RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#136, 2013-08-21 > #137, 2013-08-22 > #138, 2013-08-23 > #139, 2013-08-24 > #140, 2013-08-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #138, 23-08-2013



Տեղադրվել է` 2013-08-22 23:29:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 1166, Տպվել է` 51, Ուղարկվել է էլ.փոստով` 14

ԱՆԿԱԽ ԵՐԿՐԻ ՔԱՂԱՔԱՑԻ ԼԻՆԵԼՈՒ ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

23 տարի առաջ այս օրը, երբ Հայաստանում ընդունում էին Անկախության հռչակագիրը, հազիվ թե կարողանային պատկերացնել հետագա 23 տարիների վայրիվերումները, դժվարությունները, հուսահատություններն ու հուսավառությունները: Սակայն գիտակցողների համար անանց արժեք անկախությունն այն ժամանակ բարեբախտաբար ճանապարհ ընկավ ու ենթադրեց նաեւ, որ անկախ պետությունում գլխավոր արժեքը, պետության մյուս ատրիբուտներին հավասար, նաեւ մարդն է, քաղաքացին, ու նախ` քաղաքացին: Գիտակցողները իսկապես ուրախանում էին «Հայաստանի Հանրապետություն» անվանված երկրի զգացողությունից, որի անունից դուրս մնացին խորհրդային բաղադրիչները, ու, անկախ դիմադրողներից ու անկախության հանդեպ չկամորեն տրամադրվածներից, երկրագնդի քարտեզը համալրվեց այլեւս մեր փոքրիկ, բայց անկախ երկրի նոր գույնով: Անկախ նրանից` մեր քաղաքացին գիտակցո՞ւմ է անկախության արժեքը, իր` անկախ պետության քաղաքացի լինելու արժեը, թե ոչ: Գիտակից քաղաքացին, այո, այսօր շատ կարեւոր բաղադրիչ է անկախ պետության համար, անկախ այն հանգամանքից, որ անհանգստություն է պատճառում իշխանությանը: Սակայն որեւէ պետություն, ինչու չէ` նաեւ իշխանություն, պետք է հարուստ զգա իրեն, եթե իսկական քաղաքացին երկրում վարկ ունի, խնդիր է լուծում, իշխանատենչին ու կոռումպացվածին իր տեղն է ցույց տալիս: «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն էՙ օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ:

Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործում են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները». Անկախության հռչակագրի այս խոսքերից ամեն մեկը ոսկեհատիկ է, որը, սակայն, այսօր մի տեսակ լիարժեք չի գիտակցվում ամենատարբեր պատճառներով, իսկ Սահմանադրությունն ու օրենքներն էլ հաճախ շրջանցվում են: Բայց դա առանձին խոսակցություն է, եւ ո՞ւմ մտքով այսօր կարող է անցնել, որ հանկարծ ու կարող էինք անկախ չլինել: Անկախությունն այլեւս կյանքի անբաժան մասն է, կենսաձեւ` դժվար լինի, թե հեշտ: Անկախ նրանից, որ այս 23 տարում շատ բան արժեզրկվեց, շատ բան իր նախնական արժեքին լրիվ հակառակ իմաստը ստացավ` Հայաստանի Հանրապետություն անկախ պետությունն այն միակ արժեքն է, որը հավասարապես վերաբերում է պաշտոնյային եւ գյուղացուն, մտավորականին եւ փողոցն ավլողին: Այս գերարժեքի գիտակցումն ունեն նաեւ երկրից հեռու հայերը, օրվա հացն ուրիշ երկրներում վաստակողները, հայացքն ուղղած քարտեզի մեր բաժին լուսավոր կետին, որ միշտ տուն է կանչում: Սակայն անկախությունը նաեւ պատասխանատվություն է` երկրի, նրա մարդկանց, նրա վարկի ու արժանապատվության համար, աշխատանք ու ջանք, հաճախ` գերմարդկային: Ոստիկանի ու իշխանավորի, հողի մշակի, մտավորականի ու ընդհանրապես` բոլոր հայերի:

Ասենք` նախորդ օրը Կոմիտասի 5 հասցեում ունեի՞ն ոստիկանն ու բողոքողները անկախ երկրի զգացողությունը` սա մտորելու նյութ է, որովհետեւ Հայաստանի Հանրապետության անունից չի կարելի սեփական քաղաքացիներին հրել, նվաստացնել եւ ծեծել, ինչպես, ի դեպ, եւ «մլիցա» անվանել ոստիկանին: Կամ կառուցապատողը իր շահը պաշտպանելիս Հայաստանի Հանրապետությունն իր սեփականությո՞ւնն է համարում միայն, թե՞ նաեւ մյուս բնակիչներինը: Կամ բողոքողներից Անուշավան Պետրոսյանին ծեծի ենթարկած անձինք ո՞ւմ անունից էին ծեծի ենթարկում նրան` իրե՞նց, թե Հայաստանի Հանրապետության: Կամ նրանք, ովքեր իրենց գործողություններն անվանում են ներպետական ազատագրական պայքար, ի՞նչ նկատի ունեն, Հայաստանի Հանրապետությո՞ւնը, իշխանությո՞ւնը, բայց համաձա՞յն են, որ նույն կերպ իրենց դեմ պայքարեն, երբ իրենք իշխանություն լինեն:

Ամեն դեպքում եւ անկախ պատճառներից ու շարժառիթներից` Հայաստանի քաղաքացին ինչ եւ ինչպես էլ անի, պիտի հիշի անկախ երկրին իր պատկանելությունը, այս դեպքում գուցե նրա գործողությունները մի փոքր այլ հունով ընթանան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #138, 23-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ