RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#107, 2013-06-26 > #108, 2013-06-27 > #109, 2013-06-28 > #110, 2013-06-29 > #111, 2013-07-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #109, 28-06-2013



Տեղադրվել է` 2013-06-28 09:20:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 1141, Տպվել է` 29, Ուղարկվել է էլ.փոստով` 28

ՆԻԿՈԼԱՅ ԲՈՐԴՅՈՒԺԱ. ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՒՄՙ ՄԻԱՅՆ ԽԱՂԱՂ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Ղարաբաղյան հիմնախնդրի ռազմական լուծում գոյություն չունի, կարծում եմՙ միայն խաղաղ բանակցային գործընթացը կարող է կարգավորել այս բավականին բարդ ու երկարատեւ հակամարտությունը: Եվ կարգավորման այլ տարբերակներ լինել չեն կարող»: Սա ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի տեսակետն է, որ երեկ հնչեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ տված համատեղ ասուլիսի ժամանակ: Ըստ Բորդյուժայիՙ կովկասյան իրողությունները վառ ապացույց են, որ շատ հեշտ է հրահրել հակամարտությունը, ուժի կիրառման մասին որոշում կայացնել, սակայն շատ բարդ է հետո վերադառնալ խաղաղ ընթացքի:

«Ցավոք, 90-ականներին բոլորս, այդ թվում եւ ես, դրա ականատեսը եղանք, երբ հետխորհրդային տարածքում հակամարտությունները մարդկային մեծ զոհերի բերեցին: Եվ մենք տեսանք, թե ինչքան բարդ է հետո խաղաղության հաստատումը տարածաշրջանում, այնպես որ, կարծում եմ, որոշ քաղաքական գործիչներ ուղղակի մոռացել են այդ ցավալի փորձը, եւ նրանց հարկավոր է հիշել, թե ի՞նչ է եղել 90-ականներին, եւ դրանով սառեցնել կրքերը», հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: Բորդյուժան հավաստիացրեց, որ ՀԱՊԿ-ը հետեւում է գործընթացին, եւ տիրապետում է իրավիճակին, բայց կարգավորմանը վերաբերող հարցերով զբաղվում է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խումբը: «Ես դեմ եմ, որ ով էլ լինի, այդ թվում եւ ՀԱՊԿ-ը, խառնվի այդ գործընթացին եւ ինչ-որ նոր գործիքներ ավելացվեն դրանում: Դա հակաարդյունավետ է», ասաց Բորդյուժանՙ այս կերպ պատասխանելով երկու օր առաջ Բաքվում ռազմական շքերթի ժամանակ Ալիեւի արած հայտարարություններին, թե պատերազմը չի ավարտվել, ավարտվել է դրա առաջին փուլը:

Ալիեւը նաեւ ասել էր, թե իրենք ի վիճակի են ղարաբաղյան հարցը լուծել նաեւ ռազմական ճանապարհով, սակայն տարածաշրջանի կայունությունը չխաթարելու համար իրենք առայժմ նախընտրում են խնդրի կարգավորման բանակցային ուղին:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը շեշտեց, որ մեր երկիրն իր տրամադրության տակ բավարար ռազմական տեխնիկա ունիՙ հակադարձելու հակառակորդի ոտնձգությանը:

«ՀՀ ԶՈՒ-ն համալրվում է նորագույն սպառազինություններով եւ ռազմական տեխնիկայով, որոնք որակական հատկանիշներով գերազանցում են ադրբեջանական սպառազինություններին: Հակառակորդի ամեն մի սպառազինության նոր մատակարարում իր մեջ, իհարկե մտահոգության էլեմենտներ պարունակում է, բայց խնդիրը մշտապես գտնվում է մեր ուշադրության կենտրոնում», ասաց Բաղդասարյանըՙ հավելելով, որ բարձր մակարդակի վրա է հայ-ռուսական ռազմավարական գործակցությունը, զենքի ռազմական տեխնիկայի մատակարարման գործընթացներն էլ շարունակվում են:

«Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը մտահոգում է Հայաստանին, սակայն մտահոգություններին զուգահեռ հավասարակշռությունը չի խախտվում, քանի որ Հայաստանն էլ է զենք ստանում»: Սա էլ ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի տեսակետն է: Պերճախոս սուտ որակելով Ալիեւի հայտարարություններն այն մասին, որ ամեն պահի, ամեն ճանապարհով երկրի տարածքային ամբողջականությունը կվերականգնվի եւ Ղարաբաղում դարձյալ ադրբեջանական դրոշ կծածանվի, Քոչարյանը խոստովանեց, որ զարմանում է, թե Ալիեւն ինչպե՞ս չի հոգնում ամեն օր նույն խոսքերը կրկնելուց: «Նման բաներ հայտարարում է մի երկիր, որը պարտություն կրելուց հետո լացուկոծ էր դնում ամենուրեք: Եթե, իրոք, նա պատրաստ է այդպիսի քայլի գնալու, ամեն օր դրա մասին չի հայտարարի, այդ հայտարարությունն առաջին հերթին ուղղված է ներքին լսարանին, որովհետեւ արտաքին թշնամու կերպարն անընդհատ պահելը փոխանցում է ժառանգական ավտորիտար ռեժիմը»: Քոչարյանի մեկնաբանությամբՙ բանակցային գործընթացը երկու նպատակ է հետապնդում: «Եթե համանախագահները մի կողմից փորձում են նպաստել, որ կողմերը գան համաձայնության, բայց չեն գալիս, որովհետեւ բոլորի համար ակնհայտ է, որ դա Ադրբեջանի պատճառով է: Մյուս կողմիցՙ Ադրբեջանը երկընտրանքի առջեւ է, քանի որ այսպիսի պնդաճակատ քաղաքականությամբ, առկա ստատուս քվոյի պայմաններում ինքն է խթանելու Ղարաբաղի միջազգային ճանաչումը: Երկրորդ կարեւոր առաքելությունն այն է, որ 3 համանախագահները ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում մշտական անդամներ ունեն, եւ օր չկա, որ հայտարարություն չլինի միայն խաղաղ կարգավորման մասին, վերջինը եղավ G8-ի ժամանակ, նրանց առաքելությունը կայանում է նրանում, որ այդ փխրուն զինադադարը կնքվել է 1994-ին, նորից չվերածվի ռազմական գործողությունների, եւ մենք պետք է ընդունենք, որ այդ առաքելությունը եւս կատարվում է եռանախագահների եւ Անջեյ Կասպրչիկի կողմից, որոնք մշտադիտարկումներ են անցկացնում»:

Ըստ Քոչարյանիՙ հենց սրանք են պատճառները, որ Ադրբեջանն անընդհատ փորձում է ազատվել համանախագահների ձեւաչափից կամ էլ առնվազն լղոզել, ինչպես նաեւ հարցը փորձել տանել այլ ատյաններ, որովհետեւ դա իր համար զսպաշապիկ է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #109, 28-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ