RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#131, 2013-07-31 > #132, 2013-08-01 > #133, 2013-08-02 > #134, 2013-08-03 > #135, 2013-08-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #133, 02-08-2013



ՇԻՐԱԿ

Տեղադրվել է` 2013-08-02 20:31:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 1008, Տպվել է` 22, Ուղարկվել է էլ.փոստով` 32

«ԿՈՒՄԱՅՐԻ» ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆԸ ԿՎԵՐԱԿԱՆԳՆՎԻ

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Գյումրու համայնքային ավագանու որոշմամբ կվերականգնվի «Կումայրի» արգելոց-թանգարանի առանձին կարգավիճակը: Ելնելով քաղաքի վարչատարածքում գտնվող պատմական, ճարտարապետական, հնագիտական կամ այլ մշակութային արժեք ներկայացնող անշարժ հուշարձանների, հուշարձան-համալիրների, պատմական միջավայրի, պատմամշակութային հողերի եւ դրանց հարող տեղանքապատկերների (լանդշաֆտի) ամբողջական պահպանման, ուսումնասիրման, հանրահռչակման եւ օգտագործման անհրաժեշտությունից, ավագանին հուլիսի 29-ի հերթական նիստում այլ հարցերի թվում որոշեց ստեղծել Գյումրու քաղաքապետարանի «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարան» համայնքային ոչ առեւտրային կազմակերպություն:

Գյումրին, ինչպես հայտնի է, մեր հանրապետության այն սակավաթիվ քաղաքներից է, որտեղ հիմնականում պահպանվել է պատմաճարտարապետական մեծ արժեք, ուրույն ճարտարապետական ոճ եւ քաղաքաշինական ամբողջություն ներկայացնող կառուցապատված միջավայրը: Դեռ 1980 թվականին այստեղ ստեղծվեց «Կումայրի» պետական պատմաճարտարապետական արգելոց-թանգարանը, որն իր մեջ ներառում էր քաղաքի նախորդ դարավերջի կառուցապատման սահմանները, ինչպես նաեւ Ախուրյան գետի ձախափնյա կիրճի լանդշաֆտները, կառուցապատված հատվածում պահպանվում են 19-րդ դարի ընթացքում կազմավորված փողոցային ցանցը, պատմաճարտարապետական հուշարձանի կարգավիճակ ունեցող 1022 կառույց, այդ թվում` բնակելի, հասարակական, արդյունաբերական, ռազմապաշտպանական, պաշտամունքային եւ այլ նշանակության շենքեր ու շինություններ: Արգելոց-թանգարանը 1994 թվականին, ՀՀ կառավարության որոշմամբ հանձվել էր Գյումրու քաղխորհրդի գործկոմի, 1998-ին` քաղաքապետարանի հաշվեկշռին, իսկ Գյումրու ավագանու 2004 թ. նոյեմբերի 2-ի որոշմամբ նրա առանձին կարգավիճակն ըստ էության վերացվել էր, թողնվել էր փոքր ինչ-որ ենթաբաժին քաղաքապետարանի կազմում: Այժմ կայացված նոր որոշումը հնարավորություն է տալիս հնարավորինս պահպանել, խնամել ու նպատակային օգտագործել այն, ինչ մնացել է նախ երկրաշարժի, ապա այս տարիների կորուստներից հետո:

«Սա մեր պատմական մշակույթն է, եւ այսօր «Կումայրի» արգելոց-թանգարանը նորից վերականգնելը, ինձ թվում է, շատ կարեւոր է »,- ավագանու նիստում ասաց քաղաքապետ Սամվել Բալասանյանը, նշելով նաեւ նյութերի հետագա ուսումնասիրության, նոր ֆոնդերի ստեղծման, քաղաքի հյուրերին եւս բնակավայրի պատմությունն ու դիմագիծն առավել առարկայական ներկայացնելու խդիրները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #133, 02-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ