RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#136, 2013-08-21 > #137, 2013-08-22 > #138, 2013-08-23 > #139, 2013-08-24 > #140, 2013-08-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #138, 23-08-2013



Տեղադրվել է` 2013-08-22 23:29:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 1426, Տպվել է` 29, Ուղարկվել է էլ.փոստով` 29

ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ ԿԱՏԱՐՎԱԾ ՓԱՍՏԻ ԱՌՋԵՎ Է

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը նամակ է ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին: Նամակի բովանդակությունն ինքնին հետաքրքրական չէր լինի, եթե չհրապարակվեր ՌԴ նախագահ Պուտինի` Բաքու կատարած աշխատանքային այցից հետո, եւ եթե այնտեղ գործածված չլիներ մի նոր եզրույթ:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին Մամեդյարովը նամակ է գրել ոչ թե Պուտինի այցից հետո, այլ հուլիսի 19-ին դեռեւս, սակայն նամակի բովանդակությունը հրապարակվում է այժմ:

Նամակում Ադրբեջանի ԱԳ նախարարը բնութագրում է Հայաստանի քաղաքականությունը ԼՂ հակամարտության հարցում: Այն, ըստ Էլմար Մամեդյարովի, fait accompli է (կատարված փաստի առջեւ դնել): «Հայաստանը փորձում է փոխել օկուպացված տարածքների ազգագրական, սոցիալ-մշակութային բնույթը` կառուցելով նոր բնակելի տներ, վերակառուցելով օդանավակայանը, տարբեր ավտոճանապարհներ եւ այլն...», գրել է Մամեդյարովը` Բան Կի Մունին: Ադրբեջանի ԱԳ նախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին տեղեկացրել է նաեւ, թե ինչպես է «Հայաստանը Սիրիայից ներգաղթած հայերով բնակեցնում օկուպացված տարածքները»:

Դատելով հանգամանքից, որ նամակը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հասցեագրվել է ավելի քան մեկ ամիս առաջ եւ այս ամբողջ ժամանակահատվածում մնացել է անպատասխան, ուրեմն Բան Կի Մունը անհրաժեշտություն չի տեսել պատասխանելու Մամեդյարովի նամակին, գոնե տեղեկացնելու, որ այն ընդունվել է որպես «ի գիտություն»: Առհասարակ այս նամակում ամենաուշագրավը ոչ թե դրա` բոլորին արդեն ձանձրացրած տեքստն է, այլ «թողարկման ժամկետը», ինչպես նաեւ դրանում գործածված եւ Հայաստանի քաղաքականությունը բնորոշող նոր եզրույթը: Բաքվում Պուտինը ընդգծեց, որ «Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի բացառապես քաղաքական ճանապարհով...»: Ընդամենը օրեր անց Մամեդյարովը հրապարակայնացրեց իր նամակըՙ ուղղված ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, որտեղ գրված է. «Քանի որ քաղաքական միջոցներով Հայաստանի հետ բանակցություններ անցկացնելու ջանքերն արդյունք չեն տալիս, ստատուս քվոյի հետագա շարունակումը կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ, ինչի ողջ պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի վրա»: Փաստորեն, չնայած Բաքվում Ռուսաստանի նախագահը Բաքվին ասում է, որ «ԼՂ հակամարտությունը պետք է լուծել բացառապես քաղաքական ճանապարհով», Բաքուն ավելի ուշ հայտարարում է, թե «Հայաստանի հետ քաղաքական միջոցներով բանակցություններ անցկացնելու ջանքերը արդյունք չեն տալիս...», եւ ուղղակիորեն սպառնում է պատերազմով, դրա ողջ պատասխանատվությունը կանխավ բարդելով Հայաստանի վրա:

Էլմար Մամեդյարովը փորձառու դիվանագետ է եւ հրաշալիորեն հասկանում է, որ ՄԱԿ-ն ու իր գլխավոր քարտուղարությունը վաղուց արդեն այն կառույցն ու օղակը չեն, որ կարող են ինչ-որ գործուն միջամտություն ունենալ միջազգային այնպիսի նուրբ հակամարտությունում, ինչպիսին, օրինակ, ղարաբաղյանն է: Փաստորեն, Մամեդյարովը հասկանում է, որ իր նամակը` Կի Մունին, «Հայաստանի հետ քաղաքական միջոցներով բանակցություններ անցկացնելու ջանքերի պես» որեւէ արդյունք չի տալու, գիտի ու գրում է:

Հետեւաբար, Մամեդյարովին (Բաքվին) անհրաժեշտ է ոչ թե ՄԱԿ-ի գործուն միջամտությունը հակամարտությունում, այլ հերթական անգամ բարձրաձայնել, որ ԼՂ հակամարտությունում Հայաստանին պետք է պատժել, քանի որ Երեւանը վարում է fait accompli-ի քաղաքականություն: Հենց այս ֆրանսերեն եզրույթի բանեցումն իր քաղաքական-դիվանագիտական բառապաշարում նորույթ է Բաքվի համար: Ադրբեջանը լավ հասկանում է, որ ժամանակի ընթացքում ինքը ավելի է հեռանում Ղարաբաղից, այնտեղ ապրող բնակչությունից եւ այնտեղ կառուցվող ու վերակառուցվող բնակելի տներից, օդանավակայանից ու ավտոճանապարհներից: Չի բացառվում, որ Բաքուն առաջին անգամ բարձրաձայն խոսելով հայկական fait accompli-ի մասին, հեռահար նպատակ ունի արդյունքում ցույց տալ սեփական ժողովրդին, որ Ղարաբաղի հետ իրենք այլեւս կապ չունեն, որ իրենք ամեն ինչ արեցին, որ «այդպես չլինի», անգամ «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին նամակ գրեցինք», բայց...

Մամեդյարովը այս ամենն իհարկե հասկանում է եւ դրա համար էլ նամակ է գրում` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ավելի ճիշտՙ դրա համար էլ նա մեկ ամիս անց հրապարակայնացնում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հղած նամակն այն մասին, որ Բաքուն կատարված փաստի առջեւ է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #138, 23-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ