RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#124, 2013-07-20 > #125, 2013-07-23 > #126, 2013-07-24 > #127, 2013-07-25 > #128, 2013-07-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #126, 24-07-2013



Մշակույթ

Տեղադրվել է` 2013-07-26 21:59:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 796, Տպվել է` 37, Ուղարկվել է էլ.փոստով` 13

ՄՇԱԿՈՒՅԹԻ ԼՈՒՍԵՂԵՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

ՌՈՄԱ ԴԱԼԼԱՔՅԱՆ

Հայաստանում Մշակույթի հայկական ֆոնդը հիմնադրվել է 1987 թվականին եւ արդյունավետորեն գործում է ցայժմ: Մշակույթի հայկական ֆոնդը մշակութային կառույց էՙ իր գործունեության բազմաճյուղ բաղադրիչներով: Նրա վարչության անփոփոխ նախագահն է անվանի բանաստեղծ, արձակագիր, հրապարակագիր, գեղանկարիչ Արեւշատ Ավագյանը, որ երկար տարիներ իրեն ամբողջովին նվիրել է հայոց ազգային մշակույթը պահպանելու, հարստացնելու եւ, որ անչափ կարեւոր է, լայնորեն տարածելու գործին: Մշակույթի հայկական ֆոնդի վարչությունը, բացի բազմաբնույթ եւ բազմաթեմա միջոցառումներ կազմակերպելու ու անցկացնելու կայուն օրերից ու ժամերից (շաբաթական երկու անգամ), հաճախակի անցկացնում է նաեւ արտահերթ թեմաների քննարկումներ ու բացահայտումներՙ հանրապետության մշակութային տարբեր օջախներում, արվեստի ու գրականության այլեւայլ կազմակերպություններ եւ այլուրեք:

Միջոցառումները հիմնականում կազմակերպվում ու անցկացվում են Մշակույթի հայկական ֆոնդի վարչության գրասենյակում (ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի շենք): Ֆոնդի «Ծիր կաթին» գիտամշակութային միավորումը, օրինակ, հյուրընկալել է (05.04.2011 թ.) Գագիկ Մանասյանին, որ հանգամանորեն ներկայացրել է «Խորհրդանիշների հանրագիտարան» գրքի բովանդակությունը, տվել տարբեր խորհրդանիշների մշակութաբանական բառիմաստային բնութագրումները: Այդ ամենին հաջորդել են հարցեր, ելույթներ: 2011 թ. մայիսի 3-ին մասնակիցները Երեւանի պատմության թանգարանում դիտարկել են Արմինե Հայրապետյանի ձեռագործ աշխատանքների ցուցահանդեսը եւ ծավալել մտքերի փոխանակություն: Ի դեպ, կազմակերպվող միջոցառումներին ակտիվորեն մասնակցում են ոչ միայն ֆոնդի հիմնական անդամները, այլեւ նորանոր մարդիկ, մտավորական աշխարհի նորանոր ներկայացուցիչներ: Հանդիպումները լինում են բազմամարդ: Մի քանի օրինակներ եւս: «Ծիր կաթինը» հյուրընկալել է (12.05.2011 թ.) հանրահայտնի բանաստեղծ, հրապարակագիր, հասարակական գործիչ Սեդա Վերմիշեւային, որ կարդացել է իր նոր բանաստեղծություններից, մի քանի հոգի ելույթներ են ունեցել, ասմունքել են Վերմիշեւայի նոր գործերը, հնչել են երգեր եւ գնահատանքի խոսքեր: 2011 թ. օգոստոսի 16-ին «Ծիր կաթինը» ընդունել է Փարիզի հայկական ռադիոժամի աշխատակցուհի, բանաստեղծ, հրապարակագիր Անժելա Սահակյանին, եւ տեղի է ունեցել նոր լույս տեսած «Իրական պատկերներ» խորագրով գրքի շնորհանդեսը: 2011 թ. օգոստոսի 25-ին լայնորեն քննարկել է «Մարդու իրավունքների ոտնահարումը մեր հազարամյակում են եւ այն կանխելու համար անհրաժեշտ համախմբման կարեւորությունը» հարցը: Քննարկմանն ակտիվորեն մասնակցել է Հայաստանում Իրանի դեսպանության խորհրդական Մոհամմադ Շաքիբան, որի ելույթը լսվել է հետաքրքրությամբ: Ելույթներ են ունեցել միջազգային իրավունքի մասնագետ Ռուբեն Այվազյանը, երգիչ, գրող Արսեն Համբարյանը, Աիդա Մկրտչյանը, Արեւշատ Ավագյանը եւ այլք: Նույն թվականի օգոստոսի 30-ին հյուրընկալվել է կինոռեժիսոր, սցենարիստ Սամվել Թադեւոսյանը: Մասնակիցները դիտել ու քննարկել են «Հեթանոս Գագո» ֆիլմը: Ելույթ է ունեցել Սամվել Թադեւոսյանը, որը արցախյան ազգային-ազատագրական պայքարին նվիրված 28 ֆիլմերի հեղինակ է:

Ֆոնդի մշակութային խորհրդարանում հյուրընկալվել է (24.05.2012 թ.) ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի պետական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը, որը հանգամանորեն անդրադարձել է Սեւանա լճի հրատապ խնդիրներին: Մշակութային խորհրդարանը հյուրընկալել է (31.05.2012 թ.) բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռաֆայել Հովհաննիսյանին, որը բանախոսել է առողջ ապրելակերպի, բուսաբուժության, ժողովրդական բժշկության մի քանի հրատապ խնդիրների մասին:

Բովանդակալից հանդիպումներ են կազմակերպվել Առաջադիմական կոմունիստական կուսակցության ղեկավար Վազգեն Սաֆարյանի, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Պետրոսյանի, «Հայի միտքը» հասարակական կազմակերպության նախագահ Մարինե Վարդանյանի, ֆիզիկոս, հայրենագետ Համլետ Մարտիրոսյանի, բազմաթիվ գրքերի հեղինակ, ցեղասպանագետ (Վիեննա) Արտեմ Օհանջանյանի, գեղանկարիչ, Արցախի եւ Չեխիայի նկարիչների միությունների անդամ Աշոտ Առաքելյանի (Չեխիա), բանաստեղծ, թարգմանիչ Բաբկեն Սիմոնյանի, թավջութակահար, ազգագրական, ֆոլկլորային երաժշտության ջատագով, «Տոնացույց» հասարակական կազմակերպության ղեկավար Հասմիկ Գալստյան-Ավոյանի, տնտեսագիտության գոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի, լեզվաբան Լեյլա Ստեփանյանի, հայկական գորգերի մեծ հավաքածու ունեցող Մուշեղ Չալոյանի (Փարիզ), բանաստեղծ, հրապարակագետ Ռուզան Ասատրյանի, արձակագիր, ազատամարտիկ Հովիկ Վարդանյանի եւ նրա կնոջՙ իրանագետ, թարգմանչուհի Էմմա Բեգիջանյանի եւ շատ ուրիշների հետ: Եվ այս բոլորըՙ 2012 թ. երկրորդ կեսի ամիսների եւ 2013 թ. անցած ամիսների ընթացքում:

Միանգամայն միտումնավոր բերեցի մշակույթի տարբեր ոլորտներում աշխատող անվանի մարդկանց հետ տեղի ունեցած հանդիպումները, որոնք պարզորոշ վկայում են արծարծվող թեմաների բազմազանությունը, մշակութային տարբեր ոլորտներում կատարվող աշխատանքները, դրանց քննարկումներն ու տարածումը:

Մշակույթի հայկական ֆոնդի վարչությունը հաճախակի ու անհրաժեշտաբար կազմակերպում է նոր լույս տեսած գեղարվեստական գրքերի շնորհանդեսներ, որտեղ հանգամանորեն քննարկվում, վերլուծվում են ստեղծագործությունները, արտասանվում են չափածո եւ արձակ գործեր, արվում հիմնավոր դիտողություններ եւ առաջարկություններ: Միայն վերջին շրջանում (2012-2013 թթ.), օրինակՙ ներկայացվել ու քննարկվել են Ժաննա Պապյանի «Սիրո երիցուկ», Անժելա Սահակյանի (Փարիզ) «Ճշմարտության պարտադրանքով», Արեւշատ Ավագյանի «Հոգեգույներ ծածկագրերով», Սուսաննա Հովհաննիսյանի «Ես եմ», Արսեն Համբարյանի «Առակներ», Ռոմիկ Հովնանյանի «Նեմեսիսը» գործողության մեջ», Հակոբ Մկրտչյանի (ԱՄՆ) «Հայկական հարցի լուծման ուղին» խորագրերը կրող գրքերը:

Հետաքրքրական ու բովանդակալից են անցնում շնորհանդեսները: Օրինակՙ բանաստեղծուհի Անահիտ Դանիելյանի «Ճերմակ մարգարիտ» գրքի շնորհանդեսին (12.04.2011 թ.) բացման խոսքով հանդես է եկել Արեւշատ Ավագյանը, վերլուծական խոսք է ասել գրքի խմբագիր Ռոմիկ Սարդարյանը, ելույթներ են ունեցել 9 հոգի, որոնք տարբեր տեսանկյուններից բացահայտել են գրքի բովանդակությունը, արտահայտված գաղափարները: Շատ բանաստեղծություններ ասմունքել են Հասմիկ Կարապետյանը, Անահիտ Նավասարդյանը, բանաստեղծուհու խոսքերով որոշ տեքստեր երգելով հնչեցրել է երգիչ, գրող Արսեն Համբարյանը:

Մշակութային խորհրդարանը հաճախակի կազմակերպում է ինքնահաշվետվություններ, ազատ խոսքի ու կարծիքների հրապարակումներՙ առօրեական կարեւոր թեմաների ու խնդիրների վերաբերյալ:

Շատ միջոցառումներ (գրքերի շնորհանդեսներ, տարբեր գրողների հոբելյաններ, երաժշտական երեկոներ եւ այլն) կազմակերպվում են Հայաստանի գրողների միության վարչության եւ այլ կազմակերպությունների հետ: Մշակույթի հայկական ֆոնդի վարչությունը մեկուսի չի գործում, նա լայն կապեր է պահպանում մշակույթի տարբեր ոլորտների, այդ ոլորտները ներկայացնող երեւելի անհատների հետ:

Մշակույթի հայկական ֆոնդը բազմազան թեմաներով միջոցառումներ է անցկացնում Հայաստանի տարբեր վայրերումՙ Վաձոց ձորում, Աշտարակում, Օշականում, Ապարանում, Գառնիում ու Գեղարդում, Էջմիածնում եւ այլ տեղերումՙ խրախուսելով ու հարստացնելով մշակութային տեղական տարատեսակ նախաձեռնությունները:

Սրանք դեռ սոսկակական թվարկն են կատարվող գործերի մի մասի, ամեն ինչի խորքային նկարագրություններն ու վերլուծությունները հարյուրավոր էջեր կարող են կազմել: Եվ այս բոլորը կատարվում են լոկ հասարակական հիմունքներովՙ դրսեւորելով հսկայական ջանքեր, անանց սեր ու նվիրում ազգային մշակույթի տարբեր ոլորտների գեղագիտական ու գեղարվեստական արժեքների պահպանման, հարստացման ու տարածման նկատմամբ:

Բնությունը, ծառը, բերքն ու բարիքը նույնպես Մշակույթի հայկական ֆոնդի ուշադրության կիզակետում են: Արեւշատ Ավագյանը Աշտարակ-Օշական ճանապարհի ձախ հատվածում, Քասախ գետի գեղատեսիլ ձորի վերին հարթակում ունի բավական ընդարձակ մի այգիՙ տարբեր բերքատու ծառատեսակներով, որոնց մեջ գերակշռում են հատկապես խորհրդանշային ծիրանենիները, որոնց թիվը մի քանի տասնյակի է հասնում: Արդեն 2-րդ տարին է, հուլիսի 1-ին Արեւշատ Ավագյանի այգում կազմակերպվում է «Ծիրանի օր» ուշագրավ տոնակատարությունը, որին մասնակցում են 70-ից ավելի մտավորականներՙ բանաստեղծներ, երաժիշտներ, նկարիչներ, մանկավարժներ, արհեստավորներ... Ե՛վ անցյալ տարի, ե՛ւ ընթացիկ տարվա հուլիսի 1-ին այգում ծիրանի մասին բանախոսել է Սերգեյ Սիմոնյանը: Ելույթներ են ունեցել շատերը, ծիրանի մասին հնչել են երգեր, բանաստեղծություններ, միաժամանակ վայելելով հայկական քաղցրահամ ծիրանը: Չորս կողմերում ժպտում են երփներագն ծիրանները եւ համտեսի ու վայելումի հրավեր կարդում...

Ավարտելով խոսքսՙ հավելեմ ու շեշտեմ, որ ճանաչված գրող ու գեղանկարիչ Արեւշատ Ավագյանը, հիրավի, մեծագույն ջանքեր գործադրելով, Մշակույթի հայկական ֆոնդի գործունեությունը սիրով ու նվիրումով տանում է մշակութային բազմերանգ լույսերի ճանապարհով ոգեղենորեն ու առարկայացված գիտելիքներով սնուցելով ու հայեցի պահելով հազարավոր հայորդիների, նպաստելով հայապահպանության ու համախմբումի ամենամեծ գործիքիՙ ազգային մշակույթի բազմազան ճյուղերի աճին ու զորեղությանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #126, 24-07-2013

AZG Daily #46, 07-12-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ