RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-27 21:38:27Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը. Վազգեն Մանուկյան
2020-10-27 15:15:01Իրանի հատուկ բանագնացը կայցելի Մոսկվա, Բաքու, Երևան և Անկարա՝ ղարաբաղյան հակամարտության հետ կապված
2020-10-27 15:01:59Բաքուն հայտարարեց հայկական «ռազմական օբյեկտները ոչնչացնելու իր իրավունքի մասին»՝ անկախ դրանց գտնվելու վայրից
2020-10-27 14:12:58Էրդողանի հատուկ նշանակության ջոկատները պատրաստվում են ներխուժել Հայաստան. Wargonzo
2020-10-24 21:55:00Թուրքական անօդաչուները Գյումրիի մոտակայքում
#129, 2013-07-27 > #130, 2013-07-30 > #131, 2013-07-31 > #132, 2013-08-01 > #133, 2013-08-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #131, 31-07-2013



Տեղադրվել է` 2013-07-30 23:12:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 1274, Տպվել է` 21, Ուղարկվել է էլ.փոստով` 20

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ՇՈՂՈՔՈՐԹՈՒՄ Է ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻՆ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

«Թուրան» գործակալությունը երեկ հանդես է եկել Ադրբեջանում նախագահական ընտրությունների թեմայով հերթական վերլուծությամբ եւ խնդիրը հանգեցրել շատ առարկայական հարցի. եթե մինչեւ օգոստոսի 19 Պուտինը հրամանագիր ստորագրի Ռուստամ Իբրահիմբեկովին ՌԴ քաղաքացիությունից զրկելու մասին, նշանակում է, որ պաշտոնական Մոսկվան «Իլհամ Ալիեւի երրորդ ժամկետով ընտրությանը դեմ է, եթե` ոչ, ուրեմն պաշտոնական Բաքուն հասցրել է լրջագույն խոստումներով շահել Մոսկվայի վստահությունը»:

Խոսքն ինչի՞ մասին է` գործակալությունը չի ակնարկել, ոչ էլ ենթադրություններ է արել: Ուշագրավ է, սակայն, որ միաժամանակ Բաքվի լրատվամիջոցները վերաշարադրել են Իլհամ Ալիեւի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի վարիչ Ալի Հասանովի երեկվա դասախոսության որոշ դրույթներ, որ նա կարդացել է Ադրբեջանի ԿԸՀ-ում` «Թափանցիկության ինստիտուտներն ընտրական գործընթացներում եւ ԶԼՄ-ների դերը» թեմայով:

Ըստ այդմՙ իլհամալիեւյան աշխատակազմի պաշտոնյան ասել է, որ «միջազգային կազմակերպությունների կողմից որեւէ երկրում ընտրությունների գնահատման մեթոդաբանությունը մի շարք դեպքերում կիրառում են` ելնելով այլ պետությունների շահերից»: Ալի Հասանովն այնուհետեւ մասնավորեցրել է իր տեսակետը. «Աշխարհում կա մոտ 100 ոչ կառավարական կազմակերպություն, որ ստեղծվել են ԱՄՆ Կոնգրեսի որոշմամբ, տարեկան նրանց հատկացվում է մինչեւ 200 մլրդ դոլար: Այդ ֆինանսական միջոցների հատկացման նպատակը հայտնի է միայն Միացյալ Նահանգներին եւ այն երկրներին, որ ենթարկվում են ոչ կառավարական կազմակերպությունների ճնշումներին: Տապալվում են օրինավոր ընտրված նախագահներ, յուրացվում այդ երկրների եկամուտները» (տես http://haqqin.az/news/7946):

Փաստորեն պաշտոնական Բաքվի ներկայացուցիչը մեղադրանքներ է հնչեցրել ԱՄՆ Կոնգրեսի որոշմամբ ստեղծված, Միացյալ Նահանգների կառավարության կողմից ֆինանսավորվող ոչ կառավարական կազմակերպությունների հասցեին, որոնք աշխարհում «տապալում են օրինավոր ընտրված նախագահներ եւ յուրացնում այդ երկրների եկամուտները»: Սա կարելի է համարել ուղղակի մեղադրանք նաեւ ԱՄՆ Կոնգրեսին եւ կառավարությանը:

Հարկ է նկատել, որ վերջերս ԱՄՆ Կոնգրեսը նախաձեռնել եւ անցկացրել էր լսումներ, որոնց թեման Ադրբեջանում նախագահական ընտրություններն էին: Դրանց մասնակցել եւ ելույթ են ունեցել ընդդիմության մի քանի ազդեցիկ ներկայացուցիչներ: Ամենայն հավանականությամբ, պաշտոնական Բաքուն երեւույթն ընկալել է իբրեւ Ադրբեջանում «օրինավոր ընտրված նախագահին տապալելուն եւ երկրի եկամուտները յուրացնելուն» միտված նախաձեռնություն:

Հետաքրքրական է, որ Իլհամ Ալիեւի աշխատակազմի ներկայացուցիչը Վաշինգտոնին քննադատում է Ռուսաստանի նախագահի` Բաքու մեկնելու մասին տեղեկատվության համապատկերի վրա: Ինչպես հայտնի է, նախագահական ընտրություններից որոշ ժամանակ առաջ Ռուսաստանում նույնպես հրատապ էր համարվել օտարերկրյա աղբյուրներից ֆինանասավորվող ոչ կառավարական կազմակերպությունների հարցը: Պետդուման նույնիսկ կատարեց օրենսդրական փոփոխություններ` խստացնելով նման կառույցների գրանցման եւ գործունեության մասին հաշվետվության ընթացակարգերը:

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ռուսաստանում արեւմտյան շրջանակների հովանու ներքո գործող ոչ կառավարական կազմակերպությունները դիտվում են իբրեւ «գունավոր հեղափոխության սադրիչներ»: Նույն բանն, ըստ էության, երեկ հայտարարել է Իլհամ Ալիեւի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյան: Կարելի է համարել, որ երրորդ ժամկետով նախագահ «ընտրվելու» հարցում Իլհամ Ալիեւը կարիք ունի արտաքին լուրջ աջակցության:

Նման դեպքերում, սակայն, Արեւմուտքը ցուցաբերում է մեծ զգուշավորություն, որպեսզի չվտանգի ժողովրդավարության ջատագովի իր վարկանիշը: Ռուսաստանը, մինչդեռ, այդ կարգի «մանրուքների» հետ այնքան էլ չի սեթեւեթում: Ուստի Ալի Հասանովի ասածը ոչ այլ ինչ է, քան Իլհամ Ալիեւի անունից շողոքորթություն առ Վլադիմիր Պուտինը, ում, կարելի է վստահաբար ասել, Բաքվում սպասում են վատ քողարկվող անձկությամբ:

Ի՞նչ որոշում կընդունի ՌԴ նախագահը: Կընդունի՞ Բաքվից արվող առաջարկությունները, կկանգնի՞ Իլհամ Ալիեւի կողքին` պարզ կդառնա թերեւս առաջիկա մի քանի օրերին: Բայց ինչպե՞ս կընդունեն Վաշինգտոնում Իլհամ Ալիեւի ուրացումը` ահա ամենագլխավոր հարցը: Չէ՞ որ վերջին տարիներին պաշտոնական Բաքուն մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե «Ադրբեջանը վերջնականապես ընտրել է Արեւմուտքի հետ համագործակցությունը խորացնելու ճանապարհը»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #131, 31-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ