RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#124, 2013-07-20 > #125, 2013-07-23 > #126, 2013-07-24 > #127, 2013-07-25 > #128, 2013-07-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #126, 24-07-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-07-26 21:59:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 1095, Տպվել է` 22, Ուղարկվել է էլ.փոստով` 14

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՍԻՐԻԱՆ ԱՆՑԵԼ Է ՔՐԴԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Դա դեռ սիրիական ընդդիմության ջախջախում չի նշանակում, սակայն ազդարարում է Թուրքիայի քաղաքական ձախողումը

Սիրիայի ճգնաժամին անդրադառնալիս բազմիցս նշել ենք, որ սիրիական ընդդիմությունը 16 առանձին խմբի է բաժանված: Նույնը գրել էինք նաեւ «Ազատ Սիրիայի բանակի» մասին, որն էլ 4 տարբեր խմբերից է բաղկացած: Թեեւ խոսքը տվյալ դեպքում ներքին ընդդիմության մասին է, բայց դրան ներքին կոչելը խիստ հարաբերական է: Այն առումով, որ «Ազատ Սիրիայի բանակը» կազմավորված է նաեւ Լիբիայում կռված վարձկաններից, որի կազմում առանձնակի ակտիվություն են դրսեւորում «Ալ Ղաիդայի» ահաբեկիչները, էլ չենք խոսում «Ան Նուսրա» ճակատի մարդասպանների մասին:

Մասնատված է նաեւ արտաքին ընդդիմությունը: Օրինակՙ խաղաղ բնակչության դեմ Սիրիայում քիմիական զենքի օգտագործման հարցում ԱՄՆ-ն ու Եվրոմիությունը չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ: Մեկը դրա օգտագործումը վերագրում է նախագահ Բաշար Ասադի վարչակարգին, մյուսըՙ ընդդիմադիր ուժերին: Մինչդեռ սկզբում երկու կողմերն էլ դրա համար մեղադրում էին Սիրիայի գործող վարչակարգին, որպեսզի քիմիական զենքի օգտագործման պատրվարկով թռիչքազերծ գոտի հայտարարեն երկրի օդային տարածքը:

Երբ դա բախվեց Ռուսաստանի հակազդեցությանը, ԱՄՆ-ն ու ԵՄ-ը հայտնվեցին տարաձայնությունների մեջ: Ի դեպ, տարաձայնությունների մեջ են նաեւ «Ազատ Սիրիայի բանակին» մատակարարող Սաուդյան Արաբիան ու Քաթարը: Թերեւս միասնաբար նախագահ Ասադի վարչակարգին աջակցում են Ռուսաստանն ու Չինաստանը, աջակցության հարցում հաստատակամ են Իրանը, Իրաքը եւ «Հզբոլլահը»:

Եթե նախագահ Ասադին Ռուսաստանի եւ Չինաստանի աջակցությունը Արեւմուտքին զրկում է Սիրիայի օդային տարածքը թռիչքազերծ գոտի հայտարարելու հնարավորությունից, պատճառ է դառնում, որ քիմիական զենքի օգտագործման շուրջ տարաձայնություններ առաջանան ԱՄՆ-ի ու ԵՄ-ի միջեւ, եւ անընդհատ հետաձգվի դեռեւս հունիսին նախատեսված ժնեւյան միջազգային կոնֆերանսը, ապա Իրանի, Իրաքի եւ հատկապես «Հզբոլլահի» աջակցությունն էլ զգալի նպաստում է ընդդիմության նկատմամբ գործող վարչակարգի հաղթանակին:

Նախագահ Ասադի զորքերն արդեն վերահսկում են սիրիական ընդդիմության միջնաբերդը համարվող Հոմսը, ինչպես նաեւ Համան: Դա նրանց հնարավորություն է տվել վերահսկել Միջերկրականի առափնյա շրջանները մինչեւ Լաթաքիա: Որքան էլ շարունակվի Դամասկոսի ու Հալեպի հրետակոծությունը, մարտերն ընթանում են այս քաղաքների շրջաններում: Չի բացառվում, որ նախագահ Ասադի զորքերը շուտով «Ազատ Սիրիայի բանակի» վարձկաններին դուրս մղեն Դամասկոսի ու Հալեպի շրջաններից:

Համենայն դեպս, «Ժողովրդական միասնության քրդական» կուսակցությունըՙ PYD-ն, որը հարում է PKK-ին, «Ան Նուսրայի» դեմ թեժ մարտերից հետո գրավելով Թուրքիային սահմանակից Ռաս էլ Այնը, Թել Աբիադն ու Ռաքքան, ընդդիմությանը վտարել է հյուսիսային Սիրիայից: Թուրքական «Դունիա բուլթենի» լրատվական գործակալության վկայությամբ, քրդական ուժերը շարժվում են դեպի Իրաքՙ գրավելու «Ան Նուսրայի» վարձկաններից Արաբիա սահմանային անցակետը:

Մինչդեռ Հոմսում կրած պարտությունից հետո ընդդիմությունն իր ուժերը կենտրոնացրել էր հյուսիսային Սիրիայի վրա, հաշվի առնելով նաեւ այն, որ «Ազատ Սիրիայի բանակը» անմիջականորեն տեղակայված է սահմանի թուրքական հատվածում, որի մատակարարումը իրականացվում է Թուրքիայի միջոցով:

Թվում է, թե Հյուսիսային Իրաքին սահմանակից Արաբիայի կորստից հետո սիրիական ընդդիմությունը կփորձի ամրանալ հարավային Հորդանանի հետ սահմանամերձ շրջաններում, քանի որ այս երկիրը Թուրքիայի հետ «Ազատ Սիրիայի բանակի» երկրորդ գլխավոր մատակարարն է:

«Ազատ Սիրիայի բանակի» վտարումը հյուսիսային Սիրիայից ընդդիմության ջախջախում դեռեւս չի նշանակում, սակայն միանգամայն ենթադրում է Թուրքիայի սիրիական քաղաքականության կատարյալ ձախողումը, ընդ որում անկանխատեսելի հետեւանքներով: Խոսքը հյուսիսարեւելյան Սիրիայում քրդական ինքնավարության մասին է, որը, ԱՄՆ պետքարտուղարության տվյալներով, «Արեւմտյան Քուրդիստանի» անկախության է հանգեցնելու: Հիշեցնենք, որ Թուրքիայի հարավարեւելյան շրջաններն էլ համարվում են «Հյուսիսային Քուրդիստան» Դիարբեքիր մայրաքաղաքով:

Թեեւ, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են վկայում, Սիրիայի քրդերը, որոնց թիվը շուրջ 2 մլն է, դեռեւս ինքնավարություն չեն հռչակել, սակայն «Ան Նուսրայի» վարձկաններին Ռաս էլ Այնից եւ Թել Աբիադից վտարելուց հետո թուրքական սահմանին հատող անցակետերում բարձրացրել են դեղին-կարմիր-կանաչ գույնի PYD-ի դրոշը, որի գույները համընկնում են PKK-ի դրոշին: Հյուսիսային Սիրիա ելքումուտքը վերահսկում են PYD-ի մարտիկները, ինչպես եւ ամբողջ շրջանը, ունեն արդեն շրջանին յուրահատուկ ավտոհամարանիշներ:

Այլ կերպ, հյուսիսային Սիրիայում առկա են քրդական ինքնավարության բոլոր հատկանիշները: Ավելին, Արաբիան գրավելուց հետո, երբ քրդերը վերահսկեն նաեւ իրաքյան սահմանը, կդառնան սահմանակից Հյուսիսային Իրաքի «Քուրդիստան» շրջանի հետ, որը դե ֆակտո անկախ է: Իսկ «Քուրդիստան» շրջանի նախագահ Մասուդ Բարզանին Էրբիլում պատրաստվում է գումարել քրդական համազգային համագումար, որի նախապատրաստական նիստը մասնակցությամբ Թուրքիայի, Սիրիայի եւ Իրանի քրդերի պատվիրակությունների, նախորդ օրն էր գումարվել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #126, 24-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ