RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#126, 2013-07-24 > #127, 2013-07-25 > #128, 2013-07-26 > #129, 2013-07-27 > #130, 2013-07-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #128, 26-07-2013



Տեղադրվել է` 2013-07-25 23:30:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 972, Տպվել է` 22, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ՄԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

ՄԱՆՈՒՇԱԿ ՔՈՉԱՐՅԱՆ, (Թոշակառու)

Անցնում էի Հանրապետության փողոցով եւ հանկարծ նկատեցի երկհարկանի սեւ շենք, որը նախկին Ալավերդյան թիվ 37-ն էր: Մտովի տեղափոխվեցի 61 տարի առաջ, երբ այդ շենքի երկրորդ հարկում նշում էինք Եղիշե Չարենցի ավագ դստերՙ Արփինեի 20-ամյակը 1952 թվականն էր:

Արփինեն այստեղ չի ապրել: 1937 թ. Չարենցին բանտարկելուց հետո կնոջն աքսորում են, ավագ դստերըՙ Արփինեին հանձնում Քանաքեռի մանկատուն, իսկ Անահիտին թողնում մորական տատի մոտ: Արփինեն մանկատան դպրոցը ավարտելուց հետո տեղափոխվում է համալսարանի հանրակացարան: Քննությունները հանձնում եւ ընդունվում բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի եւ գրականության բաժինը:

Արփինեի ծննդյան 20-ամյակը հանրակացարանում չէինք կարող նշել: Եթե որեւէ մեկը հայտներ եւ տեսներ, որ մենք թեկուզ միայն մեր սենյակի աղջիկներով նշում ենք Չարենցի դստեր ծնունդը եւ արտասանում նրա հոր որեւէ բանաստեղծություն, լուրջ խնդիր կունենայինք:

Ուստի երեկոյան գնացինք նրա տատիկի տանը նշելու, քիչ անց եկավ Գեւորգ Էմինըՙ երիտասարդ, հաճելի արտաքինով: Նա նվեր էր բերել. գեղեցիկ, փոքր տուփ, մեջը 3 զեֆիրՙ վարդագույն, որ ժամանակին նորույթ էր եւ թանկ արժեր:

Արփինեի տատիկը սիրալիր էր եւ համեստ: Հյուրասիրության այս նկարի 6 աղջիկներն էինք, երիտասարդը ձախիցՙ չորրորդի նշանածն էր:

Արփինեն բարձրացավ սեղանի վրա եւ լացակումած, սրտաբուխ արտասանեց.

«Ես իմ անուշ Հայաստանի...»-ն:

«Բոլորը քեզ, բոլորը քեզ, դու չմրսես ձմռան ցրտում, բոլորը քեզ...»:

Ձմեռն անցավ, սառույցը հալվեց, գարունը եկավ հաճելի նորությամբ:

Կառավարությունը թույլատրեց տպագրել Եղիշե Չարենցին:

Չարենցի ձեռագրերը եւ մի քանի գրքեր Ալավերդյան թիվ 37 շենքի բակում, հողի մեջ թաղված արկղում էին: Դեղնած ձեռագրերը փտած էին, աջ եզրերը փշրված հուշ էին:

Դասերից հետո երեկոյան սրիչով զգուշությամբ բացում էինք թերթերը, կարողանում էինք միայն մի երեսը արտագրել, մեր տկար վիճակով տողերի վերջավորությունները մի կերպ հարմարեցնում էինք:

Լենա Պեպելյանը (ձախից) ժուռնալիստիկայի ֆակուլտետից, Լենա Եսայանը աշխարհագրականից եւ եսՙ ֆիզմաթի մեխանիկայից, Էմման անգլիական բաժնից, Վիլեն Ասատրյանըՙ հայկական բանասիրականից եւ վեցերորդըՙ Արփինեն: Հանրակացարանի մեր սենյակ հաճախ էին գալիս Գեւորգ Էմինը, Սողոմոն Տարոնցին, որին վստահեցին խմբագրելու աշխատանքը, եւ Նվարդըՙ Գեւորգ Էմինի կինը, որ Վահան Տերյանի աղջիկն էր:

Ձեռագրերի արկղի մեջ էր նաեւ Չարենցի «Գիրք ճանապարհի»-ն եւ «Պատգամ» բանաստեղծությունը, որի ամեն տողի առաջին տառով «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է» հայտնի խոսքը:

Արփինեն պատմում էր, որ հայրը Թիֆլիսում գինետանն այս մասին ասել է: Դրանից հետո նրան բանտարկել են:

Գիրքը տպագրեցին նրա համար, որ Լենինի մասին 1920 թ.-ից հետո որոշ ժամանակ որեւէ բանաստեղծություն չէր գրվել, իսկ Չարենցը ուներ:

Ահա այդ գրքի տպագրության պատճառը:

Նկար 1. Քոչարյան Մանուշակ, Ասատրյան Վիլենա, Պեպելյան Լենա,

Նկար 2. Շահնազարյան Էմմա, Չարենց Արփիկ, Եսայան Լենա. 31. XII.1952թ.

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #128, 26-07-2013

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ