RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#126, 2013-07-24 > #127, 2013-07-25 > #128, 2013-07-26 > #129, 2013-07-27 > #130, 2013-07-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #128, 26-07-2013



Տեղադրվել է` 2013-07-25 23:30:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 1228, Տպվել է` 40, Ուղարկվել է էլ.փոստով` 16

ՊՈՒՏԻՆԸ ՄԵԿՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆ` ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ «ԱՌԱՋԱԴՐԵԼՈՒ» ՄԵՀՐԻԲԱՆ ԱԼԻԵՎԱՅԻ՞Ն

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի կողմից APA գործակալությանը հայտնած` Վլադիմիր Պուտինի Ադրբեջան մեկնելու մասին տեղեկատվությունից տառացիորեն ժամեր անց ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցներում միաժամանակ տարածվել է անցած նախագահական ընտրություններում Պուտինի վստահված անձ, Ռուսաստանի ադրբեջանական համայնքի պատվավոր նախագահ, այսպես կոչված «միլիարդատերերի ակումբի» անդամ Սոյուն Սադիկովի հոդվածը:

Այն նվիրված է նախագահական ընտրությունների նախօրյակին Ադրբեջանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին: Վերլուծելով իրավիճակըՙ Սադիկովը գտնում է, որ «Իլհամ Ալիեւը կհաղթի ընտրություններում, բայց` շնորհիվ վարչական ռեսուրսի գործադրման, եւ ժողովուրդը նրան որպես լեգիտիմ նախագահի չի ընդունի»: Նա կանխատեսում է, որ իրադարձությունների նման զարգացման դեպքում «անհնար կլինի խուսափել բախումներից»:

Իբրեւ ելք` Սադիկովը զարգացմում է Մեհրիբան Ալիեւային նախագահի թեկնածու առաջադրելու տարբերակը: Ի շարս այլ հիմնավորումների, նա, մասնավորապես ընդգծում է, թե «հնարավոր է հենց նրան` կնոջը եւ մորը կհաջողվի լուծել Ադրբեջանի համար առանձնահատուկ ցավալի` Լեռնային Ղարաբաղի խնդիրը` առաջարկելով դրա լուծման իրոք նոր տարբերակներ»:

Նկատենք, որ ավելի վաղ Մեհրիբան Ալիեւային նախագահի թեկնածու առաջադրելու նախաձեռնություն ցուցաբերած «Ադրբեջանի ժողովրդավարական երկիր» կուսակցության պատասխանատուները նույնպես նրա հետ էին կապել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հեռանկարը: Եվ եթե Ռուսաստանի ադրբեջանական համայնքի պատվավոր նախագահը, որ նաեւ «միլիարդատերերի ակումբի» անդամ է, նույնպես շեշտադրում է այդ հանգամանքը, ապա կարելի է ենթադրել, որ Ադրբեջանի քաղաքական եւ հասարակական բավական ազդեցիկ շրջանակներ պարզապես չեն ընդունում ղարաբաղյան կարգավորման հարցում Իլհամ Ալիեւի չափազանց կոշտ եւ տարածաշրջանի համար վտանգավոր զարգացումներ սադրող դիրքորոշումը:

Սոյուն Սադիկովի հոդվածը, մինչդեռ, հետաքրքրական է հատկապես նրանով, որ ռուսաստանյան մամուլում տպագրվել է Պուտինի Ադրբեջան կատարելիք այցի մասին կիսապաշտոնական տեղեկատվության տարածմանը գրեթե զուգահեռ: Փաստացի դրանց միջեւ դժվար է որոշակի առնչություն մատնանշել: Բայց չէ՞ որ հենց այնպես ոչինչ չի լինում: Մանավանդ որ, ինչպես ադրբեջանական փորձագետներն են ասում, Սոյուն Սադիկովը «Պուտինի մոտ մուտք ունեցող անձնավորություն է»:

Հնարավո՞ր է, որ Բաքվում Ալիեւ-Պուտին հանդիպմանը քննարկվի նաեւ մեկ ժամկետով իշխանությունը Մեհրիբան Ալիեւային փոխանցելու հարցը: Պուտինը նման փորձ ունի, որքան էլ համեմատությունը տեղին չթվա. նա մեկ անգամ «գահը» զիջել է Դմիտրի Մեդվեդեւին` մնալով, սակայն, ՌԴ փաստացի ղեկավար: Եվ ինչո՞ւ բացառել, որ Ռուսաստանի նախագահը կարող է Իլհամ Ալիեւին «եղբայրաբար հորդորել», որ թեկնածությունը չառաջադրի եւ առաջնաբեմ մղի տիկնոջը:

Ի՞նչ շահ կունենա այս հարցում Կրեմլը` դժվար է փաստերով հիմնավորել: Նշենք միայն, որ Մեհրիբանի քույրը` Նարգիզ Փաշաեւան, ռուսաստանյան ընկերությունների հետ սերտ բիզնես կապեր ունի, միաժամանակ գլխավորում է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Բաքվի մասնաճյուղը:

Ամեն ինչ, իհարկե, ենթադրությունների ոլորտից է: Ստույգ է այն, որ գրեթե մեկ ամիս Մեհրիբան Ալիեւան Ադրբեջանից բացակայում է: Ավելի վաղ մենք գրել էինք, որ դա «կարծես աքսոր է», նրան հեռացրել են, որպեսզի նախագահի թեկնածու առաջադրվելու խոսակցություններն աստիճանաբար մարեն: Այնուամենայնիվ, ընդգծենք նաեւ, որ, չնայած իշխող «Ենի Ազարբայջան» կուսակցության հավաստիացումներին, որ նա «պաշտպանում է Իլհամ Ալիեւի թեկնածությունը», անձամբ Մեհրիբան Ալիեւան առ այս պահը պաշտոնապես չի հայտարարել, թե մտադիր չէ առաջադրվել Ադրբեջանի նախագահի թեկնածու: Իսկ, ինչպես ասում են, «սատանան մանրուքների մեջ է»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #128, 26-07-2013

AZG Daily #34, 13-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ