RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-02-11 15:01:08Վերջին օրերին տեղի ունեցան, կարծում եմ՝ միմյանց հետ փոխկապակցված երկու չափազանց կարևոր իրադարձություններ
2021-02-11 14:59:50Սիրելի՛ ժողովուրդ, Քեզ հիպնոսացրել են, արթնացի՛ր. Հայրենիքի փրկության շարժում
2021-01-27 21:42:18Արցախյան 2 պատերազմի մասնակցած ազատամարտիկը ծեծի է ենթարկվել
2021-01-27 21:40:33Դիւանագիտական նոր պատեհութիւններ որոնցմէ պէտք է օգտուի հայաստանը
2021-01-27 20:49:29Ալիևը հայտարարում է, որ Հայաստանում ժամանակին ադրբեջանցիներ են ապրել և նրանք պետք է հետ վերադառնան այդտեղ ապրելու
#131, 2013-07-31 > #132, 2013-08-01 > #133, 2013-08-02 > #134, 2013-08-03 > #135, 2013-08-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #133, 02-08-2013



Տեղադրվել է` 2013-08-02 20:31:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 1174, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 18

ԻՐԱՆԻ ԼՌՈՒԹՅԱՆ ՁԱՅՆԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Օգոստոսի 4-ին Իրանում տեղի կունենա նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությունը: Թեհրանում այդ միջոցառմանը կմասնակցի նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Ադրբեջանի նախագահը Իրան չի մեկնի. նախագահ Ռոհանիի երդմնակալությանը Բաքուն կներկայանա փոխարտգործնախարարի մակարդակով:

Պարզ է, որ տեղի կունենա նախագահներ Սարգսյան-Ռոհանի հանդիպումը, որտեղ հերթական անգամ կվերահաստատվեն հայ-իրանական առնվազն բարիդրացիությունն ու հարաբերությունները բոլոր ոլորտներում խորացնելու անհրաժեշտությունը, փոխադարձ ցանկությունը: Բայց չի բացառվում, որ Իրանի նախագահը Սերժ Սարգսյանին, այլ, կոնկրետ ու շատ կարեւոր տեղեկություն տրամադրի:

Խոսքը Թեհրանի ունեցած հստակ դիրքորոշման մասին է` ԼՂ հակամարտության վերաբերյալ: Որ Իրանն այդ դիրքորոշումն ունիՙ պարզից էլ պարզ է: Ավելին, հուլիսի 31-ին Բաքվում Իրանի դեսպան Մոհսեն Փաքայինը, ըստ ադրբեջանական «Թրենդ» գործակալության, բաց տեքստով հայտարարել է. «Իրանն ունի ԼՂ հակամարտության կարգավորման սեփական նախագիծը, բայց այն կհրապարակի, երբ դրա անհրաժեշտությունը լինի»: Հասկանալի է, որ Իրանը չի կարող թույլ տալ, որ իր սահմաններին մոտ միջազգային լուրջ հակամարտությունը լուծվի «սեփական նախագծից» շատ շեղված: «ԼՂ հակամարտության կարգավորման սեփական նախագիծ» ունենալը հենց սա է ապացուցում: Միեւնույն ժամանակ, եթե Իրանը դեռեւս նպատակահարմար չի գտնում ունեցած նախագիծը բարձրաձայնելը, ուրեմն ԼՂ հակամարտության ներկա իրավիճակը ձեռնտու է Իրանին: Հակառակ պարագայում, նա կմտներ խաղի մեջ, եթե անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ չէ, կամ հակամարտության կողմերի միջեւ լիազորված միջնորդական առաքելություն իրականացնող: Ստացվում է, որ դե ֆակտո անկախ գոյություն ունեցող Արցախը եւ այնտեղ բացառապես ղարաբաղա-հայկական զորքը ձեռնտու են Իրանին: Ակնհայտ է, որ Թեհրանը Ղարաբաղում, իր սահմանների մոտ չի հանդուրժի որեւէ այլ զորք, բացի, փաստորեն, հայկականից: Սա նշանակում է նաեւ, որ Թեհրանն ամենաուղղակի կերպով` Բաքվում իր դեսպանի միջոցով, ակնարկում է Բաքվին, որ իր համար ղարաբաղյան ստատուս քվոն ընդունելի է, եւ դրա փոփոխությունը ինքը կարող է ընկալել որպես սեփական ռազմավարական շահերի դեմ կատարվող քայլ: Դեսպան Փաքայինը իր հայտարարության համար նաեւ ճիշտ ժամանակ է ընտրել: Հայաստանի` գալիք նոյեմբերին Վիլնյուսում ԵՄ-ի հետ նախաստորագրելիք Ասոցացման համաձայնագրի համապատկերում, հատկապես ռուսաստանցի որոշ փորձագետներ, այդ թվումՙ հանրահայտ Տարասովը, ուղիղ տեքստով հայտարարում են. «Հեռանալով Ռուսաստանից դեպի ԵՄ` Սերժ Սարգսյանը պատրաստվում է Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին»: Մյուս կողմիցՙ նույն փորձագետները խոսում են նաեւ նոր ղարաբաղյան պատերազմից, ինչի վտանգը կարող է էլի ավելի մեծանալ, երբ Իլհամ Ալիեւը երրորդ անգամ անընդմեջ վերընտրվի Ադրբեջանի նախագահի պաշտոնում, դրանով իսկ զգալով ամենաթողություն: Եվ այս համապատկերում ընդամենը մեկ նախադասություն է անում Բաքվում Իրանի դեսպանը` հասկացնելով բոլորին, որ Իրանը իրադարձություններին ուշադրությամբ է հետեւում` մեկ, որ Իրանի համար ազգային-ռազմավարական հարցեր են այն ամենը, ինչը կատարվում է իր սահմանների մոտ, երկու, որ Իրանը պատրաստ է ամեն պահի մտնել խաղի մեջ, երեք, որ Իրանն ունի կոնկրետ ԼՂ հակամարտության կարգավորման սեփական նախագիծը, որը դեռ չի հրապարակի, քանի որ առայժմ ամեն ինչ Իրանի սրտով է, չորս, որ նոր, հավանական ղարաբաղյան պատերազմում Իրանն ունենալու է ու առաջնորդվելու է սեփական ազգային շահով, որի, ինչպես ստացվում է, այսօրվա երաշխավորը սահմանակից Ղարաբաղում բացառապես հայկական զորքերն են:

Թեհրանում նախագահ Սարգսյանը, ըստ ամենայնի, կտեղեկացվի մանրամասնորեն, անձամբ նախագահ Ռոհանիից, թե այդ ի՞նչ նախաձեռնություն ունի Իրանը, որի մասին դեռ վաղ է խոսել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #133, 02-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ