RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#136, 2013-08-21 > #137, 2013-08-22 > #138, 2013-08-23 > #139, 2013-08-24 > #140, 2013-08-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #138, 23-08-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-08-22 23:29:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 925, Տպվել է` 21, Ուղարկվել է էլ.փոստով` 23

ԿԱՆԽԵԼ ՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ի. Պ.

Ինչպես որեւէ հիվանդության, այնպես էլ հոգեկան հիվանդության կանխարգելումն ավելի հեշտ է, քան բուժումը: Սակայն Հայաստանում հոգեկան եւ այլ տեսակի հիվանդությունների կանխարգելման ծրագրերին ուղղվող ֆինանսավորում գտնելը շատ դժվար է: Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Քրիստինա Հովենը նշում է, որ մարդիկ ավելի հակված են իրենց ֆինանսավորումն ուղղելու արդեն առկա կոնկրետ խնդիրների լուծմանը, քան կանխարգելման ծրագրերին, մինչդեռ կանխարգելման շնորհիվ հասարակությունը հետագայում կլինի ավելի առողջ:

Քրիստինա Հովենը կարծում է, որ հոգեկան առողջությանն ուղղված աշխատանքը պետք է սկսել դեռեւս դպրոցներից, որտեղ աշխատող մանկավարժները պետք է ունենան հոգեկան առողջության մասին գոնե նվազագույն գիտելիքներ: Ոչ միայն ծնողները, այլեւ ուսուցիչները պետք է կարողանան սովորեցնել երեխաներին, որպեսզի վերջիններս պատմեն, արտահայտեն իրենց անհանգստությունները: Մարդու հոգեկան առողջությունը կախված է մանկության ու դեռահասության տարիքում ստացած դաստիարակությունից: Նույնիսկ կան հոգեբաններ, որոնց կարծիքով հոգեկան առողջության խնդիրները թաքնված են կյանքի մինչեւ երեք տարեկանն ընկած շրջանում:

Քրիստինա Հովենը զուգահեռ է անցկացնում ծխախոտի վաճառքի քաղաքականության հետ` զարմանքով նշելով, որ Հայաստանում ծխախոտը շատ էժան է ու հասանելի, ըստ նրա` այստեղ ստեղծել են նպաստավոր բոլոր պայմանները, որպեսզի երիտասարդները ծխեն: Քրիստինա Հովենը հավելում է` այլ երկրներում ծխախոտը շատ թանկ արժե, Հայաստանում էլ կառավարությունը պետք է կանխի ծխախոտի հեշտ հասանելիությունըՙ կանխելու համար ծխախոտի պատճառած հետագա բարդությունները` ընդհուպ քաղցկեղի առաջացումը: Հոգեկան առողջության դեպքում էլ կանխարգելմամբ կխուսափեն հոգեկան հիվանդություններից:

Երեկ «Հայացք» ակումբում մյուս բանախոսը` Երեւանի բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը ընդգծեց, որ հոգեկան առողջության մասին ինֆորմացիան փոխանցելիս լրատվամիջոցները պետք է զգույշ լինեն, քանի որ սխալ կերպով փոխանցված ինֆորմացիան կարող է թեկուզ մի մարդու դեպքում հասցնել անցանկալի արդյունքի: Հատկապես ինքնասպանությունների մասին լուրերը փոխանցելիս լրատվամիջոցները չպետք է այդ մասին գրեն հենց առաջին էջերում կամ հաղորդեն որպես գլխավոր լրատվություն: Օրինակ` եթե որեւէ մեկի հոգեկան առողջությունը բարելավվում է կամ մեկն ու մեկը բուժվում է, ապա լրատվամիջոցները դրան չեն անդրադառնում, բայց ինքնասպանության մասին կգրեն: Խաչատուր Գասպարյանը հայտնում է իր անհանգստությունը, որ հեռուստատեսությամբ չափից դուրս շատ է բացասական ինֆորմացիան, որն ամենեւին հրատապ չէ մեր հասարակության համար: Վերջին տարիներին լրատվամիջոցներում ինքնասպանությունների մասին լրատվությունը ավելացել է, ու ոչ միայն տեղեկատվությունը, իրականում ինքնասպանությունները եւս ավելացել են:

Խաչատուր Գասպարյանը առանձնացնում է ինքնասպանության հանգեցնող պատճառային երեք խմբեր` կապված հոգեկան ծանր պաթոլոգիաների, իրավիճակային խնդիրների ու սոցիալ-տնտեսական պայմանների հետ: Նա ավելացնում է` հետազոտությունը ցույց է տվել, որ հայերի մեջ կպչուն ու սեւեռուն խանգարումներն ավելի տարածված են, քան ուրիշ ազգերի մեջ:

Ասուլիսի ժամանակ նաեւ տեղեկացվեց, որ առաջիկայում կայանալու է գիտաժողով հոգեկան առողջության թեմայով: Սա լինելու է Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի գիտաժողովը, որին մասնակցելու են մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից: «Հոգեկան առողջություն եւ հոգեկան խանգարում. կիզակենտրոնում Եվրասիան է» թեմայով գիտաժողովը կանցկացվի օգոստոսի 29-31-ը: Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը նշում է, որ գիտաժողովը կազմակերպվում է հայկական կողմի նախաձեռնությամբ, եւ ներկայացուցչական նման կազմ Հայաստանում առաջին անգամ է հավաքվում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #138, 23-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ