RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#107, 2013-06-26 > #108, 2013-06-27 > #109, 2013-06-28 > #110, 2013-06-29 > #111, 2013-07-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #109, 28-06-2013



Մշակույթ

Տեղադրվել է` 2013-06-28 09:20:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 1274, Տպվել է` 34, Ուղարկվել է էլ.փոստով` 24

«ԱՐՏՎԱԼԵՆ»ՙ ՎԱՐՈՒԺԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 65-ԱՄՅԱԿԻՆ

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Արդի գեղանկարչության եւ առհասարակ մեր արվեստային միջավայրում, անկասկած, Վարուժան Վարդանյանը առանձնանում է, եւ չէր էլ կարող այդպես չլինել, նախՙ որովհետեւ անհատական ընդգծված խառնվածքի տեր անձնավորություն էր, ակտիվ նկարագրով, արտահայտված ոչ միայն արվեստի մեջ, այլեւ կյանքի հանդեպ իր կեցվածքով: Կիսաբոհեմիկ, ինչ-որ տեղ հարձակողական կամ, ինչպես ինքն էր ասում, հեղափոխական, բայց արտիստիկ այս կեցվածքը իր տարաշերտ, տարիմաստ նկարչության մեջ շատ բացորոշ է:

Արվեստագետի, նկարչի ներքին վիճակները իր վրձնի, կտավի քսվածքի մեջ են, գույնի թանձրացումների, պատկերի խոհականության, որ երեւույթների խորքում դրամատիկ երանգ էր միշտ տեսնում: Կյանքի վերջին տարիներին, երբ սովորաբար ավելի սրվում են զգացողությունները, ինքը այսպիսի արտահայտություն է արել. «Շատ եմ սիրում կյանքը, հատկապես հիմա, բայց ինքնասպանությունն էլ ուղեկցում է տաղանդինՙ ստվերի նման»: Իրեն բնորոշ կյանքի ստվերոտ կողմի վերարտահայտումները ստեղծագործական վերջին շրջանում առավել խտացած դրսեւորումներ ունեցան, եւ դրանք տրամաբանական շարունակությունն էին նախընթաց փուլերի: Սրա վկայությունը 2001-իՙ «Խաչելություն» խորագրով ցուցահանդեսն էր, որտեղ խաչի վրա զոհաբերությունը սիրո ու մաքրագործման խորհուրդն էր կրում: «Երբ մարդը փորձությունների միջով անցնում է, մաքրվում է, ես փորձությունների միջով անցա եւ հետո սկսեցի ավելի լավ նկարել», ասել է նա:

Վարուժան Վարդանյանի արվեստը ինչ-որ տեղ հոգեհարազատ են համարում Մինաս Ավետիսյանինՙ ներքին կուտակված խոհի, դրամատիզմի առումով թերեւս: Մինասի գունային թրթռացումներըՙ վառ փայլատակումների մեջ կտավին, սակայն, հաղորդում են կյանքի տառապանքից, ծանրությունից վեր բարձրացող եւ ոգեղեն լույսը կրող անհատին: Վարուժան Վարդանյանի արվեստի գունային միջավայրը պահում է կյանքի սլաքը ներքին ոլորտներումՙ տառապանքի ու դառնության, երբեմն անելանելի բախումների հորձանուտներում:

Նկարիչը երկրային այս կյանքը կարճ ապրեցՙ ընդամենը 62 տարեկան էր, հեռացավ 2010-ի հունիսի 17-ին, իսկ ահա այս հունիսի 22-ին լրացավ նրա ծննդյան 65-ամյակը:

Երեւանի Փ. Բուզանդի փողոցի 53/55 հասցեում մեկ տարի արդեն գործում է «ԱրտՎալե» կոչվող մասնավոր պատկերասրահը, որն այս ընթացքում մշտապես ցուցադրություններ ունեցել էՙ նախապատվությունը տալով հայ դասական գեղանկարչությանը, ներկայացնելով ինչպես սեփական, այնպես էլ մասնավոր այլ հավաքորդների էքսպոզիցիաներ: Հիմնադիր տնօրենըՙ Արթուր Սարգսյանը իր եւ ընտանիքիՙ նկարչության հանդեպ սերը ավելի գործնական հարթության վրա է դրել, կնոջ հետ ստեղծելով նման մի պատկերասրահ: Ինչպես ինքն է ասում, իր հավաքածուիՙ որ հիրավի լավագույն հայ նկարիչների գործեր է ընդգրկում (Արսեն Շաբանյան, Էդգար Շահին, Մինաս Ավետիսյան, Մարտիրոս Սարյան, Գայանե Խաչատուրյան, Գառզու, Հակոբ Հակոբյան, Հարություն Կալենց, Հակոբ Կոջոյան, Հովհաննես Զարդարյան, Մարիամ Ասլամազյան եւ ուրիշներ), մի զգալի մաս կազմում են Վարուժան Վարդանյանի աշխատանքներըՙ ձեռք բերված տարբեր տարիներին:

Ասում էՙ «Սիրում եմ Վարուժան Վարդանյանին եւ նրա արվեստը, քաղաքի լավ տղերքից էր: Նայիր, տեսՙ այս նկարը ինչով է տարբերվում Մինասից»: Մոտենում ու ցույց է տալիս կտավի քսվածքի առանձնահատկությունն ու աշխատանքի մանրակրկիտությունը: «Նկարներ կան, որ ինչքան էլ բարձր գին տրվի, վաճառքի ենթակա չեն», եւ դարձյալ մատնանշում է դիմացի պատի նկարներից մեկը: Իսկ մեկ ուրիշը, ասում է, գիշերը 12-ն անց էր, գտա այդ մարդուն ու գնեցի: Իր պատկերասրահիՙ չնայած այնտեղ մշտապես եղած ցուցադրություններին, հանրային, պաշտոնական առաջին ցուցահանդեսը կայացավ հունիսի 25-ին, որը նվիրված էր Վարուժան Վարդանյանի ծննդյան 65-ամյակին եւ մահվան 3-րդ տարելիցին:

Էքսպոզիցիան ներառում է Ա. Սարգսյանի սեփական հավաքածուի նկարները, բացառյալ երկուսի, ներկայացված են Վարուժան Վարդանյանի ինչպես գրաֆիկական, այնպես էլ գեղանկարչական 27 աշխատանք:

Մշակույթի նման օջախների գոյությունը միշտ եւ մանավանդ ներկա օրերում թթվածնային անհրաժեշտության պես է, ոչ միայն մտավորական շրջանակների, այլեւ ընդհանրապես հանրության համար: Միայն թե դրա գիտակցությունը հասունացնել է պետք, որի ճանապարհները վաղուց հայտնի են:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #109, 28-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ