RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Հոգու խոհանոցը

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#106, 2013-06-25 > #107, 2013-06-26 > #108, 2013-06-27 > #109, 2013-06-28 > #110, 2013-06-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #108, 27-06-2013



Տեղադրվել է` 2013-06-26 23:12:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 1181, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 17

ԿԱՄ ՀԱԽՈՒՌՆ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ, ԿԱՄ ՀԻԱՑՄՈՒՆՔՈՎ ԳՈՎԵԼ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Առիթ եղել է ու մի քանի անգամ ասել ենք, որ Հայաստանի քաղաքական ուժերը չեն կարողանում խնդիրներ դնել ու դրանց լուծումներն առաջադրել մասնագիտորեն ու փաստարկված, այլ քարշ են գալիս խնդիրների հետեւից, տարերայնորեն եւ ուշացած արձագանքում դրանց: Այսինքն` նրանք իրականում իրենց վերապահված առաջնորդողի, գեներացնողի դերը չեն կատարում, այլ դառնում են միայն ավազե պարկեր` այսուայն առիթով ծագած տարերքի դեմն առնելու համար: Վերջին օրինակը կառավարություն- ՎՊ-Ազգային ժողով առճակատումն էր, որտեղ քաղաքական ուժերը նախ հետ ընկան գծված սխեմաներից այն պատճառով, որ ուշ հասկացան տեղի ունեցողը, իսկ հետո էլ կամա-ակամա ձգեցին-երկարացրին լարումը, այդպիսով դեֆորմացնելով բուն հարցը եւ խժդժությանը նպաստելով: Դա առավելապես վերաբերում է իշխող քաղաքական ուժերին, որովհետեւ ընդդիմադիրներն անկախ իրենցից էին հայտնվել այս անգամ բուն իրենց դերի մեջ, ու անգամ չկարողացան էլ նպատակային օգտվել հարմար առիթից: Ու հիմա նոր ուժով դուրս սպրդած իշխանության ներսի հակասությունների վերջը չի երեւում:

Մերոնք գլխավորը եւ երկրորդականը չեն կարողանում դասդասել` գլխավոր թեմաները չդարձնելով քննարկման առարկա եւ չփորձելով օպտիմալ տարբերակներ առաջարկել հայերիս համար կարեւոր խնդիրների լուծման առումով:

Ասենք` ինչպե՞ս հանգուցալուծել Եվրասիական միությանն անդամակցելու հետ կապված ճնշումներին դիմակայելու բարդ խնդիրը, կամ ի՞նչ միջոցներով ռուսական կողմից ստացվող ազդակները բալանսավորել աշնանը Եվրոմիության հետ նախաստորագրվելիք Ասոցացման պայմանագրի հետ, ի՞նչ գործիքներ բանեցնել դրա համար: Չէ, մերոնք խորհուրդ տվող չեն, նրանք կարող են կամ հախուռն դատապարտել կամ հիացմունքով գովել: Ընդդիմադիրներն ասում են` իշխանությունները դավաճան են, զիջում են մեր ինքնիշխանությունը, ծախում են մեր ունեցածը ռուսներին, կամ` եվրոպական այլասերվածության են տանում մեզ (անգամ չխորանալով, որ Ասոցացման պայմանագրով եվրոպական ազատ շուկա մտնելու հնարավորությունն է ապահովվում): Իշխանականները պարզապես կոշտուկոպիտ պաշտպանում են իշխանությանը` ոչ մի կարգին արգումենտ չմեջբերելով եւ քաղաքական մտահոգությունը չտարանջատելով կառավարման պրագմատիզմից: Կարծես սպասում են` ե՞րբ գործադիրը այս կամ այն պայմանագիրը կկնքի, որ իրենք գործ ունենան` այդ պայմանագրերի դավաճանական, ծախու կողմերի մասին փրփրեն կամ գովերգեն դրա տնտեսական եւ սոցիալական էֆեկտը: Իսկ թե մինչ այդ իրականում Հայաստանին երկու տարբերակով ի՞նչ օգտակար ու վնասակար բաներ են սպասվում` մեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներից ոչ մեկն ի վիճակի չէ մանրամասն բացատրել: Արդյոք նրանի՞ց է, որ քաղաքական կուսակցություններում պրոֆեսիոնալ, համակողմանի մասնագետների պակաս կա, ու դրանք լցված են պարզապես թայֆի տղերքով` միգուցե:

Բոլոր դեպքերում քաղաքական ուժերն ավելի մեծ լուֆթ ունեն մտահոգություններ բարձրացնելու, քան գործադիրը, ու այդ մտահոգությունները երկրի ղեկավարները դեմ կտան դրսի դեմ տվողներին:

Որոնք էլ լինեն պատճառները` մեր կուսակցությունները պետության համար դարակազմիկ որոշումների համար ի վերջո պատասխանատվություն ստանձնել եւ ավարտուն տեսակետ առաջ մղել ի վիճակի չեն: Նրանք սպասում են գործադիրի կամ երկրի ղեկավարի գործողություններին` հետո մի բան ասելու կամ անելու համար: Վերջերս էլ շատ վտանգավոր մի միտք սկսեց շրջանառվել, թե կարելի է հանրաքվեի միջոցով որոշել այս կամ այն անդամակցության հարց: Եվ կամ` «Գելապ» են խաղացնում, թե Հայաստանի բնակչության 60 տոկոսից ավելին կողմ է Եվրասիական միությանը (էն էլ` Եվրասիական զարգացման բանկի պատվերով հարցմամբ): Լավ, ընտրություններով հարց որոշել չկարողացող ժողովրդի հետ հանրաքվե անցկացնելու խաղե՞րն են մնացել, կամ ո՞վ չգիտի, թե ինչպե՞ս կարող են անցկացվել հանրաքվեն կամ սոցիոլոգիական հարցումները: Սա մի կողմից պատասխանատվությունը հեռացնելու միջոց է, մյուս կողմից` կուսակցությունների հստակ դիրքորոշումների բացակայության արդյունք վերը նշված երկու հարցի վերաբերյալ:

Կամ` մեր կուսակցականները երբեք չեն ասում` այ Հեֆերն, այ ֆլան-այ ֆստան, մեր տնտեսության կամ պետական նշանակության հարցերի վերաբերյալ ինչո՞ւ եք տարատեսակ հայտարարություններ անում, մեզ հարցրե՞լ եք...

Հիշեցնենք, որ ՌԴ կողմից Ադրբեջանին շուրջ 1 միլիարդ դոլարի ցամաքային սպառազինություն մատակարարելու կապակցությամբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտել էր, որ Ռուսաստանն Ադրբեջանին զենք է վաճառում, քանի որ դա բիզնես է, եւ Ռուսաստանը նույնկերպ զենք է վաճառում տասնյակ այլ երկրների, այդ թվումՙ նաեւ ոչ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամների:

Արդյո՞ք Հայաստանի համար կարեւոր որոշումների ճարտարապետը միայն նախագահն է, որ բոլորը միայն նրա կարծիքին են սպասում ամեն հարցում: Այդպիսի մեծ պատասխանատվություն հենց ինքը` նախագահը չէր ուզենա, քանի որ որեւէ երկրի նախագահ ներկայացնում է իր երկրի ժողովրդի կարծիքը, իսկ ժողովրդի կարծիքն արտահայտողներ են պետք:

Հենց թեկուզ երեկվա օրինակը, երբ ՀԱՊԿ քլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Երեւանում հայտարարություն արեց, թե Ադրբեջանին զենք վաճառելով Ռուսաստանը չի անտեսում տարածաշրջանում ուժերի հավասարակշռության պարագան: Ու նրան մի քանի, ընդ որում` ընդդիմադիր ու իշխանական կուսակցություններից գոնե ԶԼՄ-ներով չպատասխանեցին, թե զենք վաճառելը հավասարկշռությո՞ւն է, կամ ռազմավարական գործընկերն այդպե՞ս է հավասարակշռություն ստեղծում, թե չէ` 1 մլրդը որ բիզնես է` գիտենք: Մի բան ասեիք` ո՞վ պետք է պետությունը ներկայացնողների թիկունքը պահի:

Ու պաշտպանության նախարարն է միայն, որ ի պաշտոնե մտահոգվում է (ՀԱՊԿ երկրորդ ռազմավարական-քաղաքական ֆորումին) Ադրբեջանի սպառազինությամբ` բալանսի խախտման վերահսկելիությունը նաեւ ուղելով ռազմավարական գործընկերոջը, ով համ պետք է զենք վաճառի տարածաշրջանի երկրներին, համ էլ վերահսկի, որ նրանք այդ միջոցները չօգտագործեն, իսկ Հայաստանն էլ ստիպված է ավելի ու ավելի որակական շեշտադրումներ անել իր սպառազինության մեջ:

Էս մասին բա խոսեք, սպասում եք ինչին որ...

Լավ է դեռ մի երկու կենտ կարծիք կային, այնուամենայնիվ, «Ժառանգության» Թեւան Պողոսյան էր զգուշացնում. Ցանկացած երկիր, որը Ադրբեջանին զինտեխնիկա կվաճառի, պետք է հասկանա, որ նպաստում է նրան, որ տարածաշրջանում ստեղծվում է «սառը պատերազմի» նման իրավիճակ, ինչի արդյունքում տարածաշրջանում ոչ թե ավելի քիչ, այլ ավելի շատ սպառազինություն է լինում»: Ու «Ազատ դեմոկրատներն» էին հայտարարել, թե հարձակողական նշանակություն ունեցող ցամաքային սպառազինությունների մատակարարումը փաստացիորեն անտեսում է Ադրբեջանի իշխանությունների կողմից ԼՂ հիմնահարցը ռազմական ճանապարհով լուծելու` բազմիցս հայտարարված պատրաստակամությունը եւ ավելի հավանական դարձնում ՀԱՊԿ-ի հիմնադիր անդամ հանդիսացող ՀՀ-ի հանդեպ ռազմական ագրեսիան` ՀԱՊԿ-ի մեկ այլ անդամ Ռուսաստանի տրամադրած զինտեխնիկայի հնարավոր կիրառման հաշվին»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #108, 27-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ