RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#109, 2013-06-28 > #110, 2013-06-29 > #111, 2013-07-02 > #112, 2013-07-03 > #113, 2013-07-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #111, 02-07-2013



Տեղադրվել է` 2013-07-02 00:07:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 982, Տպվել է` 30, Ուղարկվել է էլ.փոստով` 19

ՎՃԱՐՈՎԻ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻՆԵՐ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ

Հ. Հ.

Երեկվանից մայրաքաղաքում մեքենա կանգնեցնելը դարձել է վճարովի: Վճարում պետք է կատարել ոչ թե կարմիր թեւկապով պապիկներին, որոնք հերթապահում են այս կամ այն տարածքում, այլ էլեկտրոնային տարբերակով եւ սահմանված կարգով: «Առձեռն գումար չի լինելու», հավաստիացնում է Երեւանի քաղաքապետի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը ՙ հավելելով, որ գործընթացը կենտրոնական փողոցներից հետո կշարունակվի նաեւ ծայրամասերում:

Մրցույթում հաղթող ճանաչված եւ ավտոկայանատեղիների ծառայություններն իրականացնող «Փարկինգ սիթի սերվիս» ընկերության ներկայացուցիչ Վազգեն Հարությունյանի ներկայացմամբՙ կահավորվել են Մաշտոցի պողոտայում եւ Ամիրյան փողոցում տեղակայված ավտոկայանատեղիները: Առաջիկայում նման ավտոկայանատեղիներ կլինեն Սայաթ-Նովա, Իսահակյան, Թումանյան, Գրիգոր Լուսավորիչ, Սարյան, Մոսկովյան փողոցներում: Պատասխանատուների ներկայացմամբՙ նոր համակարգի իրագործումից հետո կլինեն նաեւ անվճար կայանատեղիներ: Բոլոր այն վայրերում, որտեղ կայանումն արգելող ճանապարհային նշանները կբացակայեն եւ տարածքը սահմանված չի լինի որպես վճարովի ավտոկայանատեղի, կգործեն անվճար:

Վճարովի ավտոկայանատեղիներ կարող են գործել ավագանու սահմանած ընդհանուր օգտագործման փողոցներում եւ հրապարակներում: Վճարովի ավտոկայանատեղիներ բացառվում են կրթական, մշակութային եւ առողջապահական հաստատությունների, բակային տարածքների, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի տարածքներում:

Ավտոկայանատեղիի համար բոլոր վճարումները կմուտքագրվեն Երեւանի բյուջե: Մեկ ժամ կայանելու համար նախատեսված է 100 դրամ: Յուրաքանչյուր մեկ օրվա համարՙ 500 դրամ, մեկ շաբաթվա համարՙ 1000 դրամ, մեկ ամսվա համարՙ 2000 դրամ, իսկ մեկ տարվա համարՙ 12.000 դրամ: Գիշերը ժամը 12-ից մինչեւ առավոտյան 9 կայանելու ժամանակ ավտոկայանատեղին գումար չի գանձի:

Ըստ Նավասարդյանիՙ վճարման համակարգը մատչելի է: Նրա հաշվարկներովՙ օրական մեկ անգամ մեքենա կայանելով վարորդները նախկինում տարեկան վճարում էին 73.000 դրամ, նոր համակարգի միջոցով մեկ տարվա համար քաղաքացին կվճարի 12.000 դրամ:

Բոլոր նրանց համար, ովքեր մեքենան կկայանեն, սակայն չեն վճարի, նախատեսված է տույժ: Առանց տուրքի վճարման մեքենան կայանելու դեպքում վարորդից կգանձվի 5000 դրամ գումար: Եթե մեքենան կայանված է ավելի է քան 48 ժամ առանց գումարը վճարելու, ապա ավտոկայանատեղիի կազմակերպիչներն իրավունք ունեն մեքենան տեղափոխել հատուկ տարածք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #111, 02-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ