RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#109, 2013-06-28 > #110, 2013-06-29 > #111, 2013-07-02 > #112, 2013-07-03 > #113, 2013-07-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #111, 02-07-2013



WASHINGTON POST

Տեղադրվել է` 2013-07-02 00:07:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 1087, Տպվել է` 30, Ուղարկվել է էլ.փոստով` 16

ՉՈՒՆԿՈՒՇՈՒՄ ՀԱՅ ՎԵՐԱՊՐՈՂՆԵՐԻՑ ՎԵՐՋԻՆԸ

Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ

Վերջերս մեծ հետաքրքրություն առաջացրած «Ավազե ամրոցի աղջիկները» վեպի հեղինակ Քրիս Բոհջալյանը մայիսին, վեց այլ ամերիկահայերի հետ, այցելել է պատմական Հայաստան եւ հետեւյալ հոդվածը հրապարակել «Վաշինգտոն փոստ» թերթում, որտեղից իր հունիսի 22-ի համարում արտատպել է «Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթը: Ներկայացնում ենք հոդվածի թարգմանությունըՙ նշելով, որ 16 գրքերի հեղինակ Բոհջալյանի նորագույն «The Light in the Ruins» («Լույսըՙ ավերակների մեջ») վերնագրով վեպը լույս է տեսնելու հուլիսին:

Անցյալ ամիս հարավարեւմտյան Թուրքիայում մի կնոջ հանդիպեցի, որը շուտով մահանալու է: Ոչ մի լրատվամիջոց չի գրելու Ասյայի մահվան մասին, եւ նրա բացակայությունը չի զգալու ոչ մեկը, բացի փոքրիկ Չունկուշ գյուղի մի քանի մարդկանցից: Նույնիսկ նրան սիրող հարազատները մտածելու են, որ նա բավական երկարՙ 98-99 եւ կամ 100 տարի ապրեց, եթե անշուշտ դիմանա մինչեւ 2015 թվականը:

Երբ ես մայիսին հանդիպեցի Ասյային, նրա դուստրը ինձ քրդական թունդ թեյ հյուրասիրեց եւ սեղանին դրեց իրենց այգու թարմ ելակներից: Եթե ես մի օր դարձյալ այցելեմ այդ գյուղը եւ տեսնեմ, որ Ասյան չկա այլեւս, կասկածում եմ, որ լաց եմ լինելու: Ինչո՞ւ լաց լինել մեկի համար, որին կյանքումս մեկ անգամ եմ տեսել, որն ապրել է բավական երկար եւ որը ոչ մի բառ չէր հասկանում իմ ասածից: Նա միայն թուրքերեն էր խոսում, իսկ ես այդ լեզվով կարող եմ ասել միայն «խնդրեմ» եւ «շնորհակալություն»:

Նա պատկանում էր այն մարդկանց խմբին, որոնց անվանում են թաքնված հայեր: Նա Չունկուշում ապրող վերջին հայ վերապրողն է:

Ես նրան հանդիպեցի վեց այլ ամերիկահայերի հետ Թուրքիայի այդ տարածքը (որ շատ հայեր, նրանց թվում եւ ես, անվանում ենք Պատմական Հայաստան) կատարած այցելության ընթացքում: Այսօր այդ շրջանը ամբողջովին քրդերով է բնակեցված, բայց 98 տարի առաջ այնտեղ քրդերի հետ ապրում էին նաեւ ասորիներ, թուրքեր եւ հայեր: Մենք ուխտագնացության էինք գնացել տեսնելու հայկական եկեղեցիներն ու վանքերը, հայերին պատուհասած ցեղասպանության հետեւանքով երկրի երեսից ջնջված մի ամբողջ քաղաքակրթության մնացորդները: Առաջին համաշխարհային պատերազմի օրերին 1,5 միլիոն հայեր, այսինքնՙ Օսմանյան կայսրությունում ապրող չորս հոգուց երեքը, հետեւողականորեն կոտորվեցին:

Մեր շրջագայության հինգերորդ օրը մենք այցելեցինք Չունկուշ, որտեղ մինչեւ 1915 թվականը ծաղկուն հայկական համայնք կար 10 հազար բնակիչներով: Եկեղեցու ավերակները աղոտ պատկերացում են տալիս, թե ինչպիսին է եղել անցյալում: Ավանը գրեթե ամբողջությամբ հայկական էր: Մի քանի մղձավանջային օրերի ընթացքում այդ ամռանը թուրք ոստիկաններն ու քուրդ չեթեները արշավեցին ավանի վրա եւ գրեթե բոլորին դուրս քշեցին այնտեղից դեպի երկու ժամ հեռավորության վրա գտնվող Դուդան կոչվող կիրճը, որտեղ էլ գնդակահարեցին, սվինահար արեցին կամ պարզապես մի քանի հարյուր ոտնաչափ խորությամբ անդունդն ի վար գլորեցին նրանց: Ոստիկաններից մեկն, այնուամենայնիվ, տեսնելով Ասյայի մոր գեղեցկությունը, դուրս է բերում նրան տարագիրների շարքից եւ ազատումՙ նպատակ ունենալով ամուսնանալ նրա հետ: Նա դառնում է այն քչերից մեկը, որոնք փրկվեցին 1915-ի այդ ամռան օրը:

Երբ Չունկուշ մտանք, չէինք ակնկալում, որ Ասյային կգտնենք: Պարզապես ուզում էինք եկեղեցու ավերակները տեսնել: Գյուղացիների մեծ մասը հաստատեց, որ ժամանակին հայեր ապրել են Չունկուշում, բայց մեր հարցին, թե ի՞նչ պատահեց նրանց, անմիջապես պատասխանեցին, թե ինչ-որ պահի նրանք «հեռացել էին»:

Ճշմարտությունն այն է, որ նրանք կամ այն, ինչ մնացել է նրանց ոսկորներից, դեռ այնտեղ ենՙ Դուդանի կիրճի ստորոտում: Չէինք ակնկալում, որ կհանդիպենք կենդանի մնացած հայի:

Մինչ մենք պատրաստվում էինք մեկնել, իր կյանքի վեցերորդ տասնամյակն ապրող մի նիհար անձնավորություն, հյուծված դեմքով եւ գդակով, վազեց դեպի մեր մեքենան եւ խփեց դռանը: Մենք այնտեղ մի ժամ էինք մնացել, եւ լուրը տարածվել էր, որ ամերիկացիներ են եկել այցելության: Նա ասաց, որ մենք պետք է տեսնենք իր զոքանչին: Մեր քուրդ վարորդը մտահոգվեց, թե դա կարող է միջազգային կեղտոտ խաղի սկիզբը լինել, յոթ ամերիկացիների առեւանգում կամ սպանություն, բայց տեսնելով, որ այդ մարդն այդքան հուսահատ աղերսում է, մենք համաձայնեցինք հանդիպել Ասյային: Իմ ընկեր Խաչիկ Մուրադյանը (Մ. Նահանգներում լույս տեսնող «Արմինյն Ուիքլի» պարբերականի խմբագիրը) թուրքերեն խոսում է եւ որպես թարգմանիչ հանդես եկավ:

Նախկինում ես վերապրողների հանդիպել եմ: Դրանց թվում են եղել նաեւ տատս ու պապս: Սակայն Ասյան տարբեր էր: Նա Վաշինգտոնում չէր: Ոչ էլ Փարիզում կամ Բեյրութում: Նա մեկ մասնիկը չէր հայկական սփյուռքի, որտեղ սովորաբար հանդիպում ենք հայերի ցեղասպանությունից մազապուրծ հազվագյուտ մարդկանց: Մեր առաջ մի անձնավորություն էր, որ կիրճի եզրում էր եղել եւ այժմ էլ ապրում էր այն հողի վրա, որտեղ իր նախնիներն էին ապրել, իր հայրն էր սպանվել, եւ որտեղ մի ամբողջ մշակույթ էր բնաջնջվել:

Ցեղասպանությունից հետո 10 հազար հայերի քաղաքը դարձել էր 10 հազար քրդերի քաղաք: Նրանց մեջ էր մեկը, որ լսել էր ժամանակին անվերջ հնչող կրակոցների ձայները, ժայռերին խփվող մարմինների շառաչյունը եւ մանուկների լացուկոծը:

Ինքն ու մայրը այդտեղ էին մեծացել եւ ծերության գիրկը հասելՙ միշտ իմանալով, որ հայեր են, բայց ճարահատյալ լուռ մնալով, որովհետեւ դա էր ցեղասպանությունից հետո վերապրելու գինը: Եվ դա մինչեւ օրս շարունակվում է Չունկուշի նման գյուղերում: Հենց դա էլ երեւի այն է, ինչ մենք անվանում ենք «թաքնված հայեր»:

Ամեն անգամ, որ Ասյային հարցնում էինք նրա հայկական ինքնության մասին, նա վշտալից գլուխն էր շարժում եւ լռում: Մի անգամ նրա դուստրը, խոսակցությանը միանալով, ասաց. «Ոչ, մենք չենք կարող խոսել այդ մասին»:

Ամեն անգամ, որ մենք նրան հարցնում էինք, թե մայրը անդունդի կամ կիրճի մասին ինչեր է պատմել, նա հայացքը հառում էր գետնին եւ մրթմրթում. «Ես այդ ժամանակ շատ փոքր էի: Չեմ հիշում»: Երբեմն սկսում էր նախադասությունը ասելով. «Մայրս ասում էր, թե...», բայց անմիջապես դարձյալ լռում:

Այդ ընդմիջումներից մեկի ժամանակ, ես ակամա նրա ձեռքը բռնեցի: Դա ռեֆլեքսային շարժում էր, եւ չգիտեմՙ արդյոք նման արարքը ընդունվա՞ծ էր, թե՞ ոչ, ճիշտ կհասկացվե՞ր քրդական մշակույթում: Նա անմիջապես ամուր սեղմեց մատներս: Գլխաշորի տակից նայեց ինձ: Աչքերը միաժամանակ չափազանց տխուր էին եւ չափազանց արտահայտիչ: Նման աչքեր երբեք չէի տեսել: Ես անմիջապես հասկացա, թե ինչու էր պառավի այդ լավ փեսան ցանկացել, որ մենք տեսակցենք նրա զոքանչի հետ: Այդ նա էրՙ զոքանչն էր ցանկացել տեսնել մեզ, ցանկացել էր հանդիպել հայերի:

Այսօր ընդամենը մի բուռ վերապրողներ են մնացել հայերի ցեղասպանությունից: Երբ հարյուրամյակը լրանա 2015-ին, ավելի քիչ վերապրողներ մնացած պիտի լինեն: Հուսով եմ, որ Ասյան նրանց թվում է լինելու, որովհետեւ ես ծրագրում եմ այդ թվին դարձյալ այցելել Չունկուշ: Ոչ ոք այդ գյուղում չի հարգելու հիշատակը այն 10 հազար հայերի, որոնք զոհվեցին այդ կիրճում: Այնպես որ, ինձ նման մարդիկ պետք է կատարեն այդ քայլը եւ ողջագուրվեն աշխարհի Ասյաների հետ, որոնք այնտեղ են եղել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #111, 02-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ