RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-02-27 17:29:58ՀՐԱՏԱՊ. Շիշ բռնողը հավաքել է անհետ կորած զինծառայողների հարազատներին և փորձում է նրանց ուղղորդել Բաղրամյան պողոտա. Mediaport
2021-02-27 15:59:34«ժամանակն է, որ Հայաստանի օրենսդիր մարմինը որոշումներ կայացնի, ոչ թե բանակցի». Ժիրինովսկին Փաշինյանի վերաբերյալ
2021-02-11 15:01:08Վերջին օրերին տեղի ունեցան, կարծում եմ՝ միմյանց հետ փոխկապակցված երկու չափազանց կարևոր իրադարձություններ
2021-02-11 14:59:50Սիրելի՛ ժողովուրդ, Քեզ հիպնոսացրել են, արթնացի՛ր. Հայրենիքի փրկության շարժում
2021-01-27 21:42:18Արցախյան 2 պատերազմի մասնակցած ազատամարտիկը ծեծի է ենթարկվել
#131, 2013-07-31 > #132, 2013-08-01 > #133, 2013-08-02 > #134, 2013-08-03 > #135, 2013-08-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #133, 02-08-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-08-02 20:31:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 959, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 14

ԱՆՑՅԱԼԸՙ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ

Մ. Բ.

Սփյուռքահայ իրականությունը պարբերաբար նոր անակնկալ է ի հայտ բերում, ազգային կյանքի անցյալի նույնիսկ ամենամանրամասն, անկարեւոր թվացող դրվագ մոռացությունից փրկելու ձեւեր գտնում: Իրենց բուն զբաղմունքով մշակութային-մտավորական կյանքից հեռու հայտնվում են մարդիկ, ովքեր ներքին մղումով կյանքի գործ են դարձնում ազգապահպանման որեւէ խնդիր, որեւէ ասպարեզում, որեւէ միջոցով:

Այսպես, հալեպահայ Վահե Սամուելյանը ոսկերիչ արհեստագործ է (միաժամանակ շուրջ 50 տարի հալեպահայ բեմում գործելովՙ դերասանական արվեստի սիրողական մակարդակը կատարելագործել, հասցրել է գրեթե պրոֆեսիոնալիզմի աստիճանի), որը հայ անցյալի մի բեկոր մոռացությունից փրկելու որպես միջոց ընտրել է լուսանկարների հավաքչության գործըՙ տարիներ շարունակ հավաքելով ոչ միայն ամենատարբեր անձանց լուսանկարներ, նաեւ փաստաթղթեր, հարսանյաց հրավերներ, վարժարանների վիճակացույցեր, վկայագրեր (նշանտվության եւ այլ) եւ ստեղծել անցյալի յուրատեսակ վավերագրություն-արխիվ: 80-ական թթ.-ին նա այդ նյութերի մի մասը պարբերաբար ներկայացրել է Բեյրութի «Զարթօնք» օրաթերթի էջերումՙ «Հայ անցեալըՙ լուսանկարներով» խորագրի ներքո: Հետագայում դրանց մի մասն ամփոփել եւ 2007-ին Երեւանում հրատարակել է նույնանուն խորագրով գրքի 1-ին հատորը: Գրքի երկրորդ հատորը լույս է տեսել օրերս, դարձյալ Երեւանում, պատմաբան, լրագրող Գեւորգ Յազըճյանի խմբագրությամբ եւ առաջաբան-երկու խոսքով, որտեղ նա այսպես է արժեւորում Վահե Սամուելյանի կատարած աշխատանքը. «...Ու եթէ իւրաքանչիւրիս անցաւոր կեանքէն յիշատակներ պիտի մնան, ապա Վահէ Սամուէլեանէն առյաւէտ մեզի պիտի մնան «Հայ անցեալըՙ լուսանկարներով» հաւաքածոներըՙ իբրեւ կարեւոր վկայութիւններ հայոց նորագոյն պատմութեան, մասնաւորապէս Մերձաւոր Արեւելքի հայկական գաղութներու եւ անոնց ու հայրենական պետութեան յարաբերութեանց 20-րդ դարու եւ 21-րդ դարասկզբի պատմութեան»:

Այսինքնՙ Վահե Սամուելյանը յուրօրինակ ձեւով, այլեւս բազում շերտերով արդեն մոռացության մատնված անցյալի վավերական կյանքի դրվագների պահապան է հանդես գալիս: Գրքում ներկայացված յուրաքանչյուր լուսանկարի կամ փաստաթղթի հետ զուգահեռ հեղինակը բավական մանրամասն տեղեկություններ է հաղորդում այդ անձին կամ տվյալ երեւույթին վերաբերող:

Օրինակ, Մարաշի Կեդրոնական վարժարանի 1921 թ. շրջանավարտների լուսանկարը առիթ է դառնումՙ վերհիշելու տվյալ ժամանակաշրջանը եւ տնօրենինՙ Սիրական Օրջանյանինՙ հաղորդելու մանրամասներ այս անձի ուսուցչական, ապա եւ քահանայական հետագա գործունեության, 1915-ի աքսորական կյանքի, զրկանքներով լի տարիների, հայրենի Մարաշ վերադարձի, մինչեւ Դամասկոսում, Զահլեում, Իրաքում շարունակող իր գործունեության մասին:

Լուսանկարները, ազգային կյանքի տարաբնույթ վավերագրերը նա հավաքել է ամենատարբեր վայրերիցՙ թանգարաններից, արխիվներից, նաեւ մասնավոր անձանցիցՙ կյանքի ամենատարբեր բնագավառների վերաբերողՙ կրթական, ազգային, մշակութային եւ այլ: «Թատերական դրուագ մը» խորագրի ներքո ներկայացվում է Բարսեղ Աբովյանը, որը ըստ հեղինակի, եղել է թատերական այն սերնդից, որոնք 19-րդ դարից մինչեւ 20-րդ դարի 1-ին կեսը կերտել են հայ թատրոնի նոր ծնունդը: Նկարագրված են Բ. Աբովյանի թատերական գործունեությունը, շրջագայությունները (Պոլիս, Օդեսա, Նոր Նախիջեւան, Բաքու, Թեհրան), խաղացանկը (հիմնականում հայրենասիրական բնույթի ներկայացումներ), տեղեկություններ է տրվում Հալեպում նրա բեմական կյանքի 50-ամյակի հանդիսության եւ այդ առիթով լուսանկարներով տպագրված պրակի մասին:

Այսպեսՙ շարունակ: Հեղինակը լուսանկար առ լուսանկար, փաստաթուղթ առ փաստաթուղթ գտնում, դրանց հետքերով գնում, ուսումնասիրում եւ իր վերագտած մասունքներով վերականգնում, կազմում է խճանկարը հայ ազգային կյանքի անցյալի մի հատվածի: Սա վավերական պատմություն է, վավերական կյանք, որն անշուշտ որպես սկզբնաղբյուրային արժեք կարող է օգտակար լինել համապատասխան ուսումնասիրողներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #133, 02-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ