RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#136, 2013-08-21 > #137, 2013-08-22 > #138, 2013-08-23 > #139, 2013-08-24 > #140, 2013-08-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #138, 23-08-2013



Օրվա հետքերով

Տեղադրվել է` 2013-08-22 23:29:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 989, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 20

ՀԻՇԱՏԱԿԴ ԱՆԱՆՑ, ԿԱՐԱՊԵՏ ԳԱԼՖԱՅԱՆ

ԱՐԳԱՄ ԱՅՎԱԶՅԱՆ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հայագետ-նախիջեւանագետ

Օրերս տխուր լուր ստացվեց Հունաստանից. վախճանվել է հունահայ ազգային գործիչ, ազգային բարերար եւ հայի յուրահատուկ տեսակին պատկանող Կարապետ Ռուբենի Գալֆայանը: Տխրություն է պատել հոգիս. մեկառմեկ հիշում եմ պարոն Գալֆայանի հետ շուրջ տասը տարվա մեր ծանոթության բազմաթիվ եւ բազմազան մտերմիկ զրույցները, ազգային եւ Հայաստանի պետական խնդիրների վերաբերյալ մեր զրույց-մտահոգությունները, երբեմն էլ մեղմիկ վիճաբանությունները: Ամեն դեպքում էլ մեր տարաբնույթ զրույցների ավարտը հանգում էր Հայաստանի պետական ու սոցիալական դրվածքի ամրապնդման անհրաժեշտությանը, ազգային միասնականության անհրաժեշտության գաղափարին, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը, որի անդավաճան մշակներից էր: Բանիմաց, ազգային մեծ ու փոքր տագնապներով եփվող-տապակվող մարդ էր Գալֆայանը: Գրեթե ամեն ինչի նկատմամբ անսահման հավատ ու հույս ուներ: Խոսքը հատու էր, կշռադատված եւ անզիջող: Ազգային բարերար էր, հռետորական ձիրքով օժտված, որի հրապարակավ ասված խոսքը գերող էր ու իմաստալից: Նաեւ համով-հոտով զրուցակից էր. հիշողությանս մեջ վառ են հունահայ կյանքից նրա պատմած-նկարագրած «Հակոբլարը», «Ուրֆացին» եւ այլ իրական պատումները:

Իրական ազգային գործիչ եւ օրինակելի հայրենասեր Կ. Գալֆայանի անձի ու գործունեության վերաբերյալ իմ գրառումները տեղ են գտել հենց նրա ու որդիների ամբարած-ստեղծած հայոց մշակութային արժեքների հավաքածուին նվիրված իմ «Մշակութային արժեքների Գալֆայան հաւաքածուի արձանագիր իրերը» («Տիար Կարապետ Գալֆայանի կենսագրական դիմանկարը») եւ «Հայ հնատիպ գրքի մանրանկարման մի եզակի օրինակ» (2012) աշխատություններում: Բարեբախտաբար այդ երկու աշխատություններն էլ տեսավ պրն Գալֆայանը եւ գոհունակությամբ էր լցված:

Արդ, այս վշտալից առիթով այլ խոսք եմ ուզում շարադրել եւ ընթերցողի ուշադրությանն եմ ներկայացնում իմ «Հայ հնատիպ գրքի մանրանկարման մի եզակի օրինակ» գրքում պրն Գալֆայանի վերաբերյալ շարադրված հատվածը.

«2004թ. հոկտեմբեր, Հունաստան: Տեղի համազգային կազմակերպության նախաձեռնությամբ ու հրավերով Թեսալոնիկում հայկական համայնքի համար բանախոսում եմ «Հայկական քրիստոնեական հուշարձանները», որը հագեցած է պատմական Հայաստանի հայկական հուշարձանների հարուստ լուսանկարների ցուցադրությամբ: Մեկ ժամից ավելի տեւած բանախոսությունից հետո եղան հարցուպատասխան եւ ոգեւորված շնորհակալական ելույթներ: Ձեռնարկի ավարտին ինձ մոտեցավ ժրաջան, հայրենասիրական զգացմունքներով ափեափ լցված, 70-ի մոտ, բարձրահասակ մի անձնավորություն: Ծանոթացանք համակրելի ու հաճելի զրուցակից Կարապետ Գալֆայանի հետ: Զրուցակիցս խնդրեց ժամանակ տրամադրել եւ ավելի հանգամանալից զրույցը շարունակել իր տանը, որը գտնվում էր հայկական եկեղեցուց ոչ այնքան հեռու:

Պարոն Գալֆայանի եւ նրա տիկնոջ` Անահիտի հետ զրուցելով շարժվեցինք դեպի նրանց տուն, որտեղ մտնելուց հետո այն տպավորությունն էր, ասես թանգարան էի մտել: Բարձրահարկ շենքի երեք սենյակների պատերին կախված էին հայկական ու հունական, եվրոպական արվեստի գեղանկարներ, այս ու այն կողմ դրված կամ կախված` XVII-XIX հայկական կիրառական արվեստի զանազան առարկաներ...

Հիացմունքիս չափ ու սահման չկար: Խոհանոցում հայացքս գամվեց պատից կախված զանազան իրերից մի քանիսի հայերեն արձանագրություններին: Վերցրի, շուռումուռ տվեցի, ընթերցեցի XVII-XVIII դդ. արձանագրությունները.... Եվ տեր ու տիկին Գալֆայանների հետ նախատեսված մեկժամյա հանդիպումս երկարաձգվեց-հասավ երեք ժամի, երբ տեղեկացա, որ իրենց հավաքածուում եղած հայկական բազմաթիվ առարկաներն ունեն հայերեն արձանագրություններ: Ինչպես ասում են, ուրախությունիցս ծնկներս թուլացել էին...

Սեղանի շուրջը, վայրկյան առ վայրկյան, ծանոթության սովորական զրույցը ինձ համար վերածվեց մի շարք բացահայտումների, մասնագիտական անկասելի հետաքրքրասիրության եւ անսքող ուրախության:

Ինձ համար պարզ դարձավ, որ Կեսարիայի Թալաս քաղաքից սերող այդ գերդաստանը բազմաթիվ հայ եւ հույն ընտանիքների հետ Հունաստան է ներգաղթել 1922 թ., որտեղ Գալֆայանները տասնամյակներ շարունակ զբաղվել եւ զբաղվում են ազգային, մշակութային աշխատանքներով: Գալֆայանները` շարունակելով իրենց գերդաստանի ավանդական-ազգային գործունեությունը, այն համալրել են շատ կարեւոր մի բնագավառով եւս` ազգային կիրառական արվեստի նմուշների ու մասունքների ձեռքբերմամբ (գնմամբ) հավաքածո ստեղծելու շատ կարեւոր գործով, որը 1980-ական թվականներից ի վեր շարունակվում է արդեն Կ. Գալֆայանի որդիների` Ռուբենի եւ Արսենի ջանքերով: Եվ այսօր, ի դեմս Գալֆայան ընտանիքի, աշխարհի աճուրդներից, անհատներից գնվել-ժողովվել է XVI-XIX դդ. հայկական կիրառական արվեստի զանազան առարկաների մի յուրօրինակ հավաքածո:

Մի քանի ժամ տեւած մեր զրույցի ընթացքում քննարկեցինք այդ հավաքածուի նյութերը ցուցահանդեսով ներկայացնելու, արձանագիր իրերը առանձին հատորով հայագիտությանը ներկայացնելու խնդիրը: Հունաստանից վերադառնալուց հետո եւ մինչ այժմ էլ շարունակվող էլեկտրոնային նամակագրությամբ ու հեռախոսազրույցներով քննարկել ու վերաքննարկել, ճշտել ու վերաճշտել ենք մի շարք հարցեր ու խնդիրներ, եւ... Եվ մեր համագործակցության արդյունքը եղավ այն, որ Եվրոպայում ճանաչում ունեցող Հունաստանի Բյուզանդական արվեստի թանգարանում 2010 թ. հունիսի 11-ից հոկտեմբերի 10 Հունաստանի կառավարության աջակցությամբ եւ կառավարական մակարդակով իրականացվեց այդ հավաքածուի բազմաթիվ բազմազան իրերի մեծ ցուցահանդեսը, որը հունական շրջանակներից բացի մեծ հետաքրքրություն առաջացրեց նաեւ եվրոպացի մասնագետների շրջանում:

Մինչ այդ, Բյուզանդական արվեստի թանգարանի պաշտոնական հրավերով, 2007-ին երկու ամիս տեղում մասնակցեցի ցուցահանդեսի մեջ ընդգրկված նյութերի դասդասման, թվագրման, բացատագրերի կազմման եւ հունարեն թարգմանման աշխատանքներին, վերծանելով նաեւ բոլոր հայերեն արձանագրությունները: Ամեն վայրկյան նորանոր բացահայտումներով եւ հնարավոր խորաթափանցությամբ, ամեն օր ժամը 9-16-ը լարված աշխատում էի թանգարանում, ժամը 18-ից 20-ը` Գալֆայանների տանը եղած իրերը ուսումնասիրելով: Թե՛ թանգարանի աշխատակիցները եւ թե՛ Գալֆայանները մի տեսակ զարմանք ու հիացմունք էին ապրում...

Գալֆայան ընտանիքի եւ Բյուզանդական արվեստի թանգարանի հետ իմ համագործակցության արդյունքում դեռեւս 2007 թ. հայերեն եւ անգլերեն հրատարակման պատրաստեցի «Մշակութային արժեքների Գալֆայան հավաքածուի արձանագիր իրերը» մեծածավալ հայերեն-անգլերեն աշխատությունը, որի լույս աշխարհ գալը, ցավոք, դրամական միջոցների բացակայությամբ պայմանավորված, հետաձգվում էր տարեցտարի (բարեբախտաբար այն լույս տեսավ 2013 թ. սկզբներին - Ա. Ա.): Իսկ ցուցահանդեսի մեծաչափ, գունազարդ եւ 228 էջանոց կատալոգի անգլերեն (ASPECTS OF ARMENIAN ART KALFAYAN COLLECTION) ու հունարեն տարբերակները, որոնց կազմման աշխատանքներում առկա է նաեւ իմ մասնակցությունը, լույս են տեսել Աթենքում 2010-ին»:

Հիշատակդ անանց` Կարապետ Գալֆայան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #138, 23-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ