RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#126, 2013-07-24 > #127, 2013-07-25 > #128, 2013-07-26 > #129, 2013-07-27 > #130, 2013-07-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #128, 26-07-2013



Տեղադրվել է` 2013-07-25 23:30:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 950, Տպվել է` 22, Ուղարկվել է էլ.փոստով` 14

ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՄԻՇՏ ՊԵՏՔ Է ՄԵԿԸ ՃՆՇԻ՞

ՎԱՐՈՒԺԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

Ասոցացման համաձայնագիրը որոշ ուժերի բկին է մնացել, որոնք ամեն ինչ անում են, որ Հայաստանը հայտնվի այդ վիճակում

Երբ հայտարարվեց, որ Հայաստանն ու Եվրոմիությունն ավարտել են Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման համաձայնագրի բանակցությունները, վերջին շրջանում ռուսաստանյան ներկայության, ավելինՙ դերակատարության ջատագովները սկսեցին մեկնաբանել, թե Եվրոմիությունը վախենում է կամ առնվազն վտանգված է համարում նոյեմբերի վերջին Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը, դրա համար էլ արագացնում է որոշ գործընթացներ:

Ամենից առաջ, այսօրինակ մեկնաբանությունները ոչ միայն ակնհայտորեն իրարանցում ու անհասկանալի վիճակ ստեղծելուն են միտված, այլեւ, մեղմ ասած, կիսագրագետ են: Եվ այսպիսի բնորոշում տալու համար գոնե երկու պատճառ կարելի է նշել:

Նախ, ինչպես եվրոպական, այնպես էլ հայաստանյան կողմը քանիցս հայտարարում էին, թե հենց այս համաձայնագրի բանակցությունների առումով Հայաստանը բավականին առաջընթաց էր գրանցել դեռ ամիսներ առաջ` համաձայնեցնելով առկա տարբեր ոլորտային գլուխների զգալի մասը, ուստի ակնկալելի էր, որ մի օր, ամեն դեպքում, մինչեւ նոյեմբերին Վիլնյուսում սպասվող նախաստորագրումը, այս փաստաթղթի շուրջը բանակցությունները կավարտվեն:

Երկրորդ հանգամանքն այն է, որ գրեթե նույն իրավիճակում են Արեւելյան գործընկերության երկրներից եւս երկուսը` Վրաստանը եւ Մոլդովան, ասել է թե պետք է սպասել, որ սրանց կողմից էլ Ասոցացման համաձայնագրերի նախաստորագրմանը պիտի նախորդի ԽՀԱԱԳ համաձայնագրի բանակցությունների ավարտը, ընդ որում, Հայաստան-Վրաստան-Մոլդովա հարթակի դեպքում արդեն դժվար է միանշանակ պնդել, թե Եվրոմիությունը շտապում է ու բանակցությունները ժամանակից շուտ ավարտում:

Ասվածի վկայությունն է նաեւ այն տեղեկությունը, որ երեկ էլ Եվրոմիության ու Վրաստանի միջեւ են ավարտվել նույն ԽՀԱԱԳ համաձայնագրի բանակցությունները: Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական հաղորդագրության համաձայնՙ ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Քեթրին Էշթոնն ու Հարեւանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հուլիսի 24-ին հայտարարել են ոչ միայն ԽՀԱԱԳ, այլեւ ընդհանրապես Ասոցացման համաձայնագրի բանակցությունների ավարտի մասին: Մոլդովան էլ Վրաստանից առաջ արդեն իսկ այդ հարցը փակել է, ու տրամաբանական է, որ ինչ-որ պահի բանակցությունների ավարտ կազդարարվի նաեւ Հայաստանի առումով:

Հայաստանը հնարավոր է, որ արդեն 2014-ին ստորագրի ԵՄ հետ Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման համաձայնագիրը: Այս մասին էլ օրերս հայտարարեց Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկեվիսիուսը Բրյուսելում, իր խոսքերը հասցեագրելով ոչ միայն Հայաստանին, այլեւ Վրաստանին եւ Մոլդովային:

Մինչ այդ էլ հուլիսի 22-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում մասնակցեց Եվրոպական միության եւ Արեւելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպմանը, որին ներկա էին ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, ԵՄ ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Հանդիպման մասնակիցները քննարկել էին նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության երրորդ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները:

Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, թե եվրոպական կողմում Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ֆոնին ինչ-որ անհանգստություն կա, այլապես պատահական զուգադիպություն պետք է համարել եվրոչինովնիկների հաճախակիացած այցերը Հայաստան: Բայց դատողությունները, թե Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը ապտակ է կամ էլ չգիտեմ ինչ` ուղղված Ռուսաստանին, առնվազն ոչ արժանապատիվ կեցվածք է, քանի որ մեր ռազմավարական դաշնակցից մանր-մունր, բայց ապտակներ քանիցս ենք ստացել` գազային հարցերից մինչեւ տարածաշրջանային դիրքորոշումներ:

Մյուս կողմից, եվրոպական կողմի որոշակի անհանգստությունը կարելի է նաեւ պատճառաբանել այն ողջ աժիոտաժով, որ որոշ քաղաքական ուժեր ու հատկապես անհատներ փորձում են ստեղծել վիլնյուսյան գագաթաժողովին ընդառաջ: Այսինքն` ստացվում է, որ ինքներս ենք ջուրը պղտորում, եվրոչինովնիկներին խնդրում ենք մեկնաբանել այնպիսի հարցեր, որոնք ինքնին պղտորող են, այդպիսով ջուր լցնելով Հայաստանի եվրոպական ինտեգրմանը ոչ բարի աչքով նայողներին: Ինքներս ենք իրավիճակը հասցնում այնտեղ, որ, օրինակ, Բրյուսելում «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Եվրոմիության հարեւանության ու ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարում է, թե Եվրոմիության կողմից Հայաստանի վրա ճնշումներ չկան, թե Հայաստանը ազատ է կատարելու ինքնակամ որոշում:

«Ես վերջերս Հայաստանում էի եւ չհանդիպեցի մեկին, ով կասեր, թե մենք ճնշում ենք մեր գործընկերներին` ընտրություն կատարել Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ: Արեւելյան գործընկերության նախարարական հանդիպման ժամանակ ես նշեցի, որ Արեւելյան գործընկերության ծրագիրը իր Ասոցացման համաձայնագրով նպատակ ունի ամրապնդել մեր գործընկերների հնարավորությունները եւ դիրքերը տարածաշրջանում, ինչպես նաեւ խրախուսել հարեւան երկրների հետ իրենց ավանդական հարաբերությունները», ասել է Ֆյուլեն:

Այնպիսի տպավորություն է ստացվում, կարծես Հայաստանին պարտադիր ու միշտ ինչ-որ մեկը պիտի ճնշի, այլապես մենք մեզ մի քիչ լավ չենք զգում: Այսպիսի հոգեբանությամբ առաջնորդվողների դատողություններում դերակատարություն ունի նաեւ անտեղյակությունը, քանի որ հղումները հայտարարություններին, թե Հայաստանը Վիլնյուսի հանդիպումից էլ ավելի շուտ կարող է ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, ուղղակի կրկին անգրագիտության դրսեւորում են:

Եվրոմիությունը, մեծագույն ցանկության ու շտապողականության, Հայաստանի` Ռուսաստանի գրկում առհավետ հանգրվանելու «վտանգը սրտում» անգամ չի կարող որեւէ կերպ այնպիսի գործընթացներ կազմակերպել, որոնց միջոցով Հայաստանը Ասոցացման համաձայնագիր ստորագրի մինչեւ նոյեմբերի վերջ: Հիշեցնենք, որ նոյեմբերի վերջին ասոցացման համաձայնագրի նախաստորագրմանը դեռ հաջորդելու է իրավաբանների ու լեզվաբանների կողմից փաստաթուղթը իրավական դարձնելու գործընթացը, ապա նաեւ վավերացման հարց կառաջանա ոչ միայն Հայաստանի խորհրդարանում, այլեւ ԵՄ անդամ բոլոր երկրների:

Այսինքնՙ Ասոցացման գործընթացում արագացում որեւէ կերպ չի նկատվում, ու որքան էլ որոշ ռուս քաղաքագետներ, հայտնի ու անհայտ պատճառներով լուրեր տարածեն, թե Հայաստանը չի նախաստորագրելու Ասոցացման համաձայնագիրը, դա երբեք չի կարող նշանակել, թե Հայաստանը հենց այդպես էլ կվարվի: Իսկ որ Ասոցացման համաձայնագրի տեքստը մարդիկ դեռ չեն տեսել, դա եւս չի նշանակում, թե չեն տեսնելու. համաձայնագիրը հանրային կդառնա, երբ սկսվեն դրա քննարկումները խորհրդարանում, ու եթե պարզվի, որ Եվրոմիությունը այդ փաստաթղթում «լուծել է» ղարաբաղյան հարցը, կամ էլ ՀԱՊԿ-ից հանել Հայաստանն ու ՆԱՏՕ ուղարկել, մեր խորհրդարանականները միշտ էլ կարող են ուղղակի չվավերացնել այդ համաձայնագիրը` թույլ չտալով մտնել ուժի մեջ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #128, 26-07-2013

AZG Daily #35, 20-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ