ԿՐԿԵՍԻ ՄՈԳԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԱՐՑԱԽՈՒՄ ՆԱՐԻՆԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ, Հայաստանի կրկեսային գործիչների միության մամուլի ծառայության ղեկավար Երեւանյան կրկեսի թատերախումբը համերգային շրջագայության կմեկնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Հայրենի կրկեսային արտիստները վառ ներկայացում են նախապատրաստել Արցախի մեր հայրենակիցների համար, որոնց ջերմ հյուրընկալությունը կվայելեն հունիսի 30-ից հուլիսի 6-ը: Մայրաքաղաք Ստեփանակերտում եւ Արցախի տարբեր շրջաններում, ԼՂՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, նախատեսված է երեւանյան կրկեսի 6 ելույթՙ կրկեսային բազմաժանր ծրագրով: «Կրկեսային կոլեկտիվի ներկայացնելիք ծրագիրը մեր հանդիսատեսներին ուրախություն կպարգեւի իր էներգետիկայով եւ կհրավիրի հրապուրիչ ճամփորդություն դեպի իլյուզիաների, էքստրեմալ մարմնամարզության, վիրտուոզ ձեռնածության եւ կլոունադայի հեքիաթային աշխարհ: Մենք առաջին անգամ ենք շրջագայության մեկնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Մանրակրկիտ նախապատրաստվել ենք: Ծրագրում ընդգրկել ենք նաեւ Նաիրա Պետրոսյանի ղեկավարած Լեոնիդ Ենգիբարյանի անվան կրկեսային ստուդիայի դեբյուտանտներին: Ի դեպ, համերգային շրջագայության ընթացքում ունենալիք ելույթների ծրագիրը եւս կազմել է Նաիրա Պետրոսյանը»,- նշում է կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը : Այս շրջագայության ընթացքում կրկեսային կոլեկտիվը ելույթներ կունենա նաեւ ԼՂՀ զորամասերում: Այդ ծրագիրն իրականացվելու է Հայաստանի ՊՆ նախաձեռնությամբ: Ամռան ընթացքում, արցախյան շրջագայությունից հետո, մեր կրկեսային արտիստները կշարունակեն Հայաստանի մարզերում արտագնա ներկայացումներով հանդես գալու ծրագիրը: Հիշեցնենք, որ մինչ այժմ երեւանյան կրկեսը ներկայացումներով հանդես է եկել Լոռու եւ Տավուշի մարզերում տեղակայված զորամասերում: Տեղեկանքի կարգով . Մոտ օրերս Երեւանում դրվելու է կրկեսի նոր շենքի հիմքը: Կրկեսի նոր շենքն, ինչպես հայտնի է, կառուցվելու է նախկինի տեղում: Նախատեսվում է կրկեսի նոր շենքը շահագործման հանձնել 2014 թվականի վերջին: Նոր շենքի վերջնական նախագիծը, որը պատրաստել է ճարտարապետ Վահագն Վերմիշյանը, հաստատվել է օրերս: Կրկեսի նոր շենքը կրկնելու է հնի արտաքին տեսքի ճարտարապետական որոշ տարրեր: Իսկ շենքը լիովին համապատասխանելու է նման կառույցների համար սահմանված միջազգային բոլոր չափանիշներին, նախկինում եղած 1560-ի փոխարեն ունենալու է 2000 հանդիսատեսի համար նախատեսված նստատեղ, բացի դրանիցՙ 3 փոխարկվող մանեժ է ունենալու: Բուն շենքը մոտ 6 մետր ավելի բարձր է լինելու եւ հագեցած է լինելու ժամանակակից բեմական տեխնիկայով: Հիշեցնենք, որ Երեւանի կրկեսի շենքը որոշվեց քանդել, երբ փորձագետները հանգեցին եզրակացության, որ աննպատակահարմար է վերակառուցել եղած հին շինությունը: |