RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#105, 2013-06-22 > #106, 2013-06-25 > #107, 2013-06-26 > #108, 2013-06-27 > #109, 2013-06-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #107, 26-06-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-06-25 23:27:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 1235, Տպվել է` 38, Ուղարկվել է էլ.փոստով` 18

«ԳԵԶԻԻ» ՑՈՒՅՑԵՐԸ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՅՔԱ՞ՐՆ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Թե՞ դրանք արտահայտում են իսլամականներից ռեւանշ վերցնելու քեմալականության ձգտումը

Ստամբուլի Թաքսիմ հրապարակի «Գեզի» զբոսայգում բռնկված, ապա երկրով մեկ տարածված անկարգությունները դեռեւս շարունակվում են Թուրքիայում: Չեն դադարում նաեւ ցուցարարների բախումները ոստիկանության հետ: Այս անկարգությունները թերեւս կարելի էր ընդվզում կամ դիմադրություն անվանել, բայց ոչՙ համաժողովրդական:

Համաժողովրդականի կոչմանն արժանանալու համար ընդվզումը կամ դիմադրությունը պետք է հետամուտ լինի հասարակության բոլոր խավերին, երկրի էթնիկ եւ կրոնական խմբավորումների, ինչպես նաեւ ազգային փոքրամասնությունների ազատություններին: Մինչդեռ անկարգություններով քեմալականությունը փորձում է ռեւանշ վերցնել իսլամականներից:

Ինչպես հայտնի է, 2002-ից երկրում միանձնյա իշխող վարչապետ Էրդողանի իսլամամետ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը զգալի սահմանափակել է բյուրոկրատիայի միջոցով Թուրքիան հետնաբեմից մշտապես կառավարող քեմալականների եւ քեմալականներին վերահսկող առանձնաշնորհյալ խավի արտոնություններն ու գործունեության ոլորտը:

«Սպիտակ թուրք» կոչված այս խավի ներկայացուցիչները, որոնք քաղաքական լծակներից զատ, իրենց ձեռքն էին վերցրել Թուրքիայի ֆինանսատնտեսական լծակները, ներթափանցելով ընդհուպ թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբ, որպես կանոն, սաբաթայական, այսինքնՙ սալոնիկյան ծագումով առերեւույթ իսլամ ընդունած հրեաներ են: Ահա թե ինչու «Գեզի» այգու ցույցերին կայծակնային արագությամբ արձագանքում էին պաշտոնական Վաշինգտոնը, Բեռլինը, Փարիզը, ՄԱԿ-ը, Եվրոմիությունը, Եվրոխորհրդարանը, իսկ աշխարհի առաջնակարգ լրատվամիջոցները ուղիղ եթերում արված ութժամյա հեռարձակումներով միջազգային հնչեղություն էին հաղորդում դրանց եւ խիստ դատապարտում միջազգայնորեն թուրք ոստիկանության բռնությունները:

Հանուն ժողովրդավարության եւ հանդուժողականության թուրք ոստիկանների բռնությունը խստագույնս դատապարտող արեւմտյան տերություններն ու անաչառության ջղաձգումներ անցկացնող աշխարհի առաջնակարգ լրատվամիջոցները սակայն լայնախոհ հանդուժողականություն էին դրսեւորել, երբ չէին բացահայտվում Հրանտ Դինքի սպանության բուն կազմակերպիչները, խոր լռությամբ հետեւել էին, երբ ապրիլի 24-ի օրը բանակում սպանվում էր ժամկետային զինծառայող Սեւակ Շահինը, ողջամտորեն շրջանցել էին, երբ 2012-ի փետրվարի 26-ին նույն Թաքսիմում հարյուրհազարանոց ոհմակը «Բոլորդ հայ եք, բոլորդ վիժվածք» կարգախոսով բռնություն քարոզելուց զատ բռնության թիրախ էր դարձնում թուրքահայությանը եւ մոռացության էին տվել Սամաթիայի դեպքերը, որոնց հետեւանքով թուրք խուժանը կոկորդը դանակով կտրելու միջոցով սպանել էր տարեց հայ կանանցից երկուսին, երկուսը կորցրել էր աչքը, ավելին, հարկ չէին համարել դատապարտելու սպանության, խոշտանգման եւ բռնության այս դեպքերի 2 ամիս ուշացումով, այն էլ Մարդու իրավունքների միության հակազդեցությունից հետո արձագանքող թուրքական ոստիկանությանը:

Եթե Թուրքիայում հայերը վերստին թիրախ դառնան, ապա միջազգային այդ նույն արձագանքին են արժանանալու: Նրանց թիրախ դարձնելու փորձեր արդեն արվում են հենց «Գեզի» զբոսայգում: Ընդ որում անողների թվում են ինչպես ցույցերի կազմակերպիչները, այնպես էլ հակառակորդները: Օրինակ, Ստամբուլի համալսարանի պրոֆ. Ահմեդ Թանը հայտարարել է. «Ըմբռնումով եմ մոտենում ձեր ակտիվ մասնակցությանը «Գեզիի» ցույցերին, եթե դու հրեա եք, հայ կամ հույն: Պարզապես խնդրում եմ, որ ուսումնասիրեք ձեր ցեղը»: Օլիմպիադայի բրոնզե մեդալակիր, ըմբշամարտիկ Ռիզա Քայաալփն էլ համացանցում ամենաայլանդակ, փողոցային հայհոյանքներ է հասցեագրել «Գեզիի» ցույցերի ակտիվիստներին, որ ասպարեզը հայերին են թողել, որոնք անարգում են Թուրքիային, իսկ Հայաստանը հրճվում է ուրախությունից:

Խնդիրը, սակայն, պրոֆեսոր թե մարզիկ, թուրք հրոսակը չէ: Այլ նրա անասնական բնազդի վերաճած հայատյացությունը, ինչով տառապում է նաեւ կիսապաշտոնական «Անադոլու» գործակալությունը: Ահա թե ինչ է գրում. «Որքան էլ ցույցերը նպատակամղված լինեն զբոսայգու պահպանմանը, կործանիչ քայլերի տեղիք են տալիս: Հետաքրքրական է Թուրքիայի եւ արտերկրի հայերի շահագրգռությունը ցույցերով: Ավելի քան հետաքրքրական է այն, որ Թուրքիայում հայերին հարող լրատվամիջոցները անընդհատ մատնացույց են անում «Գեզի» զբոսայգու նախկինում «հին հայկական գերեզմանոց» լինելու հանգամանքը: Սրանց ուզածը զբոսայգու պահպանումը չէ, այլ «հայկական գերեզմանոցի» վերադարձը հայերին»:

Հատկանշական է, որ թուրքահայ որոշ շրջանակներ աջակցում են ցուցարարներին, մոռանալով իսլամականության դեմ ռեւանշի ձգտող քեմալականների հայերի համար աղետաբեր գործունեության եւ թուրք հրոսակի ագրեսիվ նկրտումները ընդդեմ հայերի ուղղելու նպատակամղվածության մասին: Արտերկրում գործող քրդական, ասորական եւ այլ կազմակերպություններն էլ ցույցերը նույնացնում են Թուրքիայի ժողովուրդների ազատության պայքարի, ցուցարարներինՙ ազատագրության զինվորների հետ: Ավելին, նրանք դեռ անզգուշորեն կոչ են անում, որ «Գեզին» վերանվանվի «Հրանտ Դինքի» զբոսայգի, վերականգնվի այնտեղ դեռեւս 1919-ին տեղադրված Մեծ եղեռնի առաջին հուշարձանը եւ Թաքսիմից դեպի «Ակօս» տանող պողոտան կոչվի Դինքի անունով:

Այս ամենը ցանկատեսություն է: Չի իրականանա: Բայց որ հավասարապես կգրգռեն քեմալական ցուցարարներին ու սրանց ոխերիմ հակառակորդներ իսլամականներին թուրքահայության դեմՙ ակնհայտ է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #107, 26-06-2013

AZG Daily #34, 13-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ