RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#125, 2013-07-23 > #126, 2013-07-24 > #127, 2013-07-25 > #128, 2013-07-26 > #129, 2013-07-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #127, 25-07-2013



ԿՈՉ

Տեղադրվել է` 2013-07-27 12:25:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 1269, Տպվել է` 78, Ուղարկվել է էլ.փոստով` 37

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՀՈՎԻՎՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Եպիսկոպոս, վերապատվելի Ռուբիկ Թումանյան
Վերապատվելի Լեւոն Պարտագճյան
Վերապատվելի Արթուր Սիմոնյան
Վերապատվելի Ռաֆայել Գրիգորյան
Վերապատվելի Ռուբիկ Փահլեւանյան
Վերապատվելի Սամվել Նավոյան

Ընդդեմ Հայաստանում այլասերվածությունների օրինականացման եւ հանուն ավանդական-հոգեւոր արժեհամակարգի պաշտպանության

Մենք` Հայաստանի ավետարանական ընտանիքի եկեղեցիների հովիվներս`

1. Խորին մտահոգություն ենք հայտնում, որ`

ա. Դեռեւս 2008 թվից սկսվել է միջազգային փաստաթղթերում ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձանց իրավունքների ընդլայնման գործընթացը. որոնց տակ Հայաստանը դրել է իր ստորագրությունը:

Այդ թվում` ԵԽ ԽՎ 2010թ. N1728 բանաձեւում հայտարարվել է (կետ 1), որ սեռական կողմնորոշումը «կարող է լինել հետերոսեքսուալ (տարասեռ), բիսեքսուալ (երկսեռ) եւ հոմոսեքսուալ (նույնասեռ)»` հանդիսանալով «յուրաքանչյուր մարդու ինքնաիդենտիֆիկացման սկզբունքային բաղադրիչը»: Այնուհետեւ` «Գենդերային ինքնությունը զուգակցվում է անհատի կողմից իր սեռի խորն ընկալման հետ: Տրանսգենդեր կոչվում են այն մարդիկ, որոնց մոտ գենդերային ինքնությունը չի համընկնում նրանց կենսաբանական սեռի հետ».

բ. Արեւմտյան որոշ երկրներում օրենսդրական մակարդակով վերանայման են ենթարկվում համամարդկային բարոյականության համակարգը, ամուսնական հարաբերությունների, ընտանիքի, ծնողների եւ երեխաների հարաբերության հիմքերը.

գ. Այսօր միջազգային հարթության մեջ տարբեր երկրների հետ տարվող բանակցություններում ի հայտ են գալիս ոչ-ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձանց շահերին ամբողջատիրական բնույթ տվող օրենքների ներմուծման փորձերը:

2. Արձանագրում ենք, թե վերոնշյալ գործընթացներն իրենց արտահայտությունն են գտնում նաեւ Հայաստանում.

ա. Ի դեմս`«Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի, որի երրորդ հոդվածում գենդերը, լինելով սոցիալ-հոգեբանական սեռ, սահմանվում է որպես «ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք».

բ. Հիշյալ օրենքում խոսվում է նաեւ նման կերպով սահմանված գենդերային հավասարության ապահովման ոլորտում միջազգային իրավունքի նորմերի պահպանման (հոդված 4), նորմատիվ իրավական բազայի ձեւավորման, կատարելագործման, զարգացման եւ միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին համապատասխանեցման (հոդված 8) մասին.

գ. ՄԻՊ-ի աշխատակազմի կողմից մշակվող «Խտրականության դեմ» նախագծի առաջին տարբերակում 5-րդ հոդվածի 1-ին կետում, ի թիվս այլ խտրականությունների, անթաքույց ներառնված էր նաեւ ըստ «սեռական կողմնորոշման եւ գենդերային ինքնության» խտրականությունը, իսկ այսօրվա տարբերակում նշված հոդվածի 7-րդ կետում «ձեռքբերովի» այս գենդերը շարունակում է տարանջատված մնալ կենսաբանական սեռից, դառնալով, այսպես կոչված, «պաշտպանված» խմբի հատկանիշ, եւ «արժանանում» ավանդական արժեհամակարգին հետեւող անձանց ունեցած բոլոր իրավունքներին:

3. Տագնապ ենք բարձրացնում, որ այլասերվածությունների օրինականացման այդ շարժումը, ուղղված լինելով քրիստոնեական քաղաքակրթության, եւ ընդհանրապես մարդու տեսակի, ընտանիքի ինստիտուտի եւ մեր ազգային-հոգեւոր արժեհամակարգի ոչնչացմանը.

ա. Հավերժական բարոյական սկզբունքները փոխարինվում են բարոյագիտական հարաբերականությամբ, ձգտում անհատի ամբողջականության աղճատմանը եւ նրա մարմնավոր բաղադրիչի գերակայությանը.

բ. Նպատակ ունեն` ծնողներին երեխաների դաստիարակության «բեռից» ազատելու, կրթական համակարգում ձեւավորելու ցանկացած բարոյական սահմանափակում մերժող մարդուն.

գ. Գիտության նվաճումներն օգտագործում են` անհատի ծագումնաբանական կապն իր նախնիներից եւ ազգամշակութային հիմքից կտրելու, արվեստի մեջ ձգտում են` սիրո վեհ զգացմունքը բնազդների բավարարմամբ փոխարինելու:

4. Փաստում ենք, թե`

ա. Աստվածաշունչն արձանագրում է, որ Արարիչը մարդուն ստեղծեց տարասեռ` այր եւ կին, օրհնեց նրանց ամուսնական միությունը եւ որդեծնությունը, տվեց մշակութային հանձնարարականը` երկրային բոլոր համակարգերը բերելու օպտիմալ արդյունավետության մի վիճակի (Ծննդոց 1.26-28).

բ. Հին կտակարանում խոսվում է Սոդոմ եւ Գոմոր քաղաքների ավերման մասին, նրա բնակիչների արվամոլության եւ ծայրահեղ ապականվածության պատճառով (Ծննդոց 19.4-11): Իսկ Ղեւտացվոց գրքում (18.22: 20.13) արվամոլությունը համարվում է պղծություն:

Նոր Կտակարանում Հռոմեացիների 1.24-27-ում, Ա Տիմոթեոս 1.9,10-ում Պողոս առաքյալը դատապարտում է համասեռամոլությունը` որպես մեղք, իսկ Ա Կորնթացիների 6.9-11-ում, ի թիվս այլ ծանրագույն մեղքերի, ահազանգվում է դրա հավիտենական կորստաբեր հետեւանքների մասին:

գ. Հակառակ հեթանոսության շրջանի այլասերվածություններին`քրիստոնեությունն այնուհետեւ սրբազնագործեց մոնոգամ ընտանիքը (Եբրայեցիների 13.4` «Ամուսնությունը պատվական է եւ անկողինը` սուրբ»)` Քրիստոսի զոհաբեր սերը ներկայացնելով որպես ամուսնական անձնուրաց սիրո համար օրինակ (Եփեսացիների 5.25):

5. Դիմում ենք հայ հասարակայնությանը`

ա. Հորդորելու հայրենի իշխանություններին` օրենսդրական եւ գործադիր ոլորտներում, ինչպես նաեւ միջազգային ինտեգրման գործընթացում, հավատարիմ մնալու մեր ավանդական-հոգեւոր արժեհամակարգին, Ազգային Ժողովում ընդունելու համասեռամոլության եւ մյուս այլասերվածությունների քարոզչության արգելման օրենք.

բ. Հայտնելու իրենց նախանձավորությունը` բարձրացնելու քաղաքակրթության փրկության եւ քրիստոնեական արժեհամակարգի ջատագովության դրոշը.

գ. Կոչ անելու մեր հավատավոր եւ բոլոր հայրենակիցներին` ըստ ամենայնի պաշտպանել անցյալից ժառանգած մեր բարձրագույն արժեքները, միանալ այդ նպատակով նախաձեռնված ստորագրահավաքի շարժմանը:

Հայաստան երկրի եւ մեր ժողովրդի օրհնության համար բարեխոսական աղոթքով`

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #127, 25-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ