RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#126, 2013-07-24 > #127, 2013-07-25 > #128, 2013-07-26 > #129, 2013-07-27 > #130, 2013-07-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #128, 26-07-2013



Ընդգծումներ

Տեղադրվել է` 2013-07-25 23:30:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 778, Տպվել է` 75, Ուղարկվել է էլ.փոստով` 13

ԱՌԱՋԻՆ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԸ

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու

Չմոռանա՛լ Հայոց ցեղասպանության պատմության տրամաբանությունը

Լրանում է Առաջին համաշխարհային պատերազմի սկսման 99-ամյակը: Աշխարհը ցնցած եւ համաշխարային քաղաքական համակարգի վրա աննախադեպ ազդեցություն ունեցած այդ պատերազմի մասին շատ է գրվել, շատ է խոսվել, նկարահանվել են ֆիլմեր, կանգնեցվել են բազում հուշարձաններ: 1914 թ. օգոստոսի 1-ին Գերմանիան պատերազմ հայտարարեց Ռուսաստանին, իսկ օգոստոսի 3-ինՙ Ֆրանսիային: Օգոստոսի 4-ին Առաջին աշխարհամարտի եվրոպական թատերաբեմերում սկսվեցին ռազմական գործողություններ, որոնք արագորեն տարածվեցին այն ժամանակվա մի քանի խոշոր մետրոպոլիաների գաղութներում, աշխարհի տարբեր մասերում: Իմպերիալիստական եւ անարդարացի կոչված այդ պատերազմին միմյանց դեմ էին կռվում մի կողմից Անտանտի (Անգլիա, Ֆրանսիա, Ռուսաստան), մյուս կողմիցՙ Եռյակ դաշինքի (Ավստրո-Հունգարիա, Օսմանյան Թուրքիա, սկզբում նաեւ Իտալիա) բանակները: Առաջին աշխարհամարտի առաջացրած քաղաքական ցնցման եւ դրա տրամաբանական շարունակությունների արդյունքը եղավ այն, որ այդ պատերազմի վերջում կործանվեցին միապետական կարգերը Ռուսաստանում, Գերմանիայում, Ավստրո-Հունգարիայում եւ Օսմանյան կայսրությունում: Եվրոպայում ձեւավորվեց բոլորովին նոր քաղաքական քարտեզ, իսկ աշխարհը բաժանվեց երկու բեւեռներիՙ կոմունիստական եւ այսպես կոչված կապիտալիստական: Առաջին աշխարհամարտի ռազմաճակատներում կռվում էին միլիոնավոր մարդիկ, առաջին անգամ կիրառվեց քիմիական զենք, զոհվեց ավելի քան տասը միլիոն մարդ: Սակայն ամենամեծ ողբերգությունը ապրեց հայ ժողովուրդը, ավելի կոնկրետՙ արեւմտահայությունը, որը Օսմանյան կայսրությունում ենթարկվեց ցեղասպանության եւ դադարեց գոյություն ունենալ իր պատմական հայրենիքումՙ Արեւմտյան Հայաստանում, որն այդ ժամանակվա միջազգային հարաբերությունների փաստաթղթերում անվանվում էր Թուրքահայաստան: 20-րդ դարում աննախադեպ այդ ոճրագործությունը Առաջին համաշխարհային պատերազմի վերջում հաղթած պետությունների միջամտությամբ դատապարտվեց միայն մասամբ, երկչոտ եւ քաղաքական առուծախի առարկա դառնալով: Փորձենք վեր հանել Առաջին համաշխարհային պատերազմի հետ կապված այն խնդիրները, որոնք իմաստ ունի մեր իրականության մեջ կրկին քննարկել ու վերհանել, ընդառաջ գնալով Առաջին աշխարհամարտի հարյուրամյակին եւ դրանով ներդաշնակ դարձնել մեր պատմական արդարության ակնկալիքը միջազգային հանրության խնդիրներին:

Թե ինչպես դադարեց գոյություն ունենալ Արեւմտյան Հայաստան կամ Թուրքահայաստան քաղաքական-աշխարհագրական եզրը

1912-1913 թթ. ընթացքում, լարված միջազգային հարաբերությունների եւ մեծ տերությունների միջեւ անընդհատ սրվող հակասությունների պայմաններում, Ռուսաստանի նախաձեռնությամբ, քննարկվում էր Արեւմտյան Հայաստանում բարեփոխումներ իրականացնելու եւ ինքնավարություն շնորհելու հարցը: Այդ քննարկումների արդյունքում, Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին, կարծես որոշվել էր հայաբնակ նահանգներին խիստ սահմանափակ կամ, ինչպես այժմ է ընդունված անվանել, մշակութային ինքնավարություն շնորհելու հարցը: Սակայն մեծ տերությունների նախաձեռնությամբ հայաբնակ երկու նահանգներում կառավարիչներ նշանակված եվրոպացիներ Հոֆը եւ Վեստենենկը, պատերազմի սկսման պատճառով Թուրքահայաստան այդպես էլ չհասան: Հայաբնակ նահանգների, եւ ոչ միայն Արեւմտահայաստանի, այլեւ ու Կիլիկիայի անջատումը կամ Ռուսաստանի եւ նրա դաշնակիցների կողմն անցնելը թույլ չտալու համար, Օսմանյան կայսրության այն ժամանակվա կառավարիչներըՙ երիտթուրքերը, նախաձեռնեցին եւ բացառիկ դաժանությամբ իրականացրին արեւմտահայության տեղահանությունն ու ոչնչացումը: Այս գործողությունների բացառիկ անմարդկայնությունը ակնհայտ էր արդեն Առաջին աշխարհամարտի ընթացքում, եւ 1916 թ., ռազմական գործողությունների ամենաթեժ շրջանում, Ռուսաստանի, Անգլիայի եւ Ֆրանսիայի ներկայացուցիչները թուրքերի գործողությունները արեւմտահայության դեմ անվանեցին հանցանք մարդկության դեմ: Հայկական պատմագրության մեջ տասնամյակներ շարունակ, խորհրդային պատմագրության ազդեցությամբ, ընդունված էր Առաջին աշխարհամարտը իմպերիալիստական եւ անարդարացի պատերազմ անվանել: Բայց այդպես չէին մտածում Ռուսաստանի տարբեր կողմերում ապրող տասնյակհազարավոր հայերը, ովքեր կամավոր գալիս էին Կովկասյան ճակատՙ փրկելու Արեւմտյան Հայաստանը եւ օգնելու իրենց թուրքահայ եղբայրներին: Այդ հանգանակությունների, օգնությունների, երիտասարդության շրջանում տիրող ազգային-հայրենասիրական վերելքի մասին խորհրդային տարիներին աշխատում էին շատ չխոսել, որովհետեւ պատերազմն անարդարացի էր, իսկ հայոց աղետի պատճառներն այդ աղետի անարդարացիության մեջ էին: Փաստը մնում է փաստ, որ Առաջին աշխարհամարտի վերջին փուլում, երբ տապալվեց կայսերական իշխանությունը Ռուսաստանում, իսկ ութ ամիս անց նաեւ Ժամանակավոր կառավարությունը, իշխանությունը ստացած բոլշեւիկների առաջին դեկրետներից մեկը վերաբերում էր Արեւմտյան Հայաստանին անկախություն շնորհելուն եւ այնտեղ խորհրդային կարգեր հաստատելուն: Սակայն Ժամանակավոր կառավարության տապալումից հետո, երբ ըստ էության քայքայվեցին Համաշխարհային պատերազմի բոլոր ռազմաճակատները եւ ռուս զինվորները լքեցին ու հեռացան անարդարացի անվանվող պատերազմի ռազմաճակատներից, Արեւմտյան Հայաստանն արդեն դատարկված էր հայությունից, իսկ հայկական սակավաթիվ զինված ուժերը միայնակ ուղղակի անկարող էին պահել հայաթափված երկրի ռազմաճակատային դիրքերը: Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի պայմաններում, Փարիզի խաղաղության կոնֆերանսում եւ Վերսալյան իրավական համակարգում, Արեւմտյան Հայաստան կամ Տաճկահայաստան հասկացությունները դեռ քաղաքացիության իրավունք ունեին, որովհետեւ հաղթած դաշնակիցները, արդեն առանց Ռուսաստանի, քննարկում էին նորաստեղծ Հայաստանի Հանրապետության եւ թուրքահայության քաղաքական պահանջները եւ մասնավորապես Ցեղասպանության ընթացքում կրած վնասների փոխհատուցման հարցերը: Սակայն Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում, արեւմտահայության ոչնչացման պայմաններում հայկական աղետի հարվածն այնքան մեծ էր, որ նորաստեղծ Հայաստանի Հանրապետությունը չկարողացավ եւ չդիմացավ թուրքական հարձակման ուժին:

1920-21թթ. ցավալի պայմանագրերի բովանդակությունը հայտնի է ամենայն մանրամասնությամբ: 1923 թ. Լոզանի պայմանագրով, փաստորեն, դադարեց արդիական լինել Արեւմտյան Հայաստան կամ Թուրքական Հայաստան եզրը: Հայաթափման նպատակով Արեւմտյան Հայաստանում եւ Անատոլիայի մնացած շրջաններում բացառիկ անմարդկային դաժանությամբ հայկական ներկայությունը վերացրած թուրքական իշխանությունները հասան իրենց նպատակներին:

Ես ճանաչում եմ տարբեր հայերի, ովքեր հավաքում եւ խնամքով պահում են աշխարհի տարբեր երկրներում տպվող աշխարհագրական, քաղաքական եւ պատմական ատլասներ ու քարտեզներ, որտեղ վերջին 90 տարիներին դեռ պահպանվում են Հայկական լեռնաշխարհ եւ Արեւմտյան Հայաստան հասկացությունները: Բայց արեւմտյան քաղաքական քարտեզագրության մեջ արդեն վաղուց այդ եզրերին փոխարինելու են գալիս Արեւելյան Անատոլյա կամ Քուրդիստան եզրերը: Պարզ է, որ միջազգային հարաբերություններում պետք են աշխատող փաստարկներ եւ իրականությունը արտահայտելու ընդունելի ձեւեր, մասնավորապես քաղաքական աշխարհագրության մեջ: Բայց աշխարհի տարբեր լեզուներով պարբերաբար եւ անընդհատ հրատարակվող քարտեզներում Արեւմտյան Հայաստան, իսկ ավելի ընդհանուր Հայկական լեռնաշխարհ աշխարհաքաղաքական հասկացությունը գործածության մեջ պահելը, կարծում ենք, քաղաքական կարեւորության խնդիր է: Սա մեր սերնդի բազում քաղաքական անելիքներից մեկն է:

Հիշել Առաջին աշխարհամարտի հայ հերոս զինվորականներին

Հիշում եմ մեր խոշորագույն պատմաբաններից պրոֆեսոր Լենդրուշ Խուրշուդյանի դասախոսությունները, երբ նա ասում էր, թե Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ միայն Կովկասից բանակ է զորակոչվել ամենաքիչը 220 000 հայ: Այդ թվաքանակի 5%-ից էլ պակասն է կռվել հայ կամավորական գնդերի կազմում եւ 10%-ից պակասըՙ կազմավորել Հայկական կորպուսը: Ահա թե ինչու, ասում էր վաստակաշատ պրոֆեսորը, առնվազն անհեթեթություն պետք է որակել թուրքական կեղծ գիտական այն տեսակետները, ըստ որոնց արեւմտահայերի տեղահանություններն ու ջարդերը պատասխան էին հայ զինվորականության գործողությունների, որոնք նպատակ ունեին անջատել Արեւմտյան Հայաստանը եւ ստեղծել անկախ Հայաստան: Այս կեղծ ու մտացածին թեզը նպատակ ուներ ուրանալու նաեւ այն ակնհայտ ճշմարտությունը, որ երիտթուրքական իշխանությունները Առաջին աշխարհամարտի հենց առաջին օրերին բանակ զորակոչեցին առնվազն 60 000 հայ զինվորների, բայց նրանց չտվեցին զենք, քշեցին պարտադիր աշխատանքների, իսկ հետո զանգվածաբար սպանեցին կամ դավանափոխ արեցին միայն այն բանի համար, որ նրանք հայկական ծագում ունեն: Հայ զինվորականները ռուսական բանակի կազմում մարտնչել են բոլոր ռազմաճակատներում եւ պատերազմի վերջի քայքայման, դրան հաջորդած հեղափոխության եւ քաղաքացիական կռիվների հետեւանքով ցրված են եղել անծայրածիր Ռուսաստանի ամենատարբեր կողմերում: Իմ ընկեր, պատմագիտության դոկտոր Վահան Մելիքյանի տվյալներովՙ 1918 թ. միայն Բաքվում կենտրոնացած էր 40 000-անոց հայկական զորախումբ, որը Ստեփան Շահումյանի եւ գեներալ Բագրատունու համատեղ մտահաղացմամբ նախատեսվում էր ուղղել դեպի Թիֆլիս, գրավել ու խորհրդայնացնել այն, իսկ այնուհետեւ ուղարկել դեպի Արեւմտյան Հայաստան, հեռացող ռուսական զորքերին փոխարինելու եւ ռազմաճակատի գիծը պահելու համար: Դրամատիկ եւ բուռն քաղաքական զարգացումների արդյունքում այդ ծրագիրը չիրականացավ, իսկ հայկական վերոհիշյալ զորախումբը քիչ ավելի ուշ, անիշխանության եւ անկազմակերպվածության պատճառով ուղղակի ցրվեց: Հայտնի է նաեւ, որ 1919 թ. նորաստեղծ Հայաստանի Հանրապետության բանակը 40 000-անոց էր: Հայտնի է, օրինակ, որ Հայաստանի խորհրդայնացումից անմիջապես հետո, 1920 թ. դեկտեմբեր, 1921 թ. հունվար ամիսներին բոլշեւիկյան իշխանությունները ձերբակալեցին եւ Ռուսաստան աքսորեցին հարյուրավոր (որոշ տվյալներովՙ մոտ հազար) հայ սպաների, որոնց մեծագույն մասը երիտասարդ մտավորականներ էին, ովքեր եկել էին Կովկասյան ճակատ Արեւմտյան Հայաստանի ազատագրությանը մասնակցելու համար եւ հետո մնացել էին Հայաստանումՙ ծառայելու նորաստեղծ Հայաստանի զինված ուժերում: Հայ մտավորականության, առանց չափազանցության, սերուցքը կազմող այդ զինվորականները աքսորվեցին Սոլովկիի եւ այլ ճամբարներ, նրանց մեծագույն մասի հետագա կենսագրությունն ուղղակի անհայտ է: Պատմաբանները ուսումնասիրել են նաեւ, որ թե՛ Հայաստանի առաջին հանրապետության գոյության տարիներին, թե՛ Հայաստանի խորհրդայնացումից հետո, ձեռնարկվել են բազմաթիվ փորձեր եւ գործադրվել են ջանքեր Ռուսաստանի տարբեր մասերում խմբված հայ զինվորներին հայրենիք տեղափոխելու համար: Բայց այդ ջանքերը միայն մասամբ են հաջողվել: Խորհրդային տարիներին, երբ իշխում էր այն գաղափարախոսական կաղապարը, թե Առաջին աշխարհամարտը իմպերիալիստական է եւ անարդար, դժվար էր ուսումնասիրել այս խնդիրները ամբողջ խորությամբ եւ ճշմարտությամբ: Ովքե՞ր էին այն հայ զինվորներն ու սպաները, որ Թուրքեստանից մինչեւ Լեհաստան հերոսաբար մասնակցել են պատերազմական բոլոր գործողություններին: 1917 թ. ընթացքում Ռուսական հեղափոխության վայրիվերումներում քայքայված բանակի պատմությունը այդքան էլ հետաքրքրական եւ պատվավոր չէր, այնինչ այդ պատերազմում, մասնավորապես նրա Կովկասյան ճակատում, փառքի ու հերոսության շատ էջեր են գրվել:

Եկող տարի միջազգային հանրությունը հարյուրամյակի առիթով ավելի մեծ չափով կանդրադառնա Առաջին համաշխարհային պատերազմի պատմությանը: Մեր երկրում, որտեղ բազմաթիվ հուշարձաններ կան նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմի հայ հերոս մարտիկներին, քաղաքացիական պատերազմում զոհվածներին, Հայաստանի առաջին հանրապետության հերոս զորավարներին, չկա եւ ոչ մի հուշարձան, որը գալիք սերունդներին կհիշեցներ ռուսական բանակի կազմում կռված 220 000 հայերի եւ նույն ժամանակ Օսմանյան Թուրքիայում կացնահարված 60 000 հայ զորակոչիկների մասին: Այնինչ սա մեր պատմության անբաժանելի մասն է: Արժե, որ մինչեւ եկող տարվա օգոստոս մի նման հուշարձան կանգնեցվի Երեւանում: Արժե, որ այսօր, երբ Ռուսաստանում եւ հետխորհրդային մյուս պետություններում հետաքրքրությամբ ուսումնասիրվում են Հոկտեմբերյան հեղափոխությանը նախորդող պատմության, մասնավորապես Առաջին աշխարհամարտի պատմության մութ էջերը, մեր պատմաբանները ձեռնարկեին Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից հայ սպաների ցուցակները կազմելու եւ կենսագրությունները հրատարակելու գործը: Կարծում ենքՙ հարմար ժամանակն է դիմելու ռուսական արխիվներին եւ վերջապես ստանալու նրանց ճակատագրերի մասին պատմող վավերական տեղեկություններ: Պատմությունը ուսանելի է, եթե նրանից դասեր են քաղում: Առաջին աշխարհամարտի պատմությունը հայկական աղետի պատմությունն է, որից հետո հայությունը ուժ է գտել եւ վերստին հառնել է միայն հրաշքով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #128, 26-07-2013

AZG Daily #39, 18-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ