RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#109, 2013-06-28 > #110, 2013-06-29 > #111, 2013-07-02 > #112, 2013-07-03 > #113, 2013-07-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #111, 02-07-2013



Տեղադրվել է` 2013-07-02 00:07:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 995, Տպվել է` 27, Ուղարկվել է էլ.փոստով` 15

«ԳԵԶԻԻ» ԴԵՊՔԵՐԸ ՔՐԴԱԿԱՆ ՀԱՐՑԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱ՞ՑՆ ԵՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Թե՞ կանխարգելման պատեհ առիթ են Էրդողանի կառավարության համար

Ստամբուլի Թաքսիմ հրապարակի «Գեզի» զբոսայգու դեպքերը սկսել էին մայիսի 28-ին, ընդ որումՙ որպես բնապահպանական շարժում: Այնուհետեւ դրանք վերածվեցին զանգվածային ընդվզման ընդդեմ վարչապետ Էրդողանի իսլամամետ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության միանձնյա իշխանությանը Թուրքիայում, որն արդեն ավելի քան 10 տարվա վաղեմություն ունի:

Արեւմուտքի մայրաքաղաքների, միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կայծակնային արձագանքը «Գեզիի» դեպքերին հիմք էր տվել մեզ ենթադրելու, որ արձագանքողների նպատակը վարչապետ Էրդողանին «կարգի հրավիրելն» է: Դրա կարիքը Արեւմուտքի տեսանկյունից թերեւս զգացվում էր Թուրքիայում իսլամամետ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության 10-ամյա իշխանությամբ, ինչպես նաեւ վարչապետ Էրդողանի հարաճուն ժողովրդականությամբ:

Որքան էլ Էրդողանի կուսակցությունը ներկայացնի չափավոր իսլամը, այնուամենայնիվ նրա իշխանությունը երկրում ոգեւորում է իսլամ արմատականներին: Միամտություն կլինի մտածել, որ Արեւմուտքում չեն հաշվարկել դրա հավանականությունը: Քանի որ ի սկզբանե Արեւմուտքն աջակցել է ինչպես Էրդողանին, այնպես էլ նրա կուսակցությանը, կնշանակիՙ Էրդողանն ու կուսակցությունը համապատասխանել են 2000-ի սկզբներին Թուրքիային տարածաշրջանում հատկացվող դերակատարության պահանջներին:

«Արաբական գարունը», անկախ հետեւանքներից, արմատապես փոխել է տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակն ու այնտեղ խախտել ուժերի հավասարակշռությունը: Ավելին, տարածաշրջանը հայտնվել է կատարյալ քաոսի մեջ: Քաոսի պայմաններում քաղաքական զարգացումները, որպես կանոն, դուրս են գալիս վերահսկողությունից, դառնում են անկանխատեսելի, իսկ զարգացումների անկանխատեսելիությունը նախադրյալներ է ստեղծում իսլամ արմատականության ծավալման համար:

Այս հեռանկարը չի համապատասխանում տարածաշրջանում քաղաքական միանձնյա ներկայությունը պահպանելու եւ ամերիկյան քաղաքականության շարունակականությունը ապահովելու Արեւմուտքի առաջադրանքին, ոչ էլ բխում է Իսրայելի շահերից: Վարչապետ Էրդողանի ժողովրդականությունն էլ չի կարող ապահովել Իսրայելի շահերը: Ելնելով հարաճուն այդ ժողովրդականությունից, Էրդողանը համառում է, եւ առանց Արեւմուտքի, ավելի շուտՙ Վաշինգտոնի հավանության, համեմատաբար ինքնուրույն քայլեր է ձեռնարկում, առաջադրելով դաշնակիցներին նորանոր պահանջներ:

Այլ կերպ, հետզհետե անկառավարելի է դառնում նաեւ Էրդողանը: Արեւմուտքը չէր կարող չիմանալ Էրդողանի ժողովրդականության մասին: Պարզապես ճիշտ չէր պատկերացնում նրա համառության աստիճանը, որ շարունակում է «կարգի հրավիրելու» համար «Գեզիի» դեպքերն օգտագործել իբրեւ զսպաշապիկ:

Դրա վկայությունը Եվրոխորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հունիսի 26-ին գերմանական «Welt» թերթում հրապարակված հարցազրույցն է: Հարցազրույցում նա ասել է. «Էրդողանն սկսել է ավելի քիչ հարգանք տածել աշխարհիկ կենսակերպի նկատմամբ: Թուրքիան պարտավոր է համաձայնել Եվրոմիության ստանդարտներին, այս հարցում Էրդողանն ակնհայտ ներշնչման կարիք ունի»:

Շուլցի խոսքերը հազիվ թե որեւէ դրական ներգործություն ունենան վարչապետ Էրդողանի վրա, այն առումով, որ նրա կարգադրությամբ դրամական պարգեւի են արժանացել ոստիկանության այն բոլոր աշխատակիցները, որոնք անհամաչափ ուժ են գործադրել «Գեզիի» ցուցարարների դեմ: Պարզապես Շուլցը ոգեւորել է ցուցարարներին: Այսինքնՙ Շուլցի խոսքերը կարեւոր են ոգեւորման առումով:

«Գեզիի» դեպքերն էլ կարեւոր են քրդական հարցի PKK-ի հետ հաշտեցմամբ պայմանավորված կարգավորման գործընթացի տեսակետից: Հատկանշական է, որ գործընթացի սկզբնավորման համար Ժողովրդա-հանրապետական եւ Ազգայնական շարժում կուսակցությունները «թուրք ազգի միասնականությունն ու թուրքական պետության ունիտար կառուցվածքը ի նպաստ PKK-ի հարվածի տակ դնելու համար» դավաճանության մեջ են մեղադրում վարչապետ Էրդողանին:

Քրդամետ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունն էլ վերջինիս մեղադրում է գործընթացը ձգձգելու նպատակով անհրաժեշտ քայլերից խուսափելու մեջ: Այդ ընթացքում Էրդողանը ձգձգումը պայմանավորում է «Գեզիի» դեպքերով եւ ցուցարարներին Արեւմուտքի անվերապահ աջակցությամբ: Այսպիսով, ստեղծվում է խառնաշփոթ իրավիճակ, որը բացասաբար է անդրադառնում գործընթացի վրա:

Մինչդեռ PKK-ի հետ հաշտեցման, քրդական հարցի կարգավորման նախաձեռնությունների համար «Գեզիի» ցուցարարներին գիտակցաբար ոգեւորող Արեւմուտքը ողջունել էր Էրդողանին: Մտածել, որ Արեւմուտքը դեմ է քրդական հարցի կարգավորմանը Թուրքիայում, իրատեսական չէ: Բայց եւ այնպես հարկ է նշել, որ գործընթացի պարագայում գլխավորը «Գեզիի» դեպքերը չեն, ոչ էլ դեպքերը խթանելու Արեւմուտքի ձեռնարկումները, ոչ էլ ընդդիմադիր կուսակցությունների Էրդողանին հասցեագրած մեղադրանքները, այլ զենքը վայր դնելու դիմաց Թուրքիայում քրդական ինքնության պաշտոնապես ճանաչման եւ մայրենի լեզվով ուսուցման ապահովման, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ընդլայնման PKK-ի պահանջները:

Դրանք, անկախ կարգավորման գործընթացի հարցում Էրդողանի կառավարության անկեղծությունից, հակասում են Թուրքիայի գործող սահմանադրության ներածականի տրամաբանությանը, միաժամանակ անձեռնմխելի 2-րդ, 3-րդ հոդվածների հետ, նաեւ ուսուցման եւ քաղաքացիության մասին համապատասխանաբար 42-րդ ու 66-րդ հոդվածներին: Դրանցից առաջինը բացառում է բացի թուրքերենից որպես մայրենի այլ լեզվի ուսուցման հնարավորությունը կրթական հաստատություններում, իսկ երկրորդըՙ թուրք է համարում բոլոր նրանց, ովքեր Թուրքիայի քաղաքացիություն ունեն: Այլ կերպ, եթե քրդական հարցի կարգավորման գործընթացը նախաձեռնում ես առանց սահմանադրության փոփոխության, դա ինքնին կասկածելի է դառնում: Սակայն հարցի առնչությունը սահմանադրությանը առանձին խնդիր է, հետեւաբար մասնավոր մոտեցում է պահանջում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #111, 02-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ