RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#126, 2013-07-24 > #127, 2013-07-25 > #128, 2013-07-26 > #129, 2013-07-27 > #130, 2013-07-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #128, 26-07-2013



Մշակույթ

Տեղադրվել է` 2013-07-25 23:30:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 824, Տպվել է` 21, Ուղարկվել է էլ.փոստով` 15

«ԿԱՐԻՆԵ» ՕՊԵՐԵՏԸ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՄՈՏԵՑՄԱՄԲՙ ԱՐՑԱԽՈՒՄ

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Օրերս Տիգրան Չուխաջյանի «Կարինե» օպերետը ցուցադրվեց Արցախում` Տիգրանակերտի ամրոց-թանգարանում: Օպերետը ներկայացվեց Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերայի պատրաստման բաժնի վարիչ, պրոֆեսոր, Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայի գլխավոր ռեժիսոր Հովհաննես Հովհաննիսյանի ղեկավարությամբ:

«Ազգի» հետ զրույցում ռեժիսորն ուրախությամբ նշեց, որ արդյունքը հաջող էր. «Հետաքրքրական լուծում էինք տվել` բեմադրությունը կատարելով Տիգրանակերտի թանգարանում` բացօթյա: Բեմականությունը ուղղահայց էր, ոչ թե, ինչպես ընդունված է` հորիզոնական: Փաստորեն մենք այդ տարածքի բացումը կատարեցինք, ապագայում այնտեղ կարող են նոր բեմադրություններ իրականացնել: Ի դեպ, այնտեղ ակուստիկան ուղղակի հրաշալի է»: Հ. Հովհաննիսյանն ասաց նաեւ, որ ներկայացմանն ընդգրկված են եղել Արցախի «Վարարակն» պետական երգչախումբը (գեղարվեստական ղեկավարՙ Նինա Գեւորգյան), օպերային ստուդիայի նվագախմբի փոքր կազմը, որը բաղկացած է Կոնսերվատորիայի սաներից: Օպերետում գլխավոր դերերգերով հանդես են եկել Սոֆա Մելքումյանը (Կարինե), Սասուն Պողոսյանը (Արմեն), Վահան Բեգլարյանը (Հորհոր աղա), Արսեն Օհանջանյանը (Մարգար), Տաթեւ Եվրիյանը (Շուշան):

«Դերակատարներն այնքան լավ խաղացին, որ շատ հաճախ նույնիսկ պրոֆեսիոնալների մոտ չի ստացվում այդպես մտնել դերի մեջ ու մատուցել: Կամերային-կոմիկական այս օպերետում բոլոր հերոսները կարողացան հասունացնել կերպարները եւ լավ ներկայացնել հանդիսականին»,-նշեց ռեժիսորը: Նա ապշած էր հանդիսատեսի քանակից եւ ուշադրությունից: Մշակութասեր հանրության հոսքի պատճառով նա ստիպված է եղել փոփոխություններ կատարել. «Տիգրանակերտն Ստեփանակերտից 40 կմ հեռու է, սակայն ժողովուրդն այնքան շատ էր, որ ստիպված էի մինչ ներկայացման սկիզբը որոշ փոփոխություններ կատարել, քանի որ ներկայացման գործողությունները տեղի էին ունենում ոչ թե հատուկ պատրաստված բեմում, այլ հենց բացօթյա թանգարանում»:

Ռեժիսորն ընդգծեց նաեւ, որ անհրաժեշտ է Արցախում օպերային թատրոն հիմնել, քանի որ կա պոտենցիալ. «Շատ կարեւոր է ստեղծել պայմաններ, որպեսզի երիտասարդներն ստանալով կրթություն չմեկնեն արտերկիր: Աշխատելով այդ երգչախմբի հետ, հասկացա, որ ղարաբաղցի երիտասարդներն սովորելու, օգտակարն ու գեղեցիկը իրենցը դարձնելու լավ հատկանիշ ունեն, ամեն բառը որսում են»:

Նշենք, որ երկու տարի առաջ Արցախում Հ. Հհովհաննիսյանը եւս մի բեմադրություն է իրականացրել` Արմեն Տիգրանյանի «Անուշը». «Ղարաբաղցիներին ներկայացնելով «Անուշը», հասկացանք, որ նրանք սիրում են եւ ընդունում օպերային արվեստը, որից հետո էլ «Կարինե» օպերետի գաղափարը ծագեց»:

Ռեժիսորը վերջում ընդգծեց, որ օպերետի ամենագլխավոր խնդիրը ղարաբաղցու արեւմտահայերեն խոսելն էր:

Նշենք, որ այդ ամենը կյանքի է կոչվել ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նաիրա Աղաբալյանի աջակցությամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #128, 26-07-2013

AZG Daily #35, 20-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ