RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#124, 2013-07-20 > #125, 2013-07-23 > #126, 2013-07-24 > #127, 2013-07-25 > #128, 2013-07-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #126, 24-07-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-07-26 21:59:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 1095, Տպվել է` 24, Ուղարկվել է էլ.փոստով` 16

ԳՈՒՑԵ ԵԿԵՂԵՑԻՆ ՀԵՆԱՐԱՆ ԴԱՌՆԱ

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Երբ մի քանի տարի առաջ Տավուշի մարզի Բերդ քաղաքի ու տարածաշրջանի հոգեւոր հովիվ նշանակվեց տեղացի երիտասարդ մի քահանա, բերդցիները... զարմացան. եկեղեցականն այստեղ, առանց չափազանցության, էկզոտիկա էր, այն էլՙ տեղի ծնունդ: Նախկին Շամշադինի շրջանը Հայաստանի «ամենաաստվածազուրկ» երկրամասերից էր: Բարբարոս բոլշեւիկները այստեղ ոչնչացրել էին գրեթե բոլոր եկեղեցիները, իսկ հատուկենտ կանգուն մնացածներն էլ չէին գործում: Բերդում հողին էին հավասարեցրել տակավին 1680 թվականին կառուցված Սուրբ Գեւորգ եկեղեցին...

Եռանդուն, նպատակասլաց Արամ քահանա Միրզոյանը տարածաշրջանում կրոնական կյանքը վերածնելու իր մաքառումներում անկասելի էրՙ վերակենդանացել են Նոր Վարագավանքը, Տավուշ գյուղի եկեղեցին, Մովսեսում հառնել է վեհատես նորը: Ո՜վ գիտե, գուցե եկեղեցին հենարան դառնա Ադրբեջանի հետ ամենամեծ սահմանն ունեցող մարզում նկատվող աղետալի արտագաղթի կանգնեցման գործում:

Սակայն հոգեւոր այրի նվիրական երազանքն էր ավելի քան ութ տասնամյակ հետո եկեղեցի տեսնել հենց Բերդ քաղաքում: Եվ արժանահիշատակ օրը դարձավ 2012 թվականի մայիսի 20-ը, երբ տեղի ունեցավ կառույցի հիմնարկեքի արարողությունը, երբ հանդիսապետՙ Տավուշի թեմի առաջնորդ Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանն իր խոսքում Բերդ քաղաքը համեմատեց Հայաստանի հյուսիսարեւելյան սահմանը պատնեշող ամրոցի, իսկ կառուցվելիք եկեղեցինՙ միջնաբերդի հետ:

Նոր եկեղեցին քաղաքի տարեցների հորդորով նույնպես կկրի Սուրբ Գեւորգ զորավարի անունը: Թե ինչ փուլում են կառուցապատման աշխատանքները, պատմում են լուսանկարները: Ամեն ինչ հիանալի է ընթանում եւ դա գերազանցապես շինարար Արամայիս Որսկանյանի շնորհիվ, որն իր «Այգեձոր» ՍՊԸ-ով իրականացնում է եկեղեցու կառուցումը: Ոչ ոք չի կասկածում, որ այդ նվիրյալ անձնավորությունը, ի դեպ, նույնպես տեղի ծնունդ, կկատարի իր խոստումը եւ մեկ տարի հետո հոգեւոր օջախը կբացի իր դռները աստվածակարոտ բերդցիների առջեւ: Առավել եւս, որ հոգով շռայլ այս մարդը շռայլ է նաեւ իր անձնական ֆինանսական ներարկումներով: Գերխնդիրն այն է, որ նորօրյա աղոթատեղին, Աստծո հետ հաղորդակցվելուց բացի, հավատացյալներին առինքնի անթերի գեղեցկությամբ: Այնպես որ հոգածության գլխավոր առարկան շինարարական աշխատանքների բարձրագույն որակն է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #126, 24-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ