RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#109, 2013-06-28 > #110, 2013-06-29 > #111, 2013-07-02 > #112, 2013-07-03 > #113, 2013-07-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #111, 02-07-2013



ՇԻՐԱԿԻ ԹԵՄ

Տեղադրվել է` 2013-07-02 00:07:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 1007, Տպվել է` 31, Ուղարկվել է էլ.փոստով` 16

ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԿՕԳՆԻ ՆՅԱՐԴԱՅԻՆ ԵՎ ՍԹՐԵՍԱՅԻՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԻՆ

Գ. Մ.

Շիրակի հոգեւոր թեմի առաջնորդ Միքայել եպս. Աջապահյանի օրհնությամբ եւ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի «Հայաստանյան կլոր սեղան» հիմնադրամի աջակցությամբ թեմում իր գործունեությունն է սկսում «Սոցիալական հարմարակման (ադապտացիայի) քրիստոնեական հոգեբանության կենտրոնը»:

Ինչպես նշում են կենտրոնի նախաձեռնողներն ու պատասխանատուները, ուսումնասիրությունները վկայում են, որ Շիրակի մարզի բնակչության մի ստվար զանգված ունի նեւրոտիկ, վարքային եւ սթրեսային խանգարումներ` կապված հետերկրաշարժյան շրջանի, սոցիալ-տնտեսական ծանր պայմանների, արժեհամակարգի փոփոխության եւ այլ գործոնների հետ: Նշված խանգարումները հանգեցնում են սոցիալական միջավայրից անձի հեռացման, ինքնամեկուսացման, ագրեսիվ վարքի դրսեւորումների, աշխատունակության անկման եւ հասարակության համար բացասական այլ հետեւանքների: Նոր կենտրոնի ստեղծման նպատակը մարզի նեւրոտիկ, վարքային եւ սթրեսային խանգարումներ ունեցող անձանց հոգեբանական եւ բուժական աջակցությունն է, նրանց սոցիալական ադապտացիան քրիստոնեական հոգեբանության մեթոդի կիրառմամբ, վերջին հաշվով` առողջ հասարակության ձեւավորումը հոգեպես կայուն մարդկանցով:

«Սոցիալական հարմարակման քրիստոնեական կենտրոնը» բացառիկ է նրանով, որ հանրապետությունում առաջին անգամ փորձ է արվում համադրելու գիտական հոգեբանության եւ քրիստոնեական բժշկության, ի մասնավորին` Հայ առաքելական եկեղեցու կողմից բազում դարեր կիրառվող, բայց արդեն գրեթե մոռացված բուժական մեթոդները: Կենտրոնն իր ուշադրությունը սեւեռելու է նաեւ ազգային ավանդական բժշկության մեթոդներին` դրանք կիրառելով գիտական բժշկության մեջ: Այստեղ միաժամանակ աշխատելու են հոգեբանն ու հոգեւորականը: Հոգեբանն իրականացնելու է հետազոտություն եւ օգնություն, իսկ հոգեւորականը` խորհուրդ եւ աջակցություն: Բուժման եւ սոցիալական վերահարմարվողության ամբողջ ընթացքում շահառուներն ընդգրկված են լինելու տարբեր հանրօգուտ եւ եկեղեցանպաստ ձեռնարկներում: Հատկանշական է, որ բուժումն ու սոցիալական վերահարմարեցումը լինելու են առանց դեղորայքի: Աջակցման մեթոդներն են լինելու հոգեթերապիան, աղոթքն ու հաղորդությունը, ազգային ավանդական սովորույթների կիրառումը:

Կենտրոնն իր ուշադրությունը սեւեռելու է նաեւ այնպիսի հիվանդությունների վրա, ինչպիսիք են մանկական զարգացման խանգարումները (աուտիզմ), հոգեկան անբուժելի համարվող խանգարումները, դիվահարությունը եւ այլն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #111, 02-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ