RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#110, 2013-06-29 > #111, 2013-07-02 > #112, 2013-07-03 > #113, 2013-07-04 > #114, 2013-07-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #112, 03-07-2013



Տեղադրվել է` 2013-07-03 00:10:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 805, Տպվել է` 38, Ուղարկվել է էլ.փոստով` 22

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՓՈՂԵՐԸ ՉԵՆ ԾԱՌԱՅՈՒՄ ՃԻՇՏ ՆՊԱՏԱԿԻ

Ի. Պ.

Ամեն երկրի սոցիալ-տնտեսական վիճակն ու տնտեսական զարգացումը կախված են նաեւ գիտությունից, իսկ եթե գիտությունն ու կադրային բազան օրհասական վիճակում են, ապա տնտեսական զարգացումը կանգնում է, ավելի ճիշտ` տնտեսությունն էլ հայտնվում է օրհասական վիճակում:

Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սիներիկ Հայրապետյանը երեկ ասուլիսի ժամանակ ընդգծեց, որ գիտությունը եղել է Հայաստանի ազգային հարստությունը, եւ գիտությունը կարելի էր դարձնել շահութաբեր, սակայն վերջին 22 տարիներին, ըստ նրա, դրսեւորվեց տգետ քաղաքականություն, ու եթե գիտությունը դարձվեր շահութաբեր, ապա մեր գիտնականները չէին գնա Հայաստանից եւ կունենայինք գիտական ավելի մեծ պոտենցիալ, նույնիսկ ավելի մեծ, քան Իսրայելը: Սիներիկ Հայրապետյանը նշում է, որ գիտության վրա ծախսված 3,4 միլիարդ դրամն առանց փորձագիտության է ծախսվել. «Ու եթե ստուգում գնաՙ պարզելու, թե ու՞ր են գնացել մեր գիտության փողերը, ապա հավատացնում եմ` շատերը կհայտնվեն Վազգեն Խաչիկյանի կողքի բանտախցում»:

Իսկ փոփոխությունների կամ, ինչպես Սիներիկ Հայրապետյանն է նշում, ազգային նման դավաճանությունը կասեցնելու համար պետք է փոխվի համակարգը:

Մյուս բանախոսը` հոգեբանական գիտությունների դոկտոր Սամվել Խուդոյանը , ասում է` մեր իրականության մեջ ունենք կեղծ գիտնականներ, որոնք ստացել են գիտական աստիճաններ, սակայն գիտության հետ կապ չունեն: Բայց կապ չունենալով հանդերձ` ստանում են ֆինանսավորում: Սամվել Խուդոյանը պատմում է` երբեմն ներկայացվում են ատենախոսություններ, որոնք ուրիշների` ռուսերենից թարգմանված աշխատանքներն են, ու բացի սեփական անուն-ազգանունից, դրա մեջ ներկայացնողը սեփական ոչինչ չունի: Ու նման ատենախոսությունները հաստատվում են մարդկանց կողմից, որոնք հաստատ գիտեն, որ դրանք արտագրված են: Այսպիսի «գիտնականները», գողանալով ուրիշների աշխատանքները, գիտության անվան տակ ստանում են ֆինանսավորում: Ս. Խուդոյանի փոխանցմամբ` մեծ քանակությամբ աշխատավարձեր են տալիս նրանց, ովքեր գիտությանը չեն տալիս ոչինչ:

Կոնկրետ անուններ գիտությամբ զբաղվողների, որոնք իրականում առանց աշխատելու են աշխատավարձ ստանում, բանախոսները չնշեցին: Սիներիկ Հայրապետյանը միայն հավելեց, որ 97 գիտնական 100-հազարական դրամ լրացուցիչ գումար են ստանում իրենց աշխատավարձերից բացի` իբր թե արդյունավետ աշխատանքի համար:

Ս. Խուդոյանն անդրադարձավ նաեւ գիտակրթական ինստիտուտներին, որոնց մեջ կան այնպիսիները, որտեղ ոչնչով չեն զբաղվում, բայց դրանք իրենց տնօրենների համար դարձել են «դուքան»:

Ընդհանուր առմամբ, ըստ Սամվել Խուդոյանի, գիտությանը հատկացված գումարներից 10 տոկոսից ոչ ավելին է ճիշտ նպատակին ծառայում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #112, 03-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ