RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#128, 2013-07-26 > #129, 2013-07-27 > #130, 2013-07-30 > #131, 2013-07-31 > #132, 2013-08-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #130, 30-07-2013



100-ամյակ

Տեղադրվել է` 2013-07-29 23:16:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 1136, Տպվել է` 31, Ուղարկվել է էլ.փոստով` 23

ՆԵԼՍՈՆԸ ԶՈՀՎԵՑՙ ՄՈՐ ԱՆՈՒՆԸ ՇՈՒՐԹԵՐԻՆ

Զորի Բալայան

Լուսավորյալ ժողովուրդների իրական արիությունը կայանում է իր զավակների պատրաստակամության մեջՙ հանուն հայրենիքի զոհաբերելու սեփական անձը։

Հեգել


Ընթացիկ տարվա մարտի 28-ին լրացավ հարյուր տարին փառաբանված հայ օդաչու, Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի ծննդյան օրվանից։ Կառավարական կազմկոմիտեն, որն անձամբ ղեկավարում է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հոբելյանական ծավալուն ծրագրի շրջանակներում հանրապետությունում անցկացրել է բազմաթիվ միջոցառումներ։ Հոբելյանի ավարտական գործողությունը կլինի արդեն ավանդական դարձած Նելսոն Ստեփանյանի անվան սամբոյի միջազգային պատանեկան մրցաշարը, որին կմասնակցեն մարզիկներ Ռուսաստանի մի քանի մարզերից, Վրաստանից, Լիտվայից, Հունաստանից, Ռումինիայից, Արցախից։

Մրցաշարը կանցկացվի 2013 թվականի օգոստոսի 2-4-ին Երեւանի «Աշխատանք» մարզապալատում (ք. Երեւան, Ցախի փ. 18) ։

Ստորեւ ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պատվավոր նախագահ, սպորտի վաստակավոր վարպետ Զորի Բալայանի ակնարկը հայ լեգենդար ասի հերոսական սխրանքների մասին։

***

Իսկ 1990 թվականի աշնանը ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նստաշրջանի նիստի ժամանակ ես ԽՍՀՄ պաշտպանության նախարար Դ.Տ.Յազովի ձեռքը հանձնեցի պատգամավորական հարցում, որտեղ պատմում էի, որ ժամանակաակից բարբարոսները Կիրովաբադում ավերել եւ պղծել էին Խորհրդային Միության կրկնակի Հերոս, մարշալ Բաղրամյանի հուշարձանը եւ Խորհրդային Միության կրկնակի Հերոս, օդաչու Ստեփանյանի հուշարձանը Շուշիում, եւ համառ խնդրանք ներկայացրեցի համապատասխան քայլեր ձեռնարկել։ Պաշտպանության նախարարը զբաղվեց այդ հարցով։ Սակայն ոչ մի կոնկրետ բան չարվեց։ Եվ միայն մեկուկես տարի անց քայլեր ձեռնարկեցին իրենքՙ ղարաբաղցիները, որոնք ազատագրեցին Շուշին։ Եվ 1992 թվականի մայիսի 9-ին, առավոտյան ժամը վեցին ինձ բախտ վիճակվեց նորից կանգնել այն նույն տեղում, որտեղ քառասունհինգ տարի առաջ հավաքվել էինք հասակակիցների խմբով։ Հուշարձանի տեղում բարբարոսները բետոնե մի ինչ-որ սյուն էին տեղադրել։ Օդում խանձրահոտ էր կանգնած, անդադար հնչում էին ճայթյուններ եւ ինքնաձիգների կրակահերթեր, շուրջը այրվում էին տները։ Բայց ես չէի թաքցնում իմ երջանկությունը, գիտակցելով, որ Նելսոնի հետ հանդիպումը այնուամենայնիվ կայացավ։ Երկար էի քայլել դեպի այդ սրբազան վայրը։ Եվ հասա։

Դեռ Ղարաբաղյան շարժման սկսվելուց առաջ մի քանի տարի շարունակ ես աշխատում էի «Թեւեր» գրքի վրա, նվիրված պատերազմի տարիներին ամենից շատ հռչակված գրոհող օդաչուներից մեկիՙ Նելսոն Ստեփանյանի կյանքին եւ մարտական սխրանքներին։ Եվ 1988 թվականին ռուսերեն ու հայերեն համատեղ հրատարակությամբ այն լույս տեսավ հերոսի յոթանասունամյակի կապակցությամբ։ Նելսոնի հոբելյանը մենք համեստ նշեցինք նրա ծննդյան օրըՙ 1988 թվականի մարտի 28-ին։ «Սումգայիթ»-ից ուղիղ մեկ ամիս անց։

Չկարողացանք, ինչպես հարկն է, նշել հռչակավոր շուշեցու նաեւ ութսունամյակը, գիտակցելով, որ նա չի կշտամբի սերունդներին «մոռացկոտության» համար, քանզի մեր ժամանակներում էլ անսասան են մնացել այն սկզբունքները, որոնցով հենց ինքն էր առաջնորդվում. «Պատերազմում չկա մեկ այլ խնդիր, քան կռվել. տոները մեզ մոտ կգան հաղթանակից հետո»։ Այս բառերը վերցված են Նելսոնի հուշատետրից, որն իր գլխավոր սխրանքները գործեց արդեն այն բանից հետո, երբ երկրորդ անգամ ներկայացվել էր Խորհրդային Միության Հերոսի կոչման։

Մեր ժողովուրդը որոշեց քիչ այլ կերպ պահպանել հերոսի հիշատակը։ Ղարաբաղյան պատերազմի տարիներին մենք իմացանք, որ տասնյակ հրամանատարներ եւ զինվորներ կրում են «մեր շուշեցու» անունը։ «Երբ մարդը մահանում է, նրա տեղը գալիս է մեկ ուրիշը, քանզի չկա ավելի հարուստ որեւէ բան, քան ժողովուրդը»։ Այս բառերը պատկանում են Նելսոն Ստեփանյանին։

Պատերազմն սկսվելուց ուղիղ քսանչորս ժամ անց հազվադեպՙ «300000» կրծքանշանը կրող (որին արժանանում էին նրանք, ում հաջողվում էր թռչել երեք հարյուր հազար կիլոմետր) կրտսեր լեյտենանտ Նելսոն Ստեփանյանին հրամանատարությունն ուղարկեց Օդեսայի ռազմաճակատ, իսկ այնտեղից շուտովՙ Բալթիկա։ Եվ արդեն ճակատային առաջին իսկ ժամերից նա չիմացավ, թե ինչ է հանգիստը. «Ոչ մի օրՙ առանց թռիչքի»։ Այսպես էր գրել օրագրում։ Նրա հռչակը մեծանում էր օրեցօր։ Քառասունմեկ թվականի դեկտեմբերին նա արդեն առաջ էր անցել բոլոր համագնդեցի ընկերներից մարտի «թվաբանության եւ հաշվապահության» հարցում։ Զինակիցներից ոմանք արդեն ներկայացված էին Խորհրդային Միության Հերոսի կոչման, այդ թվում եւ նրանք, ում «ցուցանիշները» շատ ավելի համեստ էին, քան Նելսոնինը։ Ապագա փառաբանված օդային աս, Խորհրդային Միության կրկնակի Հերոս Անտոն Անդրեեւիչ Կարասեւը 1941 թվականի դեկտեմբերին, երբ նրան ներկայացրեցին հերոսի կոչման, զեկույցով դիմեց հրամանատարությանը, որտեղ հասկացնել տվեց, որ «բարոյական առումով» չի կարող համաձայնել ընդունելու բարձր պարգեւը, քանի որ «գնդում կա եւս մեկ գրոհիչ օդաչու, որը բոլորին գերազանցում է վարպետության եւ խիզախության իր ցուցանիշներով»։

Եվ ահա 1941 թվականի դեկտեմբերի 29-ին «առաջին ատյանը» վերջապես լրացրեց պարգեւատրման թերթիկը, որտեղ նշված էր, որ միայն հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսներին անձամբ Նելսոն Ստեփանյանի կողմից «ոչնչացվել եւ շարքից դուրս է բերվել 8 տանկ, 88 ավտոմեքենա, 32 զենիթային հրանոթ, 3 զրահամեքենա, 33 զենիթային ինքնաձիգ, 10 զինասայլ, 8 սայլ, 1 շոգեքարշ, 1 զինապահեստ, 2 ցիստերն, 4 զենիթային գնդացիր, 1 մոտոցիկլավար եւ հակառակորդի մեծաքանակ կենդանի ուժ»։ Եվ ապա տեքստն ավարտվում էր հետեւյալ բառերով. «Ներկայացվում է կառավարական բարձրագույն պարգեւիՙ Խորհրդային Միության հերոսի կոչման»։

Հաշված օրերի ընթացքում բոլոր ատյանների բոլոր փաստաթղթերը ձեւակերպվեցին եւ ուղարկվեցին Մոսկվա։ Բայց դեռ երկար էր Նելսոնը սպասելու իր պարգեւին։ Տանջալիորեն երկար։ Ծառայակիցներից շատերը, որոնք պարգեւատրման էին ներկայացվել նրանից անհամեմատ ուշ, հասցրել էին ստանալ իրենց Ոսկե Աստղերը, իսկ Նելսոնին ասես «ինչ-որ մեկը վերեւում» մոռացել էր։ Փոխարենըՙ ինքը չէր մոռանում ցերեկային եւ նույնիսկ գիշերային մարտական թռիչքներ կատարել եւ ամեն օր հարվածել թշնամուն։

1942 թվականի սկզբում Բալթիկ նավատորմում անձնակազմի ատեստացիա անցկացվեց։ Աշխատելով «Թեւեր» գրքի վրա, ինձ հաջողվեց կարդալ այդ ժամանակվա ավելի քան հարյուր ատեստացիա։ Ավելի հաճախ դրանք մեկ-երկու էջանոց էին։ Իսկ Առաջին օդային էսկադրիլիայի 57-րդ ավիագնդի հրամանատար, կրտսեր լեյտենանտ Նելսոն Ստեփանյանի համար կազմված ատեստացիան բաղկացած էր հինգ մեքենագիր էջից։ Տվյալներ ներկայացնելով կատարված սխրանքների մասին, ատեստացիայի հեղինակները մասնավորապես նշում էին, որ Կարմիր դրոշի շքանշանակիրը «հրամանատարության կողմից եւս երեք անգամ ներկայացվել է պարգեւատրման»։ Ճիշտ է, այնքան էլ հասկանալի չէ, թե ինչու «եւս երեք անգամ» ներկայացվելով, այդպես էլ ոչինչ չէր ստացել։ Ի դեպ, այդ մասին քառորդ դար անց Կարասեւը գրելու էր իր հուշերում. «Մենք խոսեցինք պարգեւների մասին, եւ Նելսոնն ինձ ասաց. «Անտոն Անդրեեւիչ, իմ կամքով լիներՙ ես օդաչուների համար նախատեսված այդ բոլոր պարգեւները կուղարկեի Իլյուշինին, նրա կոնստրուկտորական բյուրոյին եւ բոլոր նրանց, ովքեր ստեղծում են մեր մարտական մեքենաները։ Ինչ վերաբերվում է մեզ, այստեղ միայն մեկ հաշվապահություն է պետքՙ ոչնչացնել թշնամուն գլխովին եւ վերջնականապես։

Կյանքում որքա՜ն կողոպտված կզգայի ինձ, եթե չլիներ «մեր շուշեցուն» նվիրված գրքի վրա աշխատելու ընթացքը։ Հիշում եմ, այդ օրերին քայլում էի Երեւանում եւ, նայելով հայրենակիցներիս դեմքերին, մտովի հարցնում էի, թե արդյոք գիտե՞ն, ով է Նելսոն Ստեփանյանը։ Եվ ամեն անգամ մտքում ժպտում էի, նախապես իմանալով, որ նրանցից յուրաքանչյուրը կտատասխաներ. «Գիտե՛մ, իհարկե, գիտեմ։ Անդրկովկասում եւ Միջին Ասիայում Խորհրդային Միության միակ կրկնակի Հերոս օդաչուն։ Մարտնչել է լենինգրադյան երկնքում»։ Ոմանք կարող էին քիչ ավելին ասել, մյուսներըՙ քիչ պակաս։ Բայց դժվար թե ինչ-որ մեկն իմանար, որ Նելսոնը գրող էր, պատմաբան, տարեգիր։ Նրա մահից հետո ծառայակիցներից շատերն էին գրում նրա մասին, մեջբերումներ անում նրա նամակներից, գրառումներից, ելույթներից։ Պահպանված մեծ ու փոքր հուշատետրերերում, օրագրերում ես գտել եմ մտքեր, որոնք այսօր թերեւս ավելի արդիական են հնչում, քան իր կենդանության օրոք։ Դրանցից շատերը, վկայակոչելով այս կամ այն արխիվը, ես ներկայացրել եմ իմ գրքում։ Եվ հիմա կցանկանայի ընթերցողի ուշադրությունը հրավիրել այդ գրառումներից մեկի վրա. «Տարբեր ժամանակներում մարդու երջանկությունը տարբեր է լինում։ Այսօր այն կայանում է նրանում, որ հնարավորին չափ ուժգին ատենք ֆաշիզմը։ Առանց այդպիսի ատելության անհնար է հաղթել թշնամուն։ Եվ հիմա գիտեմ այն գլխավոր պատճառը, որի հետեւանքով անպատիժ իրագործեցին հայերի կոտորածըՊատճառը մեկն է. մենք ավելի շատ ենք քրիստոնյա, քան ինքըՙ Հիսուս Քրիստոսը։ Չափից ավելի պարզամիտ ենք ընկալել այն միտքը, որ եթե մեկ այտիդ հարվածում են, մյուսն էլ դեմ տուր։ Ո՛չ, հազար անգամ ոչ։ Հարվածեցին այտիդՙ ծնոտը կոտրիր։ Պատերազմն այսօր ցույց է տալիս, որ մեզանից ոչ ոք այսօր չի դադարում լինել քրիստոնյաների ժառանգ, կենսագործելով այն մեծ սկզբունքը, որ արյամբ է գրված տների պատերին, օդանավի իրանին, մեզանից յուրաքանչյուրի սրտում. «Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման»։ Միայն այսպես, եւ ո՛չ այլ կերպ։ Թշնամին ներխուժում է քո տուն, իսկ դու քիչ է մնում աղուհացով դիմավորես։ Թշնամին սպանում է եղբորդ, իսկ դու նրան սպանելու փոխարենՙ համաձայնվում ես կլոր սեղանի շուրջ նստել նրա հետ։ Թող ներեն իմ աստվածավախ պապերն իրենց աթեիստ թոռանը, բայց ես չեմ ընդունում նրանց շատ սկզբունքները, երբեմն անհասկանալի եւ խճճված բանաձեւերը։ Աստված իմ, եթե որեւէ մեկն իմանա՜ր, թե ինչ անհամբեր եմ լույսը բացվելուն, երբ ինձ տանջում է անքնությունը։ Իսկ անքնությունը ինձ միշտ է տանջում։ Չեմ քնում, որովհետեւ լավագույն ընկերս չվերադարձավ օդանավակայան։ Չեմ քնում, որովհետեւ նախորդ օրը վրիպել եմ։ Իսկ դա նշանակում է, որ չեմ խփել թշնամուն, որն ինքն է խփել որեւէ այլ օդաչուի լավագույն ընկերոջը։ Չեմ քնում, որովհետեւ ցանկանում եմ մտովի հաշվարկել վաղվա մարտը սկզբից մինչեւ վերջ։ Ուզում եմ խեղդել, հրկիզել, պայթեցնել, սպանել։ Եվ ավելի ուժգին եմ ցանկանում ատել։ Ա՜խ, եթե օսմանյան թուրքի հանդեպ այդ ատելությունն ունենային իմ բոլոր եղբայրները, որոնք հենց միայն կրկնում էին. «Մի՛ սպանաներ» եւ «Սիրիր մերձավորիդ»։ Ո՛չ եւ ո՛չ։ Երջանկությունն սկսվում է դժբախտության հանդեպ ատելությունից։ Ատելությունից նրանց նկատմամբ, ովքեր դժբախտություն են սերմանում»։

Ինչպես հայտնի է, Նելսոնը կարճ ժամանակով Երեւան էր եկել Բաքվով։ Յուրաքանչյուր ժամը ծրագրված էր րոպեի ճշգրտությամբ։ Լրագրերի հավաքակազմերում կարելի է գտնել բազմաթիվ նյութեր Հերոսի Բաքվում գտնվելու վերաբերյալ։ Երբ Նելսոնի մայրըՙ տիկին Վարդանուշը հարցրել էր որդուն, թե ինչու ուշացավ մի ամբողջ օրով, Նելսոնը պատասխանեց. «Ես Բաքվից գնացի մի գյուղ, որտեղ ապրում են իմ մարտական ընկերոջՙ կործանիչ-օդաչու Հուսեին Բաղիրովի ծնողները։ Ես չէի կարող նրանց չհանդիպել։ Միայն տեսնեիր, թե որքան ուրախացավ նրա հայրը։ Այդպես էր պետք, մամա»։

Պատերազմի ժամանակ քիչ չէր պատահում, որ բարձր պարգեւները բավական օպերատիվ կերպով մարտիկներին տրվեին այս կամ այն կոնկրետ հանձնարարությունը կատարելու համար։ Հրամանատարությունը կապվում էր Մոսկվայի հետ, եւ առանց բյուրոկրատական քաշքշուկների պարգեւը ձեւակերպում էին, նախքան Կալինինի հրամանով հրամանագրի հրապապակվելը։ Այսպես, Բալթիական Կարմրադրոշ նավատորմի հրամանատարը իր հրամանով «ԽՍՀ Միության Գերագույն Խորհրդի Նախագահության անունից ավագ լեյտենանտ Ն.Գ.Ստեփանյանին պարգեւատրում է Լենինի շքանշանովՙ մարտական հանձնարարությունների օրինակելի կատարման համար»։ Գնդում շատ էին խոսում այն շքանշանի մասին։ Չէ՞ որ բոլորը գիտեին, որ դեռեւս կես տարի առաջ նա ներկայացված էր Հերոսի կոչման։ Դա նշանակում է ՙ Լենինի շքանշան եւ Ոսկե Աստղ մեդալ։ Իսկ այստեղ, նախորդ պարգեւը դեռ տեղ չհասած, նա հանկարծ ստանում է առանձին Լենինի շքանշան։ Երկար ամիսներ անց, երբ վերջապես դուրս եկավ Կալինինի հրամանը, համագնդեցիները կատակելու էին. «ԱռաջինըՆելսոնի երկրորդ Լենինի շքանշանն էր, իսկ երկրորդըՙ առաջինը»։ Բայց դեռ շատ ժամանակ կար մինչեւ այդ կատակը։

1942 թվականի այն մայիսյան օրերին թերթերը շատ էին գրում Նելսոնի մասին։ Բերվում էին ֆանտաստիկ թվեր. «Ոչնչացրել է թշնամու ավելի քան 500 ավտոմեքենա, ավելի քան 60 տանկ եւ զրահամեքենա։ Մոտ 250 զենիթային հրանոթից եւ ինքնաձիգներից զրկվեցին հիտլերականները պատերազմի ընթացքումՙ Ստեփանյանի հարվածների հետեւանքով»։ «Ամեն ինչ բոլոր աչքի առաջ էր,- գրել է ավիագնդի ավագ քաղղեկ Սերաֆիմ Ստեպանովիչ Մոզգաչովը Նելսոնի սխրանքների մասին,- ես հենց մի գլուխ ատեստացիաներ էի ստորագրում, հաջորդ ատյան ուղարկելով պարգեւատրման նորանոր երաշխավորություններ»։

Ինքըՙ Նելսոնը չէր սիրում պարգեւների շուրջ ընթացող խոսակցությունները։ Սակայն անկախ նրա ցանկությունից, այդ խոսակցությունները, միեւնույնն է, գնում էին գնդում։ Կային նաեւ թյուր մեկնաբանություններ Հերոսի կոչումը ժամանակին չշնորհելու առիթով։ Գտնվեցին մարդիկ, որոնք դա պատճառաբանեցին, թե իբր այնտեղՙ «վերեւում» ծանոթ են բոլորի անձնական կյանքինՙ զինվորից մինչեւ մարշալ։ Իսկ եթե հրամանագիրը դուրս չի գալիս, ուրեմն ինչ-որ բան կա, ուրեմն ինչ-որ բան եղել է։ Ընկերներն այդ առիթով ասում էին. «Իսկ քարավանը շարունակում է ճամփան», նկատի ունենալով, որ Նելսոնը, ինչպեսեւ վայել է ռազմիկին, բազմապատկում էր գրոհային հաջող թռիչքների թիվը։ Նրա մարտական շատ ընկերներ, որոնք արդեն արժանացել էին Հերոսի կոչման, պահպանելով նրբանկատությունը, աշխատում էին հնարավորին չափ քիչ «մարդամեջ» ելնել իրենց Ոսկե Աստղով։ Այդ վիճակին չէր համակերպվում նաեւ նավատորմի հրամանատարությունը։ Կորցնելով հույսը, թե ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Նախագահության հրամանագիրը լույս կտեսնի, նրանք ստիպված չորրորդ անգամ Նելսոնին ներկայացրին երկրորդ Կարմիր դրոշի շքանշանով պարգեւատրմանը։ Եվ շուտով (1942 թվականի հոկտեմբերի 21-ին) նա ստացավ պարգեւը, որը պատերազմի տարիներին համարվում էր ամենից հարգվածներից մեկը։

Շշուկներն այն մասին, թե Նելսոն Ստեփանյանին Կրեմլում չեն սիրում, հասան նաեւ Երեւան։ Ասում էին, թե դրա պատճառը հալածյալ պատմաբան, Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի նախկին առաջին քարտուղար, շուշեցի Աշոտ Իոհաննիսյանի հետ Նելսոնի մորՙ Վարդանուշ Հայրապետի Ստեփանյանի ունեցած ազգակցական կապերն էին։ Բայց ինքը, ինչպես Երեւանում էին անվանումՙ Վարդանուշ մորաքույրը որդուն գրում էր, նրան դիմելով արդեն ինչպես հերոսի. «Նելսո՛ն ջան, Միության Հերոս, իմ սիրելի որդի։ Ապրելու իրավունք ունի միայն նա, ով պատրաստ է ամեն ինչ զոհաբերել հանուն սիրելի Հայրենիքի։ Ահա նորից նստած եմ սեղանիդ մոտ եւ անթարթ աչքերով նայում եմ քո սիրելի դեմքին։ Կուրծքդ արդեն զարդարված է մարտական պարգեւներով։ Թանկագին որդիս, քո յուրաքանչյուր շքանշանն ու սխրանքը սիրտս լցնում են ուրախության զգացմունքով։ Ոգեշնչված քո հաջողություններով, ես վերածնվել եմ, դարձել եմ նոր մարդՄեր երկրի եւ արեւաշատ Հայրենիքի անմատչելի լեռները քեզ պարգեւել են արծվի թեւեր եւ անվախ սիրտ։ Եվ ես ամուր հավատ ունեմ, որ դուք զենքը վայր չեք դնի, քանի դեռ վերջնականապես չեք ոչնչացրել հիտլերիզմը»։

Հենց այս նամակից հետո Նելսոնն իր լեգենդար Իլ-2-ի թեւերին գրեց մոր անունը։ Եվ ամեն անգամ, երբ եթերում գերմաներեն հնչում էր. «Ուշադրությո՛ւն, ուշադրությո՛ւն։ Երկնքում Նելսոնն է», ճոճում էր թեւերը, նայելով մեկ աջ, մեկ ձախ, աչքով անելով ամենահարազատ «Վարդանուշ» անվանը։ Խոստովանում էր, որ հաճախ էր արտասանում մոր անունը։ Այդ մասին նա պատմել էր իր եղբայր Դեմիլին, երբ գտնվում էր Երեւանում։

Պատերազմի ողջ ընթացքում թերեւս ամենահիշարժան ամիսը 1942 թվականի հոկտեմբերն էր։ Վիճակագիրները չէին հասցնում ի մի բերել Նելսոնի «թռիչքների հաշվապահությունը»։ Այստեղ հիշատակված ավագ քաղղեկ Ս.Ս.Մոզգաչովը գանգատվում էր Ա.Ա.Կարասեւին. «Երկնքում ու ծովում մարտերի ոռնոցն է, ցամաքում փոշու սյուներ են բարձրանում պայթյուններից, մարդիկ են զոհվում, իսկ ես այստեղ առավոտից երեկո փաստաթղթեր եմ ձեւակերպում։ Ախր մենք ձեզ հետ միասին այս բոլոր արծիվներին ճանաչում ենք ինչպես ինքներս մեզ։ Եվ գրում ենք, գրում ենք»։ Մոզգաչովը զրուցակցին խոստովանել էր, որ, օրինակ, Նելսոն Ստեփանյանը իր բոլոր ցուցանիշներով առաջ է անցել մնացած բոլոր ասերից, եւ որ անհրաժեշտ են պարգեւատրման այլ չափանիշներ։ Նրա կարծիքով, այդ գործով պետք է զբաղվեին իրենքՙ ծառայակիցները, որոնք գիտեին բոլորին եւ յուրաքանչյուրին։

Պարգեւների մասին խոսակցությունները 47-րդ ավիագնդում դադարեցին 1942 թվականի հոկտեմբերի 28-ին։ Այդ օրը վերջապես դուրս եկավ հրամանը Նելսոն Ստեփանյանին Խորհրդային Միության Հերոսի կոչում շնորհելու մասին։ Եվ սակայն արդեն մի քանի ամիս անց նորից տորմիղում սկսեցին ասեկոսեներ տարածվել նրա մասին։ Արդեն տարբեր զորամասերում հայտնվել էին «սեփական» կրկնակի Հերոսներ, որոնք իրենք էին լեգենդներ պատմում «բալթիական արծվի» մասին։ Ինչպես հայտնի է, Իլ-2-ը, որին անվանում էին «թռչող տանկ», գրոհում է հիմնականում ցամաքային օբյեկտներ։ Հենց դրա համար էլ ստեղծված էր եւ հավասարը չուներ պատերազմի տարիներին։

Նելսոնը ռազմաճակատում անցկացրած բոլոր 1266 օրերի ընթացքում չբաժանվեց «Իլյուշայից», որն այնքան էլ հարմարեցված չէր կործանիչի հետ օդային մարտի բռնվելու համար։ Սակայն շուշեցին իրեն թույլ էր տալիս «խուլիգանություն» անել երկնքում, հետապնդելով գերմանական կործանիչներին եւ ռմբարկուներին։ Մի անգամ, հարյուրավոր ականատեսների աչքի առաջ Նելսոնը մարտի բռնվեց գերմանական երկու ռմբակոծիչների հետ, ինչի մասին հետագայում փառաբանված ծովային եւ գրող, ծովակալ Իսակովը հետագայում պատմեց հետեւյալը. «Դեպք եղավ, երբ օդում հանդիպելով երկու գերմանական ՅՈՒ-88-երի, որոնք թռչում էին ռմբակոծելու մեր զորքերի դիրաքավորումները, Ստեփանյանը մարտի բռնվեց նրանց հետ (ոչ թե կործանիչով, այլ գրոհային օդանավով) եւ գնդացրային դիպուկ կրակով ոչնչացեց հակառակորդի երկու ռմբակոծիչները»։

Ռազմաճակատային լրագրողները սիրում էին հանդիպել Նելսոնի հետ, որն ինքն էլ անթաքույց հարգանքով էր վերաբերվում նրանց եւ հաճույքով կիսում իրեն անհանգստացնող մտքերը։ Իմանալով այն մասին, որ Ստեփանյանը հրամանատարության կողմից նշանակվել է փառաբանված 47-րդ գնդի հրամանատար, բոլոր թերթերից Բալթիկա նետվեցին թղթակիցներըՙ նրանից հարցազրույց վերցնելու։ Հարցերից մեկին, որ վերաբերվում էր կարիերայի հանդեպ նրա վերաբերմունքին, Նելսոնը սկզբում պատասխանեց կատակով, հիշեցնելով իմաստունի խոսքերը. «Իշխանության հասած ընկերը կորսված ընկեր է»։ Եվ միայն հետո ավելի լուրջ շարադրեց իր մտքերը. «Ես զինվորական մարդ եմ։ Ենթարկվում եմ ղեկավարության եւ պարտքի հրամանին։ Ես հաղթանակ եմ կառուցում, եւ ոչ թե կարիերա։ Այդ պատճառով էլ հրաժարվեցի գնդի հրամանատարի պաշտոնից։ Բայց իմ կարծիքն անգամ չհարցրին։ Նշանակեցին։ Ինձ մեկ բան է մնում. անել ամեն ինչ, որ ընկերներս իմ մեջ փոփոխություններ չտեսնեն։ Հիմա արդեն ինքս պետք է էսկադրիլիաների բոլոր հրամանատարներին բարեմաղթանքի խոսքեր ասեմ։ Բայց բոլոր խոսքերն արդեն ասված են։ Պատերազմը ձգվում է հավերժաբար, իսկ բառերն այնքան քիչ են։ Դրանք արդեն հոգնեցնում են։ Պետք են ոչ այնքան նոր, որքան ճիշտ ու տեղին բառեր։ Պետք է ասել այն, ինչ վաղուց ասել են մեր նախնիները. «Ոչ ոք չի կարող իրեն իրոք հաղթված համարել, քանի դեռ չի կորցրել արիությունը»։ Եթե վիրավոր ես, եթե մաղի են վերածել ինքնաթիռդ, բայց եթե դու դեռ թռչում ես, ապա պետք է մտածել ոչ թե մահվան, այլ կյանքի մասին։ Իսկ եթե կյանքը նահանջում է, ապա պետք է մահանալով, հենց սեփական մահով սպանել եւս մեկ ոսոխի, խորտակել եւս մեկ նավ, ելնել դիմաբախման»։

Այդ բառերը մարգարեական եղան։ Անցնելու էր կես տարի, եւ «մեր շուշեցին» բառ առ բառ իրագործելու էր իր խոսքերը։ Բայց առջեւում դեռ փորձություններով լի օրեր ու ամիսներ էին։ Նա «երկնքում աշխատում էր» կատաղի կերպով։ Լրագրողներն ավելի ու ավելի շատ նկարագրում էին նրա սխրանքները եւ ավելի քիչ վկայակոչում թվեր, որոնք հաստատում էին ասվածը։ «Արդեն այնքան էլ հարմար չէ ներկայացնել Ստեփանյանի քանակական ցուցանիշները»,- իր հրապարակումներից մեկում գրում է թղթակից Եվգենի Սցեպուրոն։ Նորից ծառացավ Նելսոնին հերոսի Ոսկե Աստղով պարգեւատրելու հարցը։ 1944 թվականի օգոստոսի 18-ին հրամանատարությունը Մոսկվա ուղարկեց պարգեւատրման հերթական թերթիկը, փաստաթղթում նշելով միայն թշնամու ոչնչացված խոշոր մարտական օբյեկտներըՙ «մեկ ականակիր նավ, երկու պահականավ, մեկ ականազերծիչ նավ, երկու պահակային կատեր, երկու տորպեդային կատեր, հինգ լողամիջոցՙ մինչեւ 18 հազար տոննա ընդհանուր ջրատարողությամբ, քառասուն երկաթգծային վագոններ, մեկ շոգեքարշ, վերացրել է չորս գետանցամիջոց, իրագործել է 80 պայթյուն եւ 70 հրդեհում, խփել է օդային մարտում երկու եւ ցամաքումՙ 25 տարբեր տեսակի ինքնաթիռներ»։ Եվ այս ամենըՙ առանց ներառելու մոտ հազար ավտոմեքենաները, ավելի քան հինգ հազար միավոր կենդանի մարտաուժը եւ այլն, եւ այլն։

Եվ այսպես, 1944 թվականի օգոստոսի 18-ին Նելսոն Ստեփանյանը նորից ներկայացվեց կառավարական բարձրագույն պարգեւիՙ Խորհրդային Միության կրկնակի Հերոսի կոչման։

Փաստաթուղթն առաջին ատյանում ստորագրել են Բալթիական Կարմրադրոշ նավատորմի ռազմաօդային ուժերի Երկրորդ գրոհային դիվիզիայի հրամանատար, գնդապետ Մոնժոսովը եւ վերջին ատյանումՙ Բալթիական նավատորմի հրամանատար, ծովակալ Տրիբուցը եւ ռազմական խորհրդի անդամ, փոխծովակալ Սմիռնովը։ Փաստաթղթի կազմաթերթին «Համաձայն եմ» վճռի տակ ստորագրել է ավիացիայի մարշալ Ս.Ֆ.Ժավորոնկովը։

Ավելորդ խոսակցություններից խուսափելու համար այս անգամ պարգեւատրման հայտը Մոսկվա ուղարկելու փաստը գաղտնի պահեցին նույնիսկ Նելսոնից։ Այսպիսով, տեսականորեն Նելսոն Ստեփանյանը արդեն 1944 թվականի օգոստոսի 18-ին Խորհրդային Միության կրկնակի Հերոս էր։ Մինչեւ մահը նրան մնացել էր 92 օր։ Ես ուսումնասիրել եմ «մեր շուշեցու» ապրած այդ օրերից յուրաքանչյուրը։ Բանն այն է, որ մասնագետների եւ պատմաբանների, զինակիցների եւ անմիջական հրամանատարության պնդմամբ, Ստեփանյանն իրական սխրագործության բարձրունքը նվաճեց կյանքի հենց վերջին երկու-երեք ամսում եւ առանձնապես վերջին մարտում, որի համար պարզապես անհնար էր չարժանացնել Խորհրդային Միության Հերոսի կոչման։

Մահից ոչ շատ առաջ Նելսոնը գրել է իր հուշատետրում. «Ես չեմ հոգնել կռվելուց։ Ես պարզապես հոգնել եմ պատերազմիցԵրբեմն որքա՜ն եմ ցանկանում վեր խոյանալ երկինք, դեպի աստղերը։ Ուզում եմ լինել անհասանելի, մնալ աստղերի մեջ այնքան ժամանակ, մինչեւ որ կոչնչացվեն բոլոր մահաբեր զենքերը աշխարհում։ Եվ աստղային բարձունքից կսպանեմ յուրաքանչյուրի, ով զենք կվերցնի ձեռքը։ Կռմբակոծեմ յուրաքանչյուրի տունը, ով կհամարձակվի ավերել ուրիշի տունը։ Ես աստղերով կգրեմ երկնքի վրա, որ մինչեւ աշխարհի վերջը պատժվելու է ոչ միայն ներկայիս, այլեւ անցյալի չարիքը։ Միայն այդպես կարելի է կանխել այն ապագայում»։

1944 թվականի նոր սկսված դեկտեմբերի յուրաքանչյուր օրն ավելացնում էր «հաջող թռիչքների» քանակը։ Գրագիր-տարեգիրները հատուկ թալմուդների մեջ էին գրանցում ոչ միայն նորանոր թվեր, այլեւ ջանում էին յուրովի նկարագրել մարտը։ Ծառայակիցների հիշողություններից կարելի է իմանալ, որ Նելսոնն ասես նախազգում էր մոտալուտ մահը։ Նա օդ էր ելնում մի տեսակ կատաղի, սրընթաց, դեմ հանդիման գնալով հակառակորդին։ Խորհրդային Միության կրկնակի Հերոս Միխայիլ Կլիմենկոն (նա նույնպես օգոստոսի 18-ին ներկայացվեց պարգեւատրման եւ երեք շաբաթ անց ստացավ երկրորդ Աստղը) իր հուշերում պատմում է այն մասին, թե ինչպես էր Նելսոնն ավելի ու ավելի հաճախ հիշում Նիկոլայ Գաստելլոյին, որը պատերազմի չորրորդ օրը իր վառվող ռմբակոծիչ ինքնաթիռն ուղղեց «թշնամու տանկերի, բենզինի ցիստեռնների եւ ավտոմեքենաների կուտակման վրա, որոնք պայթեցին ինքնաթիռի հետ մեկտեղ»։ Կլիմենկոն բերում է ընթերցողի համար հոգեցունց, հիրավի մարդկային մի փաստարկ.

- Վառվող ինքնաթիռը, Միշա, պետք է ուղղել թշնամու վրա,-ասաց Նելսոնը։- Հենց մահով պետք է մահ բերել թշնամուն։ Ես, կածես թե կրկնում եմ ինքս ինձ։ Շատ անգամներ եմ այդ մասին քեզ ասել։ Բայց հիմա այլ բան մասին եմ խոսում։ Հիմա ինձ արդեն ձեռք չի տալիս իմաստուն ճշմարտությունը, թե «Եթե միեւնույնն է, չես փրկվելու մահից, գոնե մահացիր փառքով»։ Ես բոլորովին այլ կերպ եմ դատում։ Այլ մտքեր ունեմ։ Եթե պետք է մեռնեմ, ապա միայն նրա համար, որ ապրի որդիս։

Երեսունմեկ տարի, ութ ամիս եւ տասնչորս օր ապրեց Նելսոնը երկրի վրա եւ երկնքում։ Նրա մասին պատմել են հազարավոր ակնարկներ, հոդվածներ, գրվել են գրքեր, նկարահանվել ֆիլմեր։ Կյանքն ինչպես մեկ հիասքանչ ակնթարթ։ Լեցուն կրքով ու մաքառմամբ։ Բայց թերեւս ամենաանկրկնելին վերջին րոպեներն էին, որ դարձան նրա անմահության սկիզբը։ Ահա պետական արխիվներում պահպանված առաջին գրառումը. «1944 թվականի դեկտեմբերի 14-ի առավոտյան հետախուզությունը Լիեպայայի շրջանում հայտնաբերեց թշնամու նավերի կուտակում։ Գրոհող օդաչուներին տրված մարտական հրամանը ծայր աստիճան հակիրճ էրՙ «Գրոհել եւ ոչնչացնել»։ Շարժիչների ոռնոցը միախառնվեց զենիթային ստվար կրակոցներին։ Եթերում գերմաներեն հնչեց տագնապած ձայնը. «Ուշադրությո՛ւն։ Ուշադրությո՛ւն։ Երկնքում Նելսոնն է»։ Գրոհային ինքնաթիռներն իրենց անվախ հրամանատարի առաջնորդությամբ սլացան դեպի նպատակակետ։ Ինչպես միշտ, ռումբերը տեղ հասան ճշգրտությամբ։ Այդ մարտը կարճատեւ էր։ Ֆաշիստական վեց նավեր, բեռնված պարենով ու զինամթերքով, ջրասույզ եղան։ Բայց գրոհայիններն օդանավակայան վերադարձան առանց իրենց հրամանատարի»։

Գնդապետ Մանժոսովը փաստաթուղթը կազմեց ամենատաք հետքերով. «Նելսոն Գեորգիեւիչ Ստեփանյանի ինքնաթիռը վառվեց։ Վայրկենապես գնահատելով իրավիճակը եւ հասկանալով, որ այրվող Իլ-2-ն անհնար է վայրէջքի իջեցնել սեփական տարածքում, նա կտրուկ շրջադարձ կատարեց եւ մխրճվեց հակառակորդի փոխադրամիջոցների տեղակայանքում»։

Երբ տարածքն ազատագրեցին եւ զննեցին «մեր շուշեցու» զոհվելու վայրը, պայթյունի տեղից մեծ հեռավորության վրա գտան Իլ-2-ի թեւի ձյան միջից ցցված բեկորը, որի վրա գրված էր հերոսի մոր անունըՙ «Վարդանուշ»։

Նկար 2. Ձախից Նելսոն Ստեփանյանն է` իր լեգենդար Իլ -2-ի առջեւ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #130, 30-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ