RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#121, 2013-07-17 > #122, 2013-07-18 > #123, 2013-07-19 > #124, 2013-07-20 > #125, 2013-07-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #123, 19-07-2013



ՀԱՅԱՑՔ ՄՈՍԿՎԱՅԻՑ

Տեղադրվել է` 2013-07-19 13:58:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 2304, Տպվել է` 53, Ուղարկվել է էլ.փոստով` 48

ՆՍԵՄԱՑՎԵՑ ՀՐԱՉՅԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, ԲԱՅՑ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆՙ ՈՐՏԵ՞Ղ

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա

Հայաստանում խորապես վրդովված են, որ ողբերգական ավտովթարի պատճառ դարձած (առայժմ ենթադրյալ) Հրաչյա Հարությունյանի առիթով ռուսաստանյան լրատվամիջոցներում աղմուկ է բարձրացվել, եւ որ հատուկ ընդգծվում է վարորդի ազգային պատկանելությունը: Հայաստանցիներին կարելի է հասկանալ, թեեւ շատ ավելի վատ վիճակում են հայտնվում ռուսաստանցի հայերը, որոնք անմիջականորեն իրենց վրա են զգում հակակրության ազդեցությունը: Այս անգամ, իրոք, ամեն ինչ չափից դուրս ուռճացվեց:

Մյուս կողմից, շատ մեծ էր զոհերի թիվը, այնքան մեծ, որ Մոսկվայում եւ մարզում սգո օր հայտարարվեց (ամեն ավտովթարից հետո չեն իջեցվում պետական դրոշները): Եվ ահա դա քիչ է, պարզվում է, որ ավտոբուսը երկու մասի բաժանած վարորդն էլ (ըստ նախնական վարկածի) ապօրինի ներգաղթած այլազգի է: Այս պատահարից մի քանի օր առաջ ռուսական փոքր քաղաքներից մեկում չեչեն մեկը սպանել էր մի ռուս երիտասարդի եւ դա առաջ բերեց հակաչեչենական (հակակովկասյան) քարոզչության հերթական ուժեղ ալիքը: Նույնպես առաջին տեղում ազգության հարցն էր:

Բնավ էլ արդարացման նկատառումով չի ասվում (քավ լիցի), բայց պետք է հասկանալ մի բան: Ռուսաստանցիներն ու հատկապես մոսկվացիները սարսափելի հոգնել են (եթե չօգտագործենք ավելի կոպիտ բառ) իրենց անկախ հայրենիքները (այդ թվում նաեւ Հայաստանը) լքած ներգաղթյալներից: Ուր գնում եսՙ սրանք են: Թե ինչու են Ռուսաստանի իշխանությունները անվերահսկելի դարձրել միլիոնավոր մարդկանց ներգաղթը իրենց երկիր, այլ հարց էՙ իր քաղաքատնտեսական ենթատեքստերով:

Բայց այդ մեծ մասամբ անորակ խառնամբոխը իր էժանությամբ գրավում է տեղացու աշխատատեղը, զբաղվում է հանցագործություններով, պահում է իրեն բավականին լկտի եւ այլն: Տվյալ դեպքում վարորդը հայ լիներ, տաջիկ թե ուզբեկ, արձագանքը նույնն էր լինելու:

Հակակովկասյան (հակահայկական) հիստերիայի մասին: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե ովքեր են Ռուսաստանում վերահսկում ԶԼՄ-ները (նույնիսկ ծայրահեղություն չի լինի, եթե ասենքՙ երկիրը): Ավելի լավ էՙ բորբոքել հականերգաղթական, հակակովկասյան, հակամիջինասիական կրքեր, քան թույլ տալ անտիսեմիտիզմի դրսեւորումներ: (Բիզնեսմեն Պոլոնսկին, որը, իբր, բնակելի շենքեր պիտի կառուցեր արդեն գումարը մուծած ռուսների համար, յուրացրել էր մի քանի միլիարդ ռուբլի եւ օրերս ճողոպրել Իսրայել, իսկ հրապարակումներում ոչ մի ակնարկ նրա հրեական ծագման մասին):

Եվ, առհասարակ, ամենահեշտը «ռուսներին» մեղադրելն է: Իսկ եթե հայերս տարրական անաչառություն դրսեւորենք, ապա այս խեղճուկրակ մարդուն պիտի համարենք Հայաստանում նկատվող ու օրեցօր ահագնացող արտագաղթի դասական զոհ: Նվաստացրի՞ն, նսեմացրի՞ն այս մարդուն Ռուսաստանում: Անտարակույս: Սակայն նա նվաստացած, նսեմացած էր իր հայրենիքում: Հարությունյանի հարազատները, բարեկամները բացատրություններ են տալիս ռուսաստանյան մամուլին, որ Հայաստանում հնարավոր չէ ապրել, աշխատատեղերը սուղ են, աշխատավարձերըՙ նվազագույն, եւ նա չի կարողանում ապահովել ծնողների ծերությունը, չի կարողանում շիրմաքար դնել վաղամեռ որդու գերեզմանին եւ այլն: Բայց այս հասարակ մարդիկ չե՞ն տեսնում, թե Հայաստանում ինչքան շռայլ են ապրում չինովնիկները: Ինչո՞ւ պիտի այս թշվառ, ռուսերեն երկու բառ չիմացող Հարությունյանը հայտնվեր աշխարհի խոշորագույն մեգապոլիսներից մեկում: Ռուսաստան արտագաղթողների այս վերջին ալիքում գերազանցապես «անթրաշ» խավն է իշխում:

Հայաստանի բարձրաստիճան պաշտոնավորներից մեկը վերջերս բարբաջում էր, թե արտագաղթի երեւույթ նկատվում է աշխարհի շատ երկրներում: Ճիշտ է: Բայց իր հարազատներից մեկի անունով գրանցված մեծ հարստությունների տեր (ըստ ռուսաստանյան մամուլի տվյալների) այս բյուրոկրատը չի էլ ուզում ընդունել, որ Հայաստանում նույնիսկ չի արվում առաջնահերթըՙ ստեղծելու գոնե քիչ թե շատ արդար պետություն, որպեսզի մարդիկ չփախչեն «գաղջ» մթնոլորտից: Արդյոք դժվա՞ր է եկամուտների մասին դեկլարացիա պատրաստել պետական ծառայողին ու այն համադրել նրա միլիոններ, արժեցող շքեղ առանձնատներին: Ինչպես սկսել են դա անել Ռուսաստանում:

Հարությունյանի ողբերգության արմատները պետք է փնտրել Հայաստանում եւ ոչ թե բորբոքել պրիմիտիվ ռուսատյացություն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #123, 19-07-2013

AZG Daily #38, 11-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ