RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#107, 2013-06-26 > #108, 2013-06-27 > #109, 2013-06-28 > #110, 2013-06-29 > #111, 2013-07-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #109, 28-06-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-06-28 09:20:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 1136, Տպվել է` 33, Ուղարկվել է էլ.փոստով` 24

ՄԼԱԿՆԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ, ԻՍԿ ՕՁԵՐԸ` ՈՉ

Ի. Պ.

Եթե Երեւանը դիտարկում ենք որպես կենդանի օրգանիզմ, ապա ինչպես մյուս կենդանի օրգանիզմները, Երեւանն էլ անընդհատ փոփոխությունների է ենթարկվում: Երեւանում փոփոխությունները նկատելի են նաեւ կենսաբազմազանության մեջ, եւ կենսաբազմազանության փոփոխության պատճառներից մեկը բուռն շինարարությունն է: Շինարարության հետեւանքով է նաեւ, որ մայրաքաղաքում օձեր ավելի շատ են երեւում: Բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության բնության հատուկ պահպանող տարածքների կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը բացատրում է, որ ոչ թե օձերի քանակն է ավելացել, այլ` մարդկանց ու օձերի հանդիպումները: Եթե տվյալ վայրում շինարարություն է ընթանում, ապա օձերը կորցնում են իրենց բնական միջավայրը, հետեւաբար փոխում են միջավայրը, քանի որ շինարարությունը զբաղեցրել է իրենց բնական էկոհամակարգը: Այնուամենայնիվ, օձերը, ըստ մասնագետի, մեծ միգրացիաներ չեն կատարում:

Արամ Աղասյանի փոխանցմամբ` Երեւանի տարածքում հանդիպող թունավոր միակ օձը գյուրզան է: Գյուրզա կա մասնավորապես Հրազդանի կիրճում, հեռուստաաշտարակի մոտ եւ էլի մի քանի տեղերում: Իսկ ընդհանուր առմամբ` Երեւանում կան 15 տեսակի օձեր, որոնցից, ինչպես նշեցինք, միայն մեկն է թունավոր, սակայն օձերին չտարբերող մարդկանց համար բոլոր օձերն էլ վտանգավոր են թվում: Մասնագետն ասում է` օձ տեսնելիս պարզապես պետք է հեռանալ. օձը երբեք նախահարձակ չի լինում, հակառակը` ինքն է մարդկանցից խույս տալիս:

ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի կենտրոնի գիտաշխատող Սիլվա Ադամյանը ասում է, որ մայրաքաղաքում այս մասշտաբով ընթացող շինարարությունը Երեւանը կդարձնի կիսաանապատային գոտի: Սակայն Արամ Աղասյանը երեկվա ասուլիսի ժամանակ չհամաձայնեց նրա հետ` ասելով. «Ծիծաղելի ենթադրություն է, թե Երեւանը կդառնա կիսաանապատային գոտի»: Սակայն Սիլվա Ադամյանի պնդմամբ` դեռ 1930-ականներից ստեղծվել են Երեւանի կանաչ գոտիները, որպեսզի պաշտպանեն կենսաբազմազանությունը եւ քաղաքն անապատային քամիներից: Քաղաքաշինության հետեւանքն է նաեւ, որ Երեւանում ավելացել են մլակները: Սիլվա Ադամյանն ասում է, որ նորակառույց շենքերում ու շինություններում չկան խորշիկներ մանգաղաթեւերի բնադրման համար, այնինչ մանգաղաթեւերի առկայությունը քաղաքում անհրաժեշտ է, քանի որ սրանք ծիծեռնակների նման թռչուններ են եւ օդում բռնում են մլակներ ու թռչող միջատներ: Իսկ ծիծեռնակների վերաբերյալ տիկին Ադամյանը նշում է, որ դրանք քաղաքամերձ թռչուններ են, ոչ թե քաղաքաբնակ, ինչպես մանգաղաթեւերը:

Երեւանում ավելացել են նաեւ աղբակեր թռչնատեսակները, ինչպիսին են, օրինակ, ագռավները, որոնք սնվում են աղբով, առնետներով: «Ու հիմա ամեն քայլափոխի կարելի է տեսնել աղբակեր թռչունների», ավելացրեց տիկին Ադամյանը, ըստ որիՙ եվրոպական քաղաքներում արվում են շենքերի ու շինությունների հատուկ նախագծեր, որտեղ հաշվարկում են նաեւ թռչունների բնադրավայրերը: Սակայն Արամ Աղասյանը սա էլ չընդունեց, այս անգամ ասելով. «Հեքիաթներ մի պատմեք»:

Սիլվա Ադամյանի բացատրությունները մլակների ավելացման մասին հանգեցնում են այն փաստին, որ Երեւանում կենսաբազմազանությունը խախտվել է, եւ դրա պատճառներից մեկն աննորմալ քաղաքաշինությունն է, որը պետք է կասեցնել, քանի որ քաղաքաշինության այս գործընթացն իր ճանապարհին չի խնայում ոչ մի ծառ ու թուփ:

Սիլվա Ադամյանը մեջբերում է տվյալներ, որոնց համաձայն մինչեւ 1980-ականների վերջերը Երեւանի տարածքում ապրում էր շուրջ 158 տեսակի թռչուն, իսկ վերջին տարիներին դրանց թիվը կազմում է 135: Կրճատվել է նաեւ թիվն այն թռչունների, որոնք սնվում են միջատներով, որովհետեւ Երեւանում տարեցտարի կրճատվում են անտառային գոտիները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #109, 28-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ