավաթների մրցաշարերում հայկական ակումբներն առաջին անգամ են մրցելու Սան Մարինոյի թիմի հետ: Ինչ խոսք, «Շիրակը» ոչ միայն պարտավոր է հաղթահարել 1-ին փուլի արգելքը, այլեւ պետք է ձգտի խոշոր հաշվով պարտության մատնել մրցակցին:

Իսկ ահա որակավորման 2-րդ փուլում «Շիրակին» անհամեմատ ավելի ուժեղ մրցակից է սպասում: Գյումրեցիներին հարկ կլինի ուժերը չափել Սերբիայի «Պարտիզանի» հետ: Սերբիայի չեմպիոնը հայտնի է հայ ֆուտբոլասերներին: 2010-ին չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլում այս թիմի հետ մրցել է «Փյունիկը»: 2 խաղերում էլ հաջողությունն ուղեկցել է «Պարտիզանին»: Առաջին խաղում, Բելգրադում «Պարտիզանը» հաղթեց 3-1 հաշվով: «Փյունիկից» աչքի ընկավ Արտակ Եդիգարյանը: Երեւանում «Փյունիկը» զիջեց 0-1 հաշվով:

«Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը Armsport.am-ին իր կարծիքն է հայտնել վիճակահանության մասին. «Սան Մարինոյի չեմպիոն «Տրե Պենեն» մեզ անհայտ մրցակից է: Այսօրվանից սկսում ենք ուսումնասիրել մրցակցին: Որակավորման 1-ին փուլի վիճակահանությունը կարելի է դրական գնահատել, քանի որ մյուս հնարավոր մրցակիցը Ֆարերների «Ստրեյմուրն» էր: Նախորդ տարի «Գանձասարը» մեծ դժվարությամբ հասավ Ֆարերներՙ 3 ինքնաթիռ փոխելով: Մեզ եւս նման ծանր ճանապարհորդություն է սպասվելու: Իսկ ահա Սան Մարինոն ավելի մոտ է գտնվում: Ինչ վերաբերում է որակավորման 2-րդ փուլին, ապա ժամանակից շուտ առաջ անցնել չեմ սիրում: 2-րդ փուլի մասին դեռ չեն մտածում, քանի որ առջեւում 2 խաղ ունենք Սան Մարինոյի չեմպիոնի հետ»:

Եվրոպայի լիգայի մրցաշարում «Միկան» առաջին խաղում հյուրընկալվելու է Չեռնոգորիայի «Ռուդարին»: Վերջինս անցյալ տարի Եվրոպայի լիգայի որակավորման 1-ին փուլում մրցել էր Գյումրիի «Շիրակի» հետ: Գյումրեցիները հյուրընկալվելիս Լամին Լի Յորոյի խփած միակ գոլի շնորհիվ հաղթել էին, իսկ սեփական հարկի տակ կայացած խաղում գրանցվել էր ոչ-ոքիՙ 1-1: «Շիրակից» գոլի հեղինակ էր դարձել Դամե Դիոպը: Հետաքրքրական է, որ հաշիվը բացել էր Հրայր Մկոյանըՙ գրավելով սեփական դարպասը:

Մակեդոնիայի «Տետեքսի» եւ Ղազախստանի «Ակտոբեի» հետ հայկական թիմերը նախկինում չեն հանդիպել:

Առաջին փուլի հանդիպումները նախատեսված են հուլիսի 4-ին եւ 11-ին: Եթե հայկական թիմերին հաջողվի հաղթահարել 1-ին փուլի արգելքը, ապա 2-րդ փուլում «Փյունիկը» կմրցի «Ժալգիրիս» Լիտվա-«Սենտ Պատրիկս» Իռլանդիա զույգի հաղթողի հետ: «Գանձասարի» մրցակիցը կլինի նորվեգական «Հոդդը», իսկ «Միկան» կմրցի Լեհաստանի «Սլյոնսկի» հետ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #106, 25-06-2013

AZG Daily #28, 19-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ