RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#105, 2013-06-22 > #106, 2013-06-25 > #107, 2013-06-26 > #108, 2013-06-27 > #109, 2013-06-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #107, 26-06-2013



Մշակույթ

Տեղադրվել է` 2013-06-25 23:27:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 1136, Տպվել է` 22, Ուղարկվել է էլ.փոստով` 16

ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ ՀԱՄԱԶԳԱՅԻՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԺՈՂՈՎԻՆ ՈՒ ՀԱՄԱԽՄԲՄԱՆԸ

ԱՐԵՎԻԿ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Նիւ Եորք

Անցած ամիս Ուոթըրթաունում կայացավ Համազգայինի ԱՄՆ-ի Արեւելյան շրջանի 37-րդ պատգամավորական ժողովը: Նախորդող ժողովներին մասնակցել եմ ... տասնամյակներով, բայց այս մեկը երկար մտածել տվեց: Գուցե որովհետեւ այդ քաղաքը ինձ համար դեռ պարունակում է Մինաս Թոլոլյանի շունչըՙ տարիներին քամահրող ու երբեք չխամրող «ներկայությունը»: Գուցե Գոհար Թոլոլյանի մի՛շտ հմայիչ ոգի՞ն մղեց մտածելու: Գուցե եւ սիրելի, հղկված, բովանդակալից Թաթուլ Սոնենց-Փափազյանի հայտնվե՞լն էր դադարի ընթացքում: Խմբագիր Զավեն Թորիկյանի հետ ցավալիորեն կարճատեւ, բայց արվեստով կայծկլտող զրո՞ւյցը: Ի վերջո, գուցե պարզապես մտածելու ժամանակ ունեցա տուն վերադառնալու երկար ճանապարհին: Մի խոսքով, մտահանգումս այն էր, որ այս ժողովը դրականորեն տարբերվեց նախորդների երկար շարանից:

Շարանի մեջ եղել է, որ զարմացել, զայրացել, ձանձրացել եմ: Ավելի հաճախՙ տխրել եմ, տեսնելով, որ կյանքից հեռացել են մեր փայլուն ընկեր-ընկերուհիներից շատերը, իրենց հետ տանելով վառ անհատականությունների հետ շփվելու ուրախությունս: Ու եղել է, որ լուրջ ու իմաստալից մտքերի կողքին ծիծաղս հազիվ եմ զսպել, լսելով ճամարտակություններ, ճոռո՜մ մենախոսություններ, հագեցած հռետորական հարցումներով ու նաեւ պարզապես շաղակրատանք: Բայց այս ժողովը սիրելի դարձավ հենց նրանով, որ ներկաները մտքեր էին հայտնում, ուղիներ որոնում, համարձակ ծրագրեր առաջարկումՙ պարզ ու մեկին, առանց ճարճատուն ճառերի, թեկուզ եւ երբեմն կաղացող հայերենով: Ճիշտն ասած, ինձ համար ոգեւորիչ էին Հայաստանի Ամերիկյան համալսարանի հետ ստեղծվող էլեկտրոնային կապը, Արեւմտյան Հայաստանի պատմա-մշակութային հուշարձանների նկարագրությունն ու զետեղումը համացանցում, պատանիների համար նախատեսված հայագիտական նյութերով խաղ-մրցույթը: Ա՜յ քեզ բան ... Հրաշալի է, որ շրջանավարտ շրջանային վարչությունը իր գործունեության կողքին հասցրել է նաեւ վերոհիշյալ ու դեռ մի քանի այլ ծրագրերի հիմքը դնել: Է՛լ ավելի հրաշալի է, որ պատկառելի տարիքի հասած մեր միությունը այսպես երիտասարդանում է, համարձակորեն ու համընթաց քայլելով 21-րդ դարի պայմաններին, էլեկտրոնային միջոցները ծառայեցնելով իր բուն նպատակինՙ հայ մշակույթի տարածմանն ու պահպանմանը: Ժողովից արդեն իսկ գոհ վերադարձա հյուրանոց, բայց առջեւում դեռ համերգի վայելքն էր:

Փոխանակ վերջում հետգրության պես (չգիտեմ էլ թե ինչո՞ւ է այդպես ընդունված), այստե՛ղ կուզենայի շնորհակալություն հայտնել կազմակերպիչ հանձնախմբին ու շրջանավարտ շրջանային վարչության անդամներին այս երկօրյա բազմաբնույթ ձեռնարկները կատարելապես կազմակերպելու համար: Պատկերացնում եմ, թե ինչքա՜ն աշխատանք է տարվել համադրելու համար ուրբաթ օրվա հավաքույթը, ժողովի ընթացքը, շաբաթ օրվա համար սրահի նախապատրաստումն ու նրբաճաշակ զարդարանքը, բազմակողմանի հայտագրի ընթացքը, համերգային մասի ծրագրումը եւ ի վերջո հյուրասիրությունը:

Ճիշտ էր ու տեղին, որ «Մայիլյան վոկալ եռյակի» մեծատաղանդ երգչուհիներերը ուրբաթ երեկոյան ներկա էին համախմբման բացմանը, առիթ ընծայելով ներկաներին շփվել հայրենի արվեստագիտուհիների հետ, վաստակված մեծարանքի խոսքեր ասել նրանց: Սրտաբաց տանտերերի հյուրընկալ օջախում էր, որ նույն ազգի ու նույն մշակույթի հավատավորները մեկտեղվեցին: Ի վերջո, «Մայիլյան եռյակի» երգչուհիներնՙ իրենց փայլուն տաղանդով, մեր միութենականներնՙ իրենց ջանքերով ծառայում են նույն նպատակին, այն էՙ ամենուր վառ պահել հայ արվեստը ու այն հասցնել ժողովրդին: Դարձյալ շնորհավորում եմ նրանց, ովքեր հետեւողականորեն պատրաստել էին մրցանակների տվչության կարգը, ընտրել թեկնածուների մեջ լավագույններին, հրավիրել հոգով ու արվեստով լիարժեք ՀԱՅ Էրիք Նազարյանին եւ մասնավորաբար «Մայիլյան» վոկալ եռյակին:

Դե, հայ չենք լինի, եթե դժգոհություն չհայտնենք (կարծեմ, սա ինքնահաստատման դրսեւորում է դարձել), երբեմն նույնիսկ հանուն այդ «ինքնահաստատման» ոմանք պատրաստ են ծուռ հայելու մեջ արտացոլված նկարագրել իրականությունը: Ինչեւէ, ուրեմն ես էլ շտապեմ ազգային պատկանելիությանս գրավականը ներկայացնել. Թովմաս Սամուելյանի ելույթի ինքնակենսագրական մասը հարկ էր կրճատել, քանի որ ամբողջությամբ կրկնվեց ծրագրում տպագրված կենսագրականը: Այլապեսՙ կեցցե՛ք, կազմակերպողներ:

Դահլիճից հեռացանք «Մայիլյան եռյակի» թողած սքանչելի տպավորության տակ եւ ունկնդիրների հոտնկայս ու որոդընդոստ ծափահարություններից ոգեւորված ու հպարտ, որ հայաբնակ բոլոր համայնքների բարբառներով ու լեզուներով խոսող ունկնդիրները նու՛յն հուզախառն ներշնչումն արտահայտեցին հայրենի երաժիշտների հանդեպ:

Վստահ ենք, որ այդ ոգով էլ Համազգայինը կշարունակի իր օգտաշատ գործունեությունն ամենուրեք, միշտ փարած մնալով հայ արվեստին ծառայելու բարձր նպատակին, անտեսելով խոչընդոտներն ու հոռետեսներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #107, 26-06-2013

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ