RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#136, 2013-08-21 > #137, 2013-08-22 > #138, 2013-08-23 > #139, 2013-08-24 > #140, 2013-08-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #138, 23-08-2013



Տեղադրվել է` 2013-08-22 23:29:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 1070, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 14

ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԵՂՔՎԱԾՔՈՒՄ ՀԱՅՏՆՎԵԼՈՒ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու

Նախկին Խորհրդային Միության փլուզումից անմիջապես հետո, տարբեր երկրների բազմաթիվ քաղաքագետներ քիչ ջանքեր չեն գործադրել, որպեսզի մեկնաբանեն եւ քննադատեն այն տարիներին շատ մոդայիկ ամերիկացի հետազոտող Սեմյուիլ Հատինգթոնի տեսությունը քաղաքակրթությունների բախման վերաբերյալ: Վերջին քսան տարիներին համաշխարհային քաղաքականության ամենամեծ փոփոխությունը, թերեւս միաբեւեռ աշխարհի ավարտն է եւ բազմաբեւեռ կամ բազմակենտրոն նոր աշխարհակարգի ձեւավորման գործընթացը: Ցավոտ էր այն ժամանակը, երբ աշխարհը դարձավ միաբեւեռ: Ցավոտ են եւ այն փոփոխությունները, որոնք տանում են դեպի բազմաբեւեռ նոր աշխարհակարգ: Բազմակենտրոն աշխարհի չորս խոշոր կենտրոններից (ԱՄՆ, Եվրոպական միություն, Ռուսաստան եւ Չինաստան) երեքի ազդեցությունը մեր թե՛ փոքր (Հարավային Կովկաս), թե՛ մեծ (հետխորհրդային տարածք) տարածաշրջաններում ընթացող քաղաքական եւ տնտեսական գործընթացների վրա, մեծապես զգալի են: Վերափախելով Ս. Հատնիգթոնի բառապաշարը, կարելի է պնդել, որ Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը, Ադրբեջանը եւ Հայաստանը հայտնվել են երկու աշխարհաքաղաքական բեւեռներիՙ Եվրոպայի եւ Ռուսաստանի միջեւ գոյացող աշխարհաքաղաքական ճեղքվածքում: Այս հնգյակը, որ միաբեւեռ աշխարհի իրողություններին յուրաքանչյուրն իր ձեւով ադապտացվելու գործում քիչ թե շատ հաջողությունների էր հասել եւ հարմարվել, այսօր խոշոր բեւեռների միջեւ ընթացող խուլ պայքարի պայմաններում, հայտնվել է ներքաղաքական գաղափարական պայքարի եւ դրա առաջացրած զգայուն ցնցումների մեջ:

Ամառային արձակուրդների ավարտին անմիջապես կհաջորդեն քաղաքական եւ հասարակական աշխույժ քննարկումները նոր գծագրվող աշխարհաքաղաքական իրողությունների թելադրանքով նոր որոշումներ կայացնելու համար: Փորձենք վերլուծել այն վիճակը, որն առաջացել է Հայաստանի եւ հետխորհրդային տարածքի մյուս պետությունների համար աշնանային քաղաքական նոր սեզոնի նախօրեին:

Տնտեսական թելադրանքներ եւ աշխարհայացքային ընտրություն

Հետխորհրդային պետություններից ամենախոշորն Ուկրաինան է, որը կանգնած է Վիլնյուսում նոյեմբերին Եվրոպական միության հետ ասոցիացման համաձայնագիրը ստորագրելու առջեւ: Ուկրաինայի այս քայլի կողմնակիցները պնդում են, որ սա ոչ այնքան տնտեսական, որքան աշխարհայացքային ընտրություն է, որովհետեւ ուկրաինական հասարակությունն արդեն իսկ կատարել է ընտրություն դեպի Եվրոպական քաղաքակրթության մաս դառնալը: Ուկրաինայի ասոցիացման հակառակորդները երկրի ներսում (օրինակՙ «Ուկրաինական ընտրություն» հասարակական շարժման ներկայացուցիչները) համոզված պնդում են, որ քաղաքակրթական փաստարկը մեջ է բերվել այն պարզ պատճառով, որ ոչ մի ռացիոնալ փաստարկ չկա ուկրաինական հասարակությանը համոզելու համար, որ Եվրոպական միությանը ասոցիացվելու արդյունքում, երկիրը կարող է որեւէ շոշափելի տնտեսական օգուտ ակնկալել: Նրանք պնդում են, որ տնտեսական օգուտ ասելով, նախ եւ առաջ պետք է հասկանալ տնտեսության զարգացումը եւ ներքին համախառն արդյունքի աճը: Իսկ դա ակնկալել ավելի շուտ պետք է Ռուսաստանի եւ մյուս հարեւանների հետ հարաբերությունները զարգացնելու ճանապարհով: Հետաքրքիր է, որ այս քննարկումները Ուկրաինայում աշխուժացել են այն բանի արդյունքում, որ Եվրոպական միությունը զգալի տնտեսական դժվարությունների շրջան է ապրում եւ նրա հետ հարաբերությունները սերտացնելու կողմնակից ուկրաինական քաղաքական շրջանակները չեն կարողանում վստահեցնել իրենց հասարակությանը, որ Բրյուսելից նոր վարկեր, գրանտներ կամ մեծածավալ ներդրումներ կարելի է սպասել: Ուկրաինայում ներքաղաքական այս քննարկումների թեժացմանը, անշուշտ, նպաստել է վերջին օրերին իրական դարձած այն սպառնալիքը, որ Ռուսաստանը դեպի Եվրոպական միություն հեռացող Ուկրաինային կարող է դնել տնտեսական ծանր իրավիճակի մեջ, փակելով իր երկիր մտնող ուկրաինական ապրանքների ճանապարհը: Գազի թանկացող գնի հետ մեկտեղ այս քայլը մի սպառնալից նախազգուշացում է, որը ուկրաինական քաղաքական դաշտը ուղղակի անտեսել արդեն չի կարող:

Մոլդովայի նախագահի պաշտոնակատարի խորհրդական, Բուխարեստի համալսարանի պրոֆեսոր Դունկաչիուն մոլդովական լրատվամիջոցներից մեկի համար ասել է, որ Եվրոպական միությանը Մոլդովայի ասոցիացման հեռանկարը եվրաինտեգրման առումով երկրի համար որեւէ պարտավորություն չի պարունակում: Նա բացատրել է, որ «Արեւելյան գործընկերության» ծրագիրը նախապատրաստվել է ոչ թե Եվրոպական միության անդամության թեկնածուների, այլ հարեւանների համար: Հետեւաբար, պետք է հասկանալ այնպես, որ Վիլնյուսի գագաթաժողովից հետո էլ ԵՄ-ին ասոցացված Մոլդովան մնալու է որպես Եվրոպական միության հարեւան, այլ ոչ թե պարտավորություններ ստանձնած անդամության հեռանկարային թեկնածու: Հիշեցնենք, որ Մոլդովան ունի հակամարտություն Մերձդնեստրյան ինքնահռչակ հանրապետության հետ, որը գործնական քայլեր է կատարում Եվրասիական ինտեգրման ուղղությամբ, ցանկանալով հեռանկարում լինել Եվրասիական միության համակարգում: Այլ հարց է, թե ինչպես է դա ձեւակերպվելու միջազգային իրավունքի տեսանկյունից, բայց գործնական քայլեր Եվրասիական ինտեգրմանը նպաստելու ուղղությամբ Տիրասպոլում անում են:

Վրաստանը չի շեղվելու արեւմտյան աշխարհի մաս դառնալու իր նախանշած կուրսից: Այս մասին պաշտոնական Թբիլիսին հայտարարել է բազմիցս: Բայց ակնհայտ է, որ վերջին ամիսներին Վրաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ անընդհտ բարեւլավվելու միտում ունեն, իսկ Մոսկվայում տարբեր քաղաքագետներ նշում են, որ ռուս-վրացական տնտեսական համագործակցությունը նոր որակի բարձրացնելու համար կան իրական հնարավորություններ: Վրացական հասարակության մեջ սրված հակառուսական տրամադրություններին կամաց-կամաց փոխարինելու են գալիս պրագմատիկ տնտեսական շահերի վրա հիմնված նոր բարյացակամ մոտեցումները:

Ադրբեջանը, Թուրքիան, Ղազախստանը եւ Ղրղզստանը ցանկանում են ստեղծել թյուրքական մաքսային միություն: Նրանց նպատակն է վերացնել մաքսային անջրպետները չորս երկրների միջեւ եւ Կենտրոնական Ասիան Միջերկրական ծովին եւ Եվրոպային կապող տարանցիկ մի նոր հարմար ճանապարհ բացել: Անշուշտ, հասականալի չէ, թե ինչպե՞ս են Մաքսային միության եւ ապագա Եվրասիական միության անդամ հանդիսացող Ղազախստանը կամ 90%-ով այդ միությանը անդամության «ճանապարհային քարտեզն» անցած Ղրղզստանը համատեղելու իրենց այդ կարգավիճակը թյուրքական մաքսային միությանը անդամակցելու հետ: Սակայն հայտնի է, որ թյուրքական այս ալիանսի բոլոր անդամները գործնական փնտրտուքի մեջ են նաեւ միասնական շուկա ձեւավորելու ուղղությամբ:

Եվրասիական միության իրական նպատակները

Ապագա Եվրասիական միության ձեւավորման գործընթացում կամաց-կամաց հստականում են առաջնահերթ նպատակները եւ խնդիրները: Եթե անցյալ տարիների նախնական փուլում խոսվում էր այն մասին, որ ապագա Եվրասիական միությունը ունենալու է սեփական տարադրամ, ապա այսօր հայտարարվում է, որ նման խնդիր առաջիկա տարիներին չի դրվելու: Եթե նախկինում ակնարկվում էր այն մասին, որ ապագա Եվրասիական միությունը հետխորհրդային տարածքի պետությունների տնտեսական, քաղաքական եւ անվտանգայիյն անդրազգային կառույց է լինելու, ապա այսօր հայտարարվում է, որ ռազմաքաղաքական եւ անվտանգային խնդիրներ մոտակա տարիներին քննարկել չի նախատեսվում, ասես հասկացնելով, որ այդ խնդիրները շարունակելու է լուծել արդեն իսկ գոյություն ունեցող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ-ը): Մենք տեղեկություններ չունենք այն աշխատանքային քննարկումների մասին, որոնք ընթանում են ապագա Եվրասիական միությունը ձեւավորողների շրջանում: Սակայն պարզ է, որ նման հայտարարությունները նպատակ ունեն միջազգային հանրությանը մի անգամ եւս ապացուցելու, որ, լինելով Եվրասիական միության ձեւավորման լոկոմոտիվըՙ Ռուսաստանը նպատակ չի դնում վերականգնել Խորհրդային Միությունը, կամ, ասենք, Ռուսական Կայսրությունը, այլ ստեղծում է մի տնտեսական ժամանակակից միջազգային համակարգ, որի նպատակը Եվրասիական տարածքում ֆինանսների, ապրանքների եւ աշխատուժի ազատ տեղաշարժ ապահովելն է: Թե որքանով են այս քայլերը փարատում ամերիկացիների եւ եվրոպացիների կասկածները, դժվար է ասել, սակայն ակնհայտ է, որ «Արեւելյան գործընկերության» պետություններին ասոցիացնելով Եվրոպական միության հետ, պաշտոնական Բրյուսելն առաջին հերթին նպատակ ունի ուժեղացնել Ռուսաստանի հետ կապող բուֆերային տարածքները:

Ռուսաստանի Նախագահի խորհրդական Գլազյեւը մի քանի առիթով ասել է, որ անդամակցությունը Մաքսային միությանը եւ ասոցիացումը Եվրոպական միությանը համատեղելն անհնար է: Այս հայտարարությունները ամրապնդվել են տնտեսագետների այլ հայտարարություններով, որ Ռուսաստանը թուլ չի տա ստեղծել մաքսային սողանցքեր եվրոպական ապրանքները «արեւելյան գործընկերների» տարածքով Ռուսաստան տեղափոխելու համար: Կարծես իրական են դառնում նաեւ այն սպառնալիքները, որ եվրոպական շուկային անդամակցելու դեպքում Ռուսաստանը կարող է մաքսային պատնեշներ դնել հետխորհրդային պետությունների առջեւ:

Ինչպիսի՞ն կլինեն համագործակցության եւ առճակատման միջեւ գծագրվող լուծումները

Քաղաքագետները սպասում են, որ սեպտեմբերին Ռուսաստանի, Եվրոպական միության եւ ԱՄՆ-ի ղեկավարների միջեւ կարող են ձեռք բերվել պայմանավորվածություններ, որոնք համագործակցության նոր դաշտ կբացեն, այդ թվում, Եվրոպական միության եւ Ռուսաստանի միջեւ: Նման դատողություններ անցնող ամիսների ընթացքում արվել են բազմիցս եւ պետք է ակնկալել, որ առաջիկայում համագործակցության նման եզրեր կարող են եւ գտնվել: Սակայն, եթե նման բան մոտակա ամիսներին տեղի չունենա եւ Ռուսաստանում հաղթեն ինքնուրույն բեւեռի շուրջ դաշնակիցներին համախմբելու գաղափարի կողմնակիցները, ապա Հայաստանի համար, ճիշտ այնպես, ինչպես մյուս «Արեւելյան գործընկերերի» կարող են առաջանալ լուրջ դժվարություններ: Սեպտեմբերի վերջին հայտնի կդառնան այն տնտեսագիտական հաշվարկ-եզրակացությունները, որոնք թույլ կտան տնտեսագիտական պատշաճ մակարդակով դատողություններ անել Եվրասիական միությանը Հայաստանի ավելի սերտ մասնակցության ձեւի եւ չափի վերաբերյալ: Մինչ այդ, ինչպես եւ Ուկրաինայում, մեզանում լավագույն դեպքում դատողությունները հանգելու են արժեքային համակարգերի նախապատվությանը եւ աշխարհայացքային մոտեցումներին: Բայց նույն Ուկրաինայի փորձը ցույց է տալիս, որ այդ կարգի խոսակցությունները, որոնք հիմնված չեն տնտեսագիտական համոզիչ փաստարկների վրա, լոկ բորբոքում են կրքերը եւ խաթարում են այսքան դժվարությամբ ձեւավորված ներքաղաքական կայունությունը:

Մենք կողմնակից ենք հասարակական դաշտում այս հարցերի քննարկումները շարունակելուն: Բայց համաձայն չեմ լրագրող գործընկերների այն դատողություններին, թե մեր հասարակությունն անտեղյակ է Եվրոպական կամ Եվրասիական ինտեգրման գործընթացների մանրամասներից եւ կամ անտարբեր է կողմնորոշումների հարցում: Անցած ութ-ինը ամիսների ընթացքում այս խնդիրների մասին այնքան է ասվել եւ խոսվել, որ հիմա քաղաքական դիրքորոշումներ ձեւավորելու ժամանակն է: Եթե Հայաստանի արտաքին քաղաքական քայլերը տանեն դեպի Եվրոպա-Ռուսաստան համագործակցության դաշտ, մենք կարող ենք նաեւ օգուտներ ակնկալել: Եթե քաղաքական քայլերը տանեն դեպի Եվրոպայի եւ Ռուսաստանի միջեւ իրականում գոյություն ունեցող աշխարհաքաղաքական ճեղքվածք, ապա երկուսից առնվազն մեկի կողմից պետք է հարվածներ սպասել: Դժվար է ասել, թե մեր քաղաքական եւ տնտեսական համակարգերը որքանով են հարմարեցված ուժային տարբեր բեւեռների միջեւ ձեւավորվող հակասությունների պայմաններում դիմակայելուն: Սա ասում եմ այն պարզ պատճառով, որ Հայստանի Հանրապետության արտաքին քաղաքական համադրույթը մինչեւ հիմա կառուցված է եղել ուժային բոլոր կենտրոնների հետ բարյացակամ հարաբերություններ ունենալու սկզբունքի հիման վրա: Մոտակա ամիսների քաղաքական գործընթացները կարող են տանել նաեւ ոչ թե կառուցողական դաշտ, այլՙ լարվածության եւ հակասության: Հենց դրա համար ենք մտահոգություն հայտնել մեր նախորդ հոդվածում, թե արդյոք եկե՞լ է արտաքին քաղաքականության բառապաշարը, ասել է թե գործիքակազմը, փոխելու ժամանակը: Այս հարցում պարզություն մտցնելը կարող էր դառնալ մեր քաղաքագետների եւ տնտեսագետների լուրջ ծառայությունը մեր հասարակությանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #138, 23-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ