RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#107, 2013-06-26 > #108, 2013-06-27 > #109, 2013-06-28 > #110, 2013-06-29 > #111, 2013-07-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #109, 28-06-2013



Տեղադրվել է` 2013-06-28 09:20:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 1496, Տպվել է` 38, Ուղարկվել է էլ.փոստով` 30

ԳԼԽԱՎՈՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԻ ԴԵՄ ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎՈՒՄ

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի քննչական վարչության կենտրոնականի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի դեմՙ պաշտոնական լիազորությունների չարաշահման մեղադրանքով: Նարեկ Սարգսյանի դեմ գլխավոր դատախազություն դիմում է ներկայացրել «Թրանսփերենսի ինթերնեյշընըլ» հասարակական կազմակերպությունըՙ Երեւանի կենտրոնի կառուցապատման եւ դրա հետեւանքով պատմամշակութային հուշարձանների ոչնչացման գործընթացում Երեւանի գլխավոր ճարտարապետի անմիջական ներգրավվածության պարագայում շահերի բախման եւ նրա կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ իշխանազանցության դեպքերը բացահայտելու նպատակով:

Կազմակերպության ներկայացրած հայտարարության համաձայնՙ Սարգսյանի պաշտոնավարության օրոք (1999-2004 եւ 2011-ից մինչեւ օրս) նրա անմիջական մասնակցությամբ սկիզբ է դրվել Երեւանի կենտրոնի խոշորածավալ կառուցապատմանը, որի շինարարական-նախագծային աշխատանքներում ներգրավված է նրան պատկանող «Նարեկ Սարգսյան ճարտարապետական արվեստանոց» ՍՊԸ-ն: Նշված ընկերությունն է նախագծել նաեւ Աբովյան փողոցի 3 հասցեում գտնվող այսպես կոչված ԱՕԿՍ-ի շենքի եւ դրան հարակից տարածքում կառուցվելիք հյուրանոցային համալիրը, ինչը նշանակում է, որ քանդման վտանգի տակ են հիշյալ շենքը եւ դրան հարակից տարածքը, որոնք ՀՀ կառավարության որոշմամբ համարվում են հանրապետական նշանակության հուշարձաններ: «Հարկ է նկատել, որ գլխավոր դատախազությունը 2005-ին հայտնաբերել է Երեւանում հուշարձանների ոչնչացման փաստերը, սակայն մինչ օրս որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, մինչդեռ, ըստ օրենքի, պետք է պատասխանատվության ենթարկվեն պատմության եւ մշակույթի հուշարձանները ոչնչացնելու կամ վնասելու համար»:

Ըստ նշված դիմումի, 2008-2011թթ. Սարգսյանը համատեղել է իր պաշտոնն ու բիզնեսը: «Երեւանի գլխավոր ճարտարապետը հանրային ծառայող է, իսկ համաձայն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածիՙ «Հանրային ծառայողը եւ բարձրաստիճան պաշտոնատար անձը չեն կարող անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Վերոնշյալ փաստերի պարագայում ողջամիտ կասկածներ են ծագել Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի կողմից հովանավորչության դրսեւորման եւ պաշտոնի հնարավոր չարաշահումների վերաբերյալ», ասված է կազմակերպության հաղորդագրության մեջ:

Նարեկ Սարգսյանի հանրային կապերի գծով պատասխանատու Անահիտ Եսայանի մեկնաբանությամբՙ «Ցանկացած երկրի գլխավոր ճարտարապետ, Հայաստանում թե այլուր, ստեղծագործական աշխատանքով զբաղվելու իրավունք ունի»: Եսայանի փոխանցմամբՙ Սարգսյանի հեղինակած նախագծերի հիմնական մասը մշակվել է այն տարիներին, երբ նա որեւէ պաշտոն չի զբաղեցրել: «Նարեկ Սարգսյան ճարտարապետական արվեստանոցն» էլ հիմնադրվել է 2004-ին:

«Նա որեւէ բիզնեսի մեջ ներգրավված չէ եւ իր ապրուստը վաստակում է բացառապես իր մասնագիտությամբ, այն էՙ ճարտարապետական նախագծումով», ասել է Եսայանըՙ հավելելով, որ Նարեկ Սարգսյանն առաջինն է շահագրգռված, որ անաչառ քննությամբ պարզվի իրականությունը, եւ լույս սփռվի, թե տարիներ շարունակ ճարտարապետի դեմ ուղղված զրպարտությունների ու բանսարկությունների հեղինակներն ինչ նպատակներ են հետապնդում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #109, 28-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ