RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#125, 2013-07-23 > #126, 2013-07-24 > #127, 2013-07-25 > #128, 2013-07-26 > #129, 2013-07-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #127, 25-07-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-07-27 12:25:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 1205, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 15

ՕՍԿԱՆՅԱՆԻՆ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԻՑ ՍԽԱ՞Լ ԷԻՆ ԶՐԿԵԼ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելն իր մեջ ոչ մի գաղտնիք չի պարունակում: Քաղաքական գործիչները, որոնք մեկումեջ կամ պաշտոնյա են եղել, կամ` մեկ իշխանամետ, մեկ` ընդդիմադիր, ամենահեշտ նյութն են, որոնց հետ կարելի է խաղալ պլաստիլինի պես` սարքելով մեկ հիանալի արձան, մեկ տձեւ զանգված: Մերոնցից ամեն մեկի վրա իշխանությունն այնքան կոմպրոմատ ունի, տնտեսական եւ տարբեր բնույթի այնքան բազմաթիվ լծակներ, որ «քաղաքական» բառն առհասարակ կամաց-կամաց իմաստազրկվում է: Բացառություն չէ Վարդան Օսկանյանը, որին նախ խորհրդարանի նիստով լուրջ-լուրջ զրկեցին անձեռնմխելիությունից, մեղադրեցին փողերի լվացման մեջ, իսկ հիմա, երբ անցել են նախագահական ընտրությունները, եւ նա իրենից որեւէ վտանգ չի ներկայացնում, որեւէ մեկին մրցակից չի կարող լինել այս պահին, «ներել են», համենայն դեպս` ըստ ԱԱԾ հաղորդագրության: Ըստ այդ հաղորդագրության` Օսկանյանը ցուցմունք է տվել նախաքննական մարմնին եւ խոստովանել, որ Հանթսմանի բարեգործական գումարների 250.795. 26 ԱՄՆ դոլարը օգտագործել է անձնական նպատակներով («Սիվիլիթասի գումարն անգիտակցաբար օգտագործվել է իմ անձնականի համար») եւ պատրաստակամություն հայտնել վճարել դրանից առաջացող հարկային պարտավորության գումարը` քննությամբ ֆիքսված գումարը համարելով եկամուտ եւ կատարելով դրանից բխող հարկային պարտավորությունները: Եւ խնդրել է դրանից հետո կարճել քրեական գործի վարույթը եւ իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել: Հետաքրքրական է, որ նախաքննական մարմինը Օսկանյանի արարքը վերաորակել է որպես առանձնապես խոշոր չափերով հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու հանցակազմ, եւ քանի որ Օսկանյանը վերականգնել է հարկային պարտավորությունից առաջացած գումարը` նրա հանդեպ քրեական հետապնդումը դադարեցվել է:

Մինչդեռ փողերի լվացումը շատ ավելի ծանր մեղադրանք է, ու հաստատ հարկերից չարամտորեն խուսափելու համար պատգամավորական անձեռնմխելիությունից մարդու չէին զրկի: Բայց ամենահետաքրքրականն այն է, որ Վարդան Օսկանյանն էլ իր ալտերնատիվ հայտարարությունն է տարածել` շեշտադրելով, որ փողերի յուրացման եւ լվացման ծանր մեղադրանքները հանցակազմի բացակայության պատճառով չկարողանալով ապացուցել` ստիպված են եղել գործն այլ ճանապարհով կարճել: Ու նշում է, որ ինքը որեւէ խոստովանություն չի արել եւ ԱԱԾ նամակում էլ գրել է, թե «Սիվիլիթասի» օգտագործման համար նախատեսված Հանթսմանի գումարից ոչ մի լումա չի չարաշահվել, այլ լավ կառավարման արդյունքում դեռ 100 հազար դոլարով էլ ավելացել է: Իսկ ամենակարեւորը` Օսկանյանն իր հայտարարության մեջ դառնանում է. «Այս ամենի մեջ ամենակարեւորն այն է, որ ինձ առաջադրված «փողերի լվացման» եւ «փողերի յուրացման» երկու ծանր մեղադրանքները, ինչի արդյունքում ինձ զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, հանցակազմի բացակայության պատճառով չեն կարողանում ապացուցել եւ ստիպված են լինում այլ ճանապարհներով գործը կարճել»:

Փաստորեն` Վ. Օսկանյանի դեմ քրեական հետապնդումն սկսվեց ընտրական ժամանակաշրջանում, երբ նա կոշտ ընդդիմադիր էր, եւ ավարտվեց հիմա, երբ Հայաստանում բոլորովին այլ կրքեր են եռում, եւ Օսկանյան-քաղաքական գործչի կերպարը ոչ ոքի ոչինչ չի սպառնում: Ու ոչինչ անկանխատեսելի է այս բոլորի մեջ: Ոչինչ նոր: Ամեն ինչ աշխարհի չափ հին է: Ու մի բան էլ` կարելի է, չէ՞, քաղաքական գործիչներին վնասազերծելիս գոնե երբեմն, առիթից առիթ այսպես պրիմիտիվ սցենարով չգործել ու հասարակության համար վաղուց կանխատեսելի մոտեցումներից հրաժարվել, ի վերջո հիմա բոլոր ոլոտներում կրեատիվի պահանջ կա: Իսկ արդյոք անհարմար կզգա՞ն մեր պատգամավորները, որոնք դեմքի խելացի արտահայտությամբ կողմ էին քվեարկում Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու առաջարկին: Չնայած` անհարմար զգալը եւս այժմ քաղաքական եւ որեւէ այլ կատեգորիայի չի պատկանում` օրենքից դուրս է:

Հետաքրքրական է` Օսկանյանը հիմա տարբեր դատական ատյաններով կվիճարկի՞ իրեն առաջադրված նախնական մեղադրանքի օրինականությունը: Չնայած` դա հազիվ թե տեղի ունենա, չէ՞ որ մեկտարյա քաշքշուկը հրահրվել է հենց քաղաքական գործչին լռեցնելու համար, ով-ով` Օսկանյանը հիմա բոլորից լավ կիմանա, թե որն է չլռելու գինը:

Տխուր է: Այն իմաստով, որ ոչ թե Օսկանյանն է հրեշտակ, կամ մեր մյուս քաղաքական գործիչները, որոնցից ոչ մեկն էլ թերեւս հրեշտակի թեւեր չունի ու բազմաթիվ խառնակ գործերի մասնակից է, այլ այն, որ հանրության մեջ հույսն է կորչում քաղաքականության հանդեպ:

Օսկանյանի գործն ի վերջո նմանվեց Վերահսկիչ պալատի բացահայտումներից շատերին, երբ ֆինանսական ահարկու չարաշահումներ անողները վերականգնում են գումարները ու շարունակում պաշտոնավարել գոհ ու երջանիկ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #127, 25-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ