RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-06 20:24:55Երևանի Արին Բերդ փողոցի 3.500 քմ տարածքում շինարարական նյութերն այրվում են
2020-08-06 18:00:37Բեյրութում սկսեց գործել ՌԴ ԱԻՆ-ի հիվանդանոցը
2020-08-06 14:45:08Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի ծեծկռտուքը (տեսանյութ)
2020-08-06 14:24:21Azgonline.am-ի զրուցակիցն է “Պայքար” օրաթերթի խմբագրական կազմի անդամ Պայծիկ Գալայջյանը Բեյրութից
2020-08-06 14:17:45Չեխ փրկարարները մեկնեցին Բեյրութ՝ տանելով նաեւ մարդասիրական օգնություն եւ 10 միլիոն կրոն
#127, 2013-07-25 > #128, 2013-07-26 > #129, 2013-07-27 > #130, 2013-07-30 > #131, 2013-07-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #129, 27-07-2013



Հակաքայլեր

Տեղադրվել է` 2013-07-26 23:41:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 2211, Տպվել է` 54, Ուղարկվել է էլ.փոստով` 40

ՀԱՅԱՍՏԱՆԻ «ԹՈՒՐՔԱԿԱՆ ԴԵՄՔԸ»

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հայաստանը եւ Թուրքիան հարեւան պետություններ են, որոնց միջեւ, սակայն, չկան միջպետական հարաբերություններ: Գաղտնիք չէ նաեւ, որ դրա պատճառը ոչ թե Հայաստանի, այլ Թուրքիայի դիրքորոշումն է: Այդ երկիրը ոչ միայն չի ցանկանում հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, այլեւ ընդգծված թշնամաբար է տրամադրված մեր դեմ, շարունակելով շրջափակման քաղաքականությունը, միջազգային բոլոր ատյաններում միակողմանիորեն պաշտպանելով Ադրբեջանի շահերը, արգելելով հայկական ապրանքների մուտքը իր երկիր անգամ երրորդ երկրի միջոցով, չխոսելով մեր ամենացավոտ վերքի` Հայոց ցեղասպանության եւ այն ուրանալու մասին:

Հակառակ վերոնշյալինՙ Հայաստանում թուրքական ապրանքների նկատմամբ ոչ մի խոչընդոտ չկա, դրանք լցված են հայկական շուկայում, իսկ հազարավոր հայեր էլ մեկնում են այդ երկիր հանգստանալու: Ակնհայտորեն անհավասար եւ անարդար հարաբերություններ, որոնք այդպիսին չէին լինի, եթե մենք բոլորս ունենայինք ազգային արժանապատվություն եւ տարրական ինքնապահպանման բնազդ: Հիշեցնենք, որ նման բնազդ ունի յուրաքանչյուր կենդանի էակ, ինչը նրան օգնում է պահպանել կյանքը այլ կենդանիներից իրեն սպառնացող վտանգների դեպքում: Մինչդեռ մեր երկրի բնակչության մի զգալի մասը ուղղակիորեն լծված է մեր թշնամի երկրի հզորացմանն ու բարգավաճմանը: Խոսենք թվերով:

Տարեկան 300 մլն դոլար ներդրում թուրքական տնտեսության մեջ Հայաստանից

2012-ին Թուրքիայից Հայաստան ներմուծել ենք 213 մլն 468 հազար դոլարի ապրանք` հագուստ, շինանյութեր, կենցաղային իրեր եւ այլն: Սա մեր ներմուծման մոտ 5 տոկոսն է կազմում: Բնական է, հարց է առաջանում, իսկ որքա՞ն է կազմում Հայաստանից Թուրքիա արտահանումը: Ընդամենը 927 հազար դոլար: Եվ պատճառն ամենեւին էլ այն չէ, որ հայկական ապրանքներ չկան, որոնք մրցունակ են Թուրքիայում: Պատճառն այն է, որ Թուրքիայում հայկական յուրաքանչյուր ապրանքների նկատմամբ 1000 տոկոս մաքս է սահմանված, ինչը նշանակում է, որ հայկական ապրանք այդ երկիր մուտք գործելուց թանկանում է 10 անգամ եւ դառնում անմրցունակ: Սա, ի գիտություն քաղաքական եւ լրատվական դաշտի թուրքասեր «լիբերալների», որոնք «մոռանում են», որ տնտեսական հարաբերությունները պետք է լինեն երկկողմանի եւ սեփական ապազգային էությունը թաքցնելու համար ծաղրում են թուրքական ապրանքները չգնելու կոչ անողներին:

Առավել անընդունելին Հայաստանից Թուրքիա հանգստանալու մեկնողների հանգամանքն է: Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարության տվյալների համաձայն, 2012-ին Հայաստանից այդ երկիր են մեկնել 70 956 հոգի: Բնական է, որ դրանց գերակշիռ մասը ամառային սեզոնին հանգստի գնացողներն են, իսկ մնացյալը` թուրքական ապրանքները Հայաստան ներմուծող առեւտրականները: Ի՞նչ է սա նշանակում: Վերոնշյալ 71 հազար մեր հայրենակիցները Թուրքիայում ծախսում են նվազագույնը 1000-1500 դոլար, այսինքն, ընդհանուր առմամբ այստեղ էլ եւս 70-105 մլն դոլար էլ թողնում ենք այդ երկրում: Փաստորեն, սահմանափակ ռեսուրսներով եւ ներդրումների ներգրավման կարիք ունեցող մեր երկրից հարեւան թշնամի երկրի տնտեսության մեջ տարեկան ավելի քան 300 մլն դոլարի ներդրում ենք կատարում: Այս ցուցանիշը որեւէ տարակարծություն թողնո՞ւմ է այն հարցում, որ մեզանից շատերը ոչ միայն զուրկ են ազգային արժանապատվությունից, հայրենասիրությունից, այլեւ տարրական ինքնապահպանման բնազդից:

Տեղյա՞կ են մեր 71 հազար հայրենակիցները, որ 90-ականների ծանր տարիներին Թուրքիան ցանկանում էր հարձակվել Հայաստանի վրա, ինչի մասին իր հուշերում գրել է այն ժամանակվա Հունաստանի դեսպանը Հայաստանում, տեղյա՞կ են նրանք, որ թուրքական բանակի սպաներն ու մյուս մասնագետները նաեւ Թուրքիայում իրենց թողած գումարների հաշվին են զինում եւ վարժում ադրբեջանական բանակին, որի նշանառուների կրակից մեր զինվորներն են զոհվում: Կամ` մեր սպառողների ո՞ր մասն է շրջվում եւ հեռանում հենց միայն նրա համար, որ վաճառվող ապրանքը թուրքական է, թուրքական ծովափերի սիրահարների ո՞ր մասն է մտածել հրաժարվել այդ երկրում հանգստանալուց, թեկուզ փոքր-ինչ ավելի գումար ծախսելով, սակայն չմասնակցելով մեր թշնամի երկրի հզորացմանն ու սեփական անվտանգությունը վտանգի ենթարկելուն:

Սա այն դեպքն է, որ ոչ մի պատճառաբանություն սոցիալական վիճակի մասին չի կարող արդարացում համարվել, առավել եւս, որ Թուրքիայի եւ թուրքական ապրանքների այլընտրանքը գոյություն ունի: Քիչ հնարավորություն ունեցող ծովափնյա հանգիստ սիրողները կարող են հանգստանալ նաեւ հարեւան Վրաստանում, իսկ ավելի մեծ հնարավորություններ ունեցողները` բազմաթիվ այլ երկրներում, բայց ոչ Թուրքիայում, թուրքական ապրանք ներմուծողները կարող են դրանք ներմուծել այլ երկրներից, իսկ սպառողները` առաջին հերթին գնեն տեղական ապրանքները, եթե այդպիսիք արտադրվում են մեզ մոտ, իսկ եթե չեն արտադրվում, այլ երկրների արտադրանքը, բայց ոչ թուրքականը: Իսկ ի՞նչ պետք է անի պետությունը այս հարցում:

Մաքսատուրքերի կիրառում թուրքական ապրանքների նկատմամբ

Նախ` թուրքական ապրանքների, մասնավորապես տեքստիլ ապրանքների առնչությամբ: Բավականին երկար ժամանակ է, ինչ մեր թեթեւ արդյունաբերական ձեռնարկությունները պահանջում են հավասար հարկման դաշտ` ոչ թե արտոնյալ, այլ հավասար: Բանն այն է, որ Թուրքիայից ներմուծվող հագուստները մաքսազերծվում են կիլոգրամներով, իսկ տեղում արտադրվող յուրաքանչյուր հագուստն է հարկվում, ինչը ներքին շուկայում էժանացնում է թուրքական եւ թանկացնում տեղական հագուստները: Կառավարությունը զգուշանում է թուրքական ապրանք ներմուծողների դժգոհություններից, բայց ժամանակն է, որ խթանենք մեր, այլ ոչ թե այլոց եւ հատկապես թուրքական արդյունաբերությունը: Թուրքական բոլոր ապրանքների նկատմամբ հարկ է կիրառել մինչեւ 15 տոկոս հավելյալ մաքսատուրք: Առեւտի համաշխարհային կազմակերպության անդամակցությունը մեր երկրին նման իրավունք տալիս է, իսկ նկատի ունենալով մեր ապրանքների նկատմամբ Թուրքիայի կիրառած մաքսատուրքերը` մենք նաեւ դրա բարոյական իրավունքն ունենք: Ընդ որում, այդ մաքսատուրքն ավելի բարձրացնելու իրավունք ունենք, եթե ներմուծման պատճառով տեղական արտադրությունը վնասներ է կրում, ինչն առկա է կոնկրետ թուրքական թեթեւ արդյունաբերության ապրանքների հետ կապված իրավիճակում: Հիշեցնենք, որ տարիներ առաջ թուրքական սննդամթերքն ուղղակի արգելվեց Հայաստան ներմուծել, ինչից ոչ ոք չտուժեց, իսկ մենք բոլորս շահեցինք:

Բնական է, որ Թուրքիա այցելողների նկատմամբ ոչ մի արգելք պետությունը չի կարող սահմանել: Այլ բան է` խրախուսել տեղում հանգիստը, ինչը մասամբ արվում է պետական աշխատողների համար նախատեսված սոցփաթեթով: Սակայն, մի քանի տարի առաջ ներքին բանավոր հրահանգ եղավ պետական պաշտոնյաներին, որ նրանք իրենց հանգիստը Թուրքիայում չանցկացնեն: Թերեւս, վատ չէր լինի նույնն անել նաեւ այժմ:

Փոքրիկ հույս

Այդուհանդերձ, անկախ պետության ձեռնարկելիք քայլերից, մեզանից յուրաքանչյուրը պետք է հիշի մեր պատմությունը, տեսնի ներկան եւ չանի քայլեր, որոնք ուղղակիորեն վտանգում են մեր երկրի, ժողովրդի, հենց իր անվտանգությունը:

Եվ վերջում, փոքրիկ հույս այն բանի, որ Հայաստանի «թուրքական դեմքը» տեղի է տալիս: 2012-ին Թուրքիա մեկնողների թիվը մոտ 2 տոկոսով նվազել է 2011-ի համեմատ, իսկ 2013-ի հունվար-մայիսին Թուրքիայից Հայաստան ներմուծումը նվազել է` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 74,2 մլն դոլարի փոխարեն կազմելով 73 մլն դոլար: Գուցե աստիճանաբար զարթնո՞ւմ է մեր ինքնապահպանման բնազդը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #129, 27-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ