RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#125, 2013-07-23 > #126, 2013-07-24 > #127, 2013-07-25 > #128, 2013-07-26 > #129, 2013-07-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #127, 25-07-2013



Տեղադրվել է` 2013-07-27 12:25:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 1213, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 15

ՊՈՒՏԻՆԸ` ԱԴՐԲԵՋԱՆԻ ՃԱՆԱՊԱՐՀԻ՞Ն

Երեկ օրվա վերջին ՌԴ նախագահ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը APA գործակալությանը տեղեկացրել է, որ «նախապատրաստվում է Պուտինի այցը Ադրբեջան»: Պեսկովի ասելով, «այցի ճշգրիտ ժամկետի մասին կհայտարարվի մոտ ժամանակներս»:

Haqqin.az-ը, առանց աղբյուր նշելու, սույն տեղեկատվությանը հավելել է, թե «հայտնի է, որ օգոստոսի 12-ին Պուտինը նավով կայցելի Իրան» եւ ավելացրել, որ «ամենայն հավանականությամբ, մինչ այդ նա կարճատեւ կանգառ կունենա Ադրբեջանում»:

Նույն լրատվամիջոցը տեղեկացրել է նաեւ, որ իրենց թղթակիցը կապ է հաստատել Կրեմլի մամուլի ծառայության հետ, որտեղ ասել են, թե «Վ. Պուտինի Ադրբեջանի այցի ժամկետները որոշված չեն» եւ խորհուրդ են տվել դիմել ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովին: Ըստ երեւույթին, վերջինիս հետ ադրբեջանական լրատվամիջոցին չի հաջողվել կապ հաստատել:

Ավելի վաղ ադրբեջանական «Զերկալո»-ն գրել էր, թե ՌԴ նախագահի Ադրբեջան այց կատարելու մտադրության մասին «տեղեկատվական արտահոսքը կազմակերպված է եւ որոշակի քարոզչական նպատակներ է հետապնդում»: Թերթն իր եզրահանգումը հիմնավորել էր նրանով, որ ոչ ռուսաստանյան, ոչ ադրբեջանական «պաշտոնական շրջանակները որեւէ կերպ չեն մեկնաբանում մամուլի տեղեկությունները»:

Եթե ադրբեջանական կիսապաշտոնական APA գործակալության տեղեկությունն իրոք ստացվել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովից, ապա կարելի է ասել, որ ռուսաստանյան կողմն արդեն իսկ պաշտոնապես հաստատել է, որ Պուտինը մտադիր է ուղեւորվել Ադրբեջան: Ե՞րբ դա տեղի կունենա` արդեն էական չէ:

Ռուսաստանցի քաղաքագետ, եվրասիականության ջատագով Ալեքսանդր Դուգինի կարծիքով, Պուտինը «Բաքվում Ալիեւի հետ կխոսի բարեկամաբար, կարելի է ասել` եղբայրաբար», բայց ավելացրել, որ «դրա համար հարկ կլինի արտաքսել բազմաթիվ իսրայելցիների, որպեսզի չխանգարեն բարեկամական մթնոլորտին»:

Երեկ Դուգինի «հորդորներին» անդրադարձել է News Baku Post թերթի խմբագիր Թոֆիգ Աբասովը եւ նկատել տվել, թե «կարիք չկա նման կոշտ նախապայմաններ հնչեցնել»: Կարելի է հասկանալ, որ Մոսկվա-Բաքու` փորձագիտական մակարդակի «փոխհրաձգությունը» մոտակա օրերին ավելի է սրվելու: Այնպես որ բացառված չէ, որ Պուտինի` Բաքվում երկար սպասված ուղեւորությունն իրոք «շրջադարձային դառնա», բայց` ռուս-ադրբեջանական հարաբերությունները վերջնականապես փակուղի մտնելու իմաստով:

Ըստ երեւույթին, հենց այդ զգուշավորությունն է պատճառը, որ Պուտինը որոշել է Ադրբեջան ուղեւորվելուն մեծ հնչեղության չտալ, այլ ամեն ինչ տեղավորել Իրան մեկնելիս «կարճատեւ կանգառ ունենալու անհրաժեշտության» մասին դիվանագիտական ձեւակերպման շրջանակներում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #127, 25-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ