RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#130, 2013-07-30 > #131, 2013-07-31 > #132, 2013-08-01 > #133, 2013-08-02 > #134, 2013-08-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #132, 01-08-2013



Տեղադրվել է` 2013-07-31 23:03:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 1003, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 20

ՌՈՒՍՏԱՄ ԻԲՐԱՀԻՄԲԵԿՈՎ. ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԹԵԿՆԱԾՈ՞Ւ, ԹԵ՞ ԿՐԵՄԼԻ ԳՈՐԾԱԿԱԼ

Վ. Ա.

Ադրբեջանական ընդդիմության պարագլուխները մեկնել էին Թբիլիսի, որտեղ նրանց ընդունել է նախագահի «միասնական թեկնածու» Ռուստամ Իբրահիմբեկովը: Որեւէ էական որոշում չի կայացվել: Հայտնի չի դարձել` Իբրահիմբեկովը կառաջադրվի՞ պաշտոնապես, կորոշի մուտք գործել Ադրբեջան` ի հակակաշիռ իրեն ձերբակալելու սպառնալիքների, թե՞ ընդդիմությունը «կբոյկոտի ընտրությունները»:

Մամուլի համար արված կարճ հայտարարությամբ ընդդիմության ներկայացուցիչ Էլդար Նամազովը միայն ասել է, թե «Ազգային խորհուրդը (միացյալ ընդդիմության ներկայացուցչական մարմինը- Վ. Ա.) ինքը կորոշի ընտրությունների հարցում իր հետագա անելիքները»: Հայտնի է դարձել, որ Ռուստամ Իբրահիմբեկովը Թբիլիսիից ուղեւորվել է Մոսկվա` «լուծելու իրեն Ռուսաստանի քաղաքացիությունից զրկելու հարցը»:

Այս իմաստով ստեղծվել է բավական հետաքրքրական իրավիճակ: Ադրբեջանում նախագահի թեկնածուների առաջադրման ժամկետ է սահմանված առաջիկա ամսվա 19: Այսինքն, եթե մինչ այդ ՌԴ նախագահ Պուտինն Իբրահիմբեկովին չզրկի ռուսաստանյան քաղաքացիությունից, ապա վերջինս օրենքով կզրկվի Իլհամ Ալիեւի հետ մրցակցելու իրավունքից:

Իսկ Մոսկվայում կարծես չեն շտապում հարցին լուծում տալ: Երեկ haqqin.az-ը ՌԴ նախագահին առընթեր քաղաքացիության հարցերով հանձնաժողովից փորձել է պարզել` օրակարգո՞ւմ է Իբրահիմբեկովին քաղաքացիությունից զրկելու հարցը: Հետեւել է ստանդարտ-խուսափողական պատասխան` «դիմեք գրավոր»: Նույն լրատվամիջոցը կապ է հաստատել նաեւ Կրեմլի մամուլի ծառայության հետ, որտեղից ասել են, որ «քաղաքացիության հարցերով հանձնաժողովի հերթական նիստ իր հայեցողությամբ գումարում է ՌԴ նախագահը»:

Եթե ադրբեջանական լրատվամիջոցի փոխանցած տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, ապա հարկ է ենթադրել, որ Իբրահիմբեկովին քաղաքացիությունից զրկել-չզրկելու որոշումը Պուտին-Ալիեւ հարաբերություններում ձեռք է բերում սկզբունքային նշանակություն:

Բայց սա խնդրի մի կողմն է: Ծագում է տրամաբանական հարցադրում. նախագահի թեկնածու առաջադրվելու մտադրություն Ռուստամ Իբրահիմբեկովը հայտնել էր ավելի քան մեկ տարի առաջ` գտնվելով դեռեւս Ադրբեջանում: Եվ եթե դա լուրջ էր, ապա ինչո՞ւ ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու գործընթաց նա ավելի վաղ չի սկսել, այլ սպասել է մինչեւ «վերջին պահը»:

Ասել, թե Իբրահիմբեկովը տեղյակ չէր, որ լինելով երկքաղաքացի` չի կարող հավակնել Ադրբեջանի նախագահի պաշտոնին, նշանակում էՙ նրան դնել քաղաքական «անմեղսունակի» տեղ, ինչը բացառվում է: Այդ դեպքում ո՞րն է «խաղի իմաստը»: Կարող է չափազանցված թվալ, բայց ինչո՞ւ բացառել, որ «քավության նոխազի» դերակատարություն Իբրահիմբեկովն ստանձնել է կամավոր` ընդառաջելով Կրեմլի քաղտեխնոլոգներին:

Այսինքն, օրակարգային դարձնելով Ադրբեջանում Իլհամ Ալիեւին քաղաքական լուրջ հակակաշիռ ձեւավորելու հարցում Մոսկվայի վճռորոշ դերակատարության գործոնը, Ռուստամ Իբրահիմբեկովը պաշտոնական Մոսկվայի համար բացել է Ադրբեջանի վրա ազդեցության լայն ճակատ: Այնքան, որ իրեն քաղաքացիությունից զրկել-չզրկելու հարցը տեղափոխվի Պուտին-Ալիեւ հարաբերությունների տիրույթ:

Այս դեպքում, անշուշտ, խնդրողի դերում է հայտնվում Իլհամ Ալիեւը, որի ներքաղաքական ռեսուրսներն այնքան սուղ են, որ երկյուղում է մրցակցել պետական կառավարման ոչ մի փորձ չունեցող եւ, ըստ էության, լայն ժողովրդականություն չվայելող Ռուստամ Իբրահիմբեկովի հետ անգամ: Պաշտոնական Բաքվին օդ ու ջրի պես անհրաժեշտ է, որ Իլհամ Ալիեւի «մրցակից» լինի կանխատեսելի-կառավարելի մեկը:

Եվ այս վճռական պահին «Ռուստամ Իբրահիմբեկով» անվանված «երկճյուղ մտրակը» հայտնվում է Վլադիմիր Պուտինի ձեռքում: Փաստորեն նրա որոշումից է կախված` կպայթի՞ Ադրբեջանում իրավիճակը, թե՞ ոչ: Ի՞նչ գին պիտի վճարի Իլհամ Ալիեւը, որպեսզի «մտրակը չշաչի»: Ի՞նչ «կառաջարկի» Վլադիմիր Պուտինը: Սրանք այս պահին անպատասխան հարցեր են: Ակնհայտ է, թերեւս, որ Ռուստամ Իբրահիմբեկովը չի առաջադրվի Ադրբեջանի նախագահի թեկնածու: Նա արել է իր գործը, նա կարող է «պատվով» հեռանալ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #132, 01-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ