RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-27 21:38:27Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը. Վազգեն Մանուկյան
2020-10-27 15:15:01Իրանի հատուկ բանագնացը կայցելի Մոսկվա, Բաքու, Երևան և Անկարա՝ ղարաբաղյան հակամարտության հետ կապված
2020-10-27 15:01:59Բաքուն հայտարարեց հայկական «ռազմական օբյեկտները ոչնչացնելու իր իրավունքի մասին»՝ անկախ դրանց գտնվելու վայրից
2020-10-27 14:12:58Էրդողանի հատուկ նշանակության ջոկատները պատրաստվում են ներխուժել Հայաստան. Wargonzo
2020-10-24 21:55:00Թուրքական անօդաչուները Գյումրիի մոտակայքում
#129, 2013-07-27 > #130, 2013-07-30 > #131, 2013-07-31 > #132, 2013-08-01 > #133, 2013-08-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #131, 31-07-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-07-30 23:12:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 2603, Տպվել է` 50, Ուղարկվել է էլ.փոստով` 57

ԱՐՏԱԳԱՂԹ ԵՎ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ես դեմ եմ այն տեսակետին, թե արտագաղթում են հայրենասիրության պակասից: Ավել կամ պակաս` ամեն հայի մեջ երկրի զգացողությունը դրված է գենով, մեկինը կարող է շատ լինել, մեկինը` քիչ...Այ, վերջինի դեպքում եթե զուգորդվում են մի շարք հատկանիշներ` այս դեպքերի մասին կարելի է խոսել, բայց ոչ` «հայրենասիրության» ամբիոնից: Ինչպես որ վերջին սրիկան չի կարող իր մորը չսիրել, այնպես էլ ամեն հայ, ավել կամ պակաս, սիրում է երկիրը, ու որտեղ էլ լինի` նրա սիրտը երկրի համար ցավում է: Անգամ այն դեպքում, երբ ազգությունն են փոխում ու ուրիշ ազգից գրվում` այլ երկրի քաղաքացիություն ստանալու համար, այդ քայլի վերքը մարդու սրտում մխում է մինչեւ կյանքի վերջը: Համենայն դեպս` ես այդպիսի մարդկանց ճանաչել եմ:

Իսկ թե հայրենիքը լքում են հայրենասիրության պակասից` այդ ելակետին կողմնակիցների թերեւս կարելի է գտնել, եւ համաձայնելով, որ, այո, շերտեր կան` շահարկում են արտագաղթի թեման սեփական քաղաքական նպատակների համար: Բայց դա շահարկողների խղճին պետք է թողնել, ինչը չի կարող կաշկանդել մեզ` հակադիր հարցերը տալու հայրենասիրության պակասով արտագաղթը պայմանավորողներին:

Հասարակ մարդկանց տեղն ամեն օր մեկ սանտիմետրով նեղ անող օլիգարխին սիրե՞լը հայրենասիրություն պետք է համարել, քանի որ նրանք կամաց- կամաց իրենց նույնացնում են մեր պետության հետ:

Հասարակ գյուղացու քվոտային բենզինը սեփականողին պիտի՞ սիրի մարդը, որ հայրենասեր համարվի, քանի որ այդ սեփականողը վաղուց իրեն նույնացրել է «հայրենիքի հետ»: Գործն ըստ պատվերի այսուանկողմ ձգող դատավորի՞ն պիտի սիրի հայ մարդը, որի գործած ավերից ընտանիք է փլուզվում: Ազգային ժողովում մեծ-մեծ բրդող, թիկնազորով շրջող «պատգամավորին» պետք է սիրի՞ մարդը, որ անգամ չգիտի իր կոչումի իմաստը` ժողովրդի պատգամը բերող, մինչդեռ ինքն ուրի՛շ պատգամներ է իրագործում ու դեռ հարցազրույցի համար լրագրողից վճար պահանջելու վերաբերյալ լուրջ-լուրջ տեսակետ հայտնում:

Եթե մարդ շեղված չէ, ծնողի որդի է, չի փնովում սեփական երկիրը` գնա, թե մնա: Գնացողն ասում է` էս երկրի իշխանավորը ճիշտ չի կառավարում, զրկում է իմ երեխեքին, ես էլ դրա դեմ չեմ կարողանում ոչինչ անել` գնում եմ: Ասում է` ես ծիրան կամ կարտոֆիլ եմ աճեցնում, որ ընտանիք պահեմ, օլիգարխն այնպես է անում, որ գին է գցում ու զրոյացնում իմ աշխատանքը: Լոլիկ եմ աճեցնում, որ տուն պահեմ, օլիգարխը սոխի անվան տակ էժան լոլիկը ներկրում է ու սեզոնի սկզբին ավելի էժան դնում է իր դմբ-դմբ խանութներում, իմ լոլիկն առնող չի լինում` ինքնարժեքից էժան վաճառում եմ ու «տակ տալիս»:

Ու գնում եմ, որովհետեւ էդ օլիգարխի հախից չեմ կարող գալ, ու երկիրդ, իշխանավորդ էլ նրա հախից չի գալիս: Գնում եմ` գալու եմ, փող եմ վաստակելու, ընտանիքս պահելու եմ, երեխեքիս սոված չեմ թողնելու, կրթության եմ տալու ... ու գամ: Ու... երեխեքին սոված թողնողն է հայրենիք չսիրողը:

Ահա հարցադրումները դիմացից:

Պետական կառույցներում նույն կերպ «հայրենասիրական քարոզչություն» բառերն են գործածում դեռ պատեհ-անպատեհ: Որ հարցնեն` ի՞նչ է հայրենիքը, չինովնիկներից շատերն իրենց ջիպը, «եվրոռեմոնտով» ավտոտնակը եւ «ալա Վենետիկ» առանձնատունը կպատկերացնեն անմիջապես: «Քարոզչություն» բառն արդեն ալերգիա է առաջացնում: Երբ երկրումդ հայրենիքը ոչ թե լեզվով, այլ իրենց ողջ կյանքով ու գործունեությամբ սիրող մարդիկ կարեւորվեն, ոչ մի հակաքարոզչություն իր ներգործությունն ունենալ չի կարող: Երբ ուսուցիչն իր կեցվածքով ու զարգացման աստիճանով այնքան բարձր լինի, որ նրա փոխանցած իսկական գիտելիքը հավասարակշռվի նրա սովորեցրած-զարգացրած աշակերտով, սա կլինի ամենամեծ հայրենասիրությունը: Իսկ բերանացի հայրենիք քարոզող, սնապարծ, գիտելիքից զուրկ ու դատարկ ուսուցչին հետեւորդ, բայց ամեն քայափոխի հայրենիքի անունը կրկնող աշակերտը, որ սկզբում դասարանցիներին, հետո բանակում զինվորին խեղելն է համարում տղամարդկություն, հայրենիք չունի իր մեջ ու ավելի վտանգավոր է, քան հայրենիքի մասին ամեն օր եւ շուրջը նայելով չխոսողները:

Պետական կառույցների կողմից հայրենասիրության քարոզի փոխարեն հայրենիքին օգտակար լինելու կենսակերպն է հարկավոր արմատավորել` սնամեջին, կաշառակերին, դիպլոմ գնածին, տառասխալներով գրողին, հաբռգածին վտարելը դարձնելով կենսակերպ, բանիմացին, ներսը լիքը մարդուն, համեստությամբ իր գործով զբաղվողին եւ իսկական պրոֆեսիոնալին խթանելով որպես հայրենիքին պետք մարդու, սա կլինի հայրենասիրությունը:

Իսկ ամենապոռոտ ու սնապարծ բառերով գովերգողին, սակայն ողջ կյանքը սեփական շահերին ու ուրիշներին վնասելուն ծառայեցնողին հայրենիքը պիտի ասի` շնորհակալություն, քո «ծառայություններն» ինձ պետք չեն: Թե չէ սրիկաների «հայրենասիրության» մասին Դեմիրճյանը վաղուց է գրել:

Իսկ թե 46 տոկոս հայաստանցինեռը հայրենիքը լքում են հայրենասիրության պակասից` այդ մտայնությունը նույնն է, երբ ասում են` եվրոկառույց դիմողները հայրենասեր չեն: Այ հեր օրհնած` պետությունը չուլ սարքած օլիգարխը, կաշառված դատավորը, հաբռգած պաշտոնյան հայրենասե՞ր են, նրանց արած ապօրինություններն ու հասարակ քաղաքացուն օր չտալը հայրենասիրակա՞ն են, արդարություն որոնող հայի վարմունքը` չէ՞: Դե որ կարողանար արդարությունն իր երկրում գտնել` կգտներ, ինչու էր եվրոպաները հասնում:

Ինձ համար հայրենասերը համեստ, բանիմաց, սնապարծությունից հեռու, իր գործի պրոֆեսիոնալ մարդն է, որն իր տեղում ոչ միայն անիրավություն չի գործում, այլեւ չի թույլատրում, որ ուրիշները գործեն, անգամ հայրենասիրության մասին ամեն օր կենաց ասողներին է իրենց տեղը ցույց տալիս: Հայրենիքը կկայանա այդ տեսակ մարդկանցով, նրանց շնորհիվ հայը չի կորցնի իր հույսը եւ կմնա իր հողին, իսկ կենաց ասողներից պետք է ազատվել:

Ինձ համար հայրենասեր չեն այն մարդիկ, ովքեր հեռուստատեսությամբ բթություն եւ անմակարդակություն են սփռում, փոխանակ սովորական, պարզ հայ մարդկանց մասին պատմեն, ով փողի, փափկակենցաղության եւ այլասերվածության մասին կապկած ծաղկաքաղ է մատուցում եւ ապակողմնորոշում երիտասարդությանը` հավերժական արժեքները մատուցելու փոխարեն: Ինձ համար հայրենասերը ուղիղ իր զավակի աչքերին նայող, չկեղծող, փարիսեցիական «չի կարելին» տեղի-անտեղի չսեպող հայ տղամարդն է, որ իրերը կոչում է իրենց անուններով: Ինձ համար հայրենասերը բոլոր ատյաններում իր իրավունքների համար պայքարող հայն է, որ անգամ հայրենիքից հեռու ընտանիքի համար դրամ վաստակելով` իր հայրենիքի մի հյուլե իր ընտանիքի մասին է մտածում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #131, 31-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ