RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#137, 2013-08-22 > #138, 2013-08-23 > #139, 2013-08-24 > #140, 2013-08-27 > #141, 2013-08-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #139, 24-08-2013



Տեղադրվել է` 2013-08-24 00:18:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 1826, Տպվել է` 25, Ուղարկվել է էլ.փոստով` 26

ԿԱՊԵԼ ԱՄՐԱԳՈՏԻՆԵՐԸ, ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆՔ ԹՌՉԵԼ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հայերս մի շարք վատ սովորույթներ ունենք, որոնք տարածված են անկախ այն բանից` հարո՞ւստ ես, թե՞ աղքատ, ընդդիմադի՞ր ես, թե՞ իշխանամետ, Բա՞խ ես լսում, թե՞ Արմենչիկին: Դե, բոլոր ազգերն ունեն իրենց լավ ու վատ սովորույթները, սակայն վատերի մասին խոսելով միայն կարելի է դրանցից ազատվելու մասին մտածել: Հատկապես հայերիս շատ է պետք ազատվել վատ սովորույթներից:

Նախ` բոլորը սիրում են խոսել ուրիշների սխալներից, սեփականից` ոչ ոք ու երբեք: Բացառությունները ընդհանուր օրինաչափությունների հաստատումն են: Գիտեք, ուրեմն` մենք հրեշտակ ենք, ուրիշներըՙ վամպիր ու սատանա, մեր ձեռնոցներն, ուրեմն, սպիտակ են, ուրիշներինըՙ սեւ եւ ծակ, մենք խելացի ենք, իսկ բոլոր մյուսներնՙ ապուշներ, հիմարներ ու անհասկացողներ...

Վատ սովորույթների մեջ է եւ այն, որ ամեն հայ սիրում է մյուսներին խորհուրդ տալ. ոչ ոք երբեք իրեն չի քննում, թե ինքն իրավասո՞ւ է, իրավունք ունի՞ խորհուրդ տալու, որ ասածը գոնե ծիծաղելի չլինի: Կամ ի վերջո ո՞ւմ է խորհուրդ տալիս` միգուցե իրենից շա՜տ ավելի խելացի մեկին: Սա վերաբերում է եւ պաշտոնյաներին, որոնց թվում է, թե իրենք ի պաշտոնե ընդհանրապես խորհուրդ տալու համար են, ու ոչինչ չգրած մեկը «ի պաշտոնե» խորհուրդներ կարող է տալ տաղանդավոր գրողին կամ երիտասարդ ու գիտելիքն էմպիրիկ եղանակով չստուգածը իր հիմար որոշումները կարող է փաթաթել պրոֆեսորի վզին, ողջ կյանքի ընթացքում այս ու այն թեզը գործով ստուգողին: Աշակերտը կարող է սովորեցնել ուսուցչին, ինչպես Խորենացին էր դեռ ասում, է՜, քանի դար առաջ: Էստեղ են ասել` ոտքերը խորհուրդ են տալիս գլխին:

Մի սովորույթ կա, որ համազգային է. երբ ձեռքներին հնարավորություն չկա` քննադատում են ապօրինությունները, խոսում իշխանավորի ու չինովնիկի ժողովրդի մասին չմտածելուց ու ագահությունից, ասում են, որ եթե իրենք այդ պաշտոնին լինեին, մի քիչ էլ ժողովրդի մասին կմտածեին: Ու որ իշխանավոր լինեին` երկիրը ցեխից կհանեին: Սակայն երբ ստացվում է, որ պաշտոն են ձեռք գցում` մոռանում են ամեն ինչ եւ վարվում հենց այն կերպ, ինչն իրենց զայրացնում էր մինչեւ պաշտոն ստանալը, սկսում են բոլոր աշխատատեղերը բաժանել հարազատներին, ուտել բյուջեն, փակել նորմալ մարդու ճանապարհը:

Մի փոխնախարարի եմ ճանաչում, որն իր կուսակցական եռանդը երկար տարիներ ծախսում էր կոռուպցիան ու կաշառակերությյունը քննադատելու համար, սակայն հիմա զբաղեցնում է ամենակոռումպացված ոլորտի փոխնախարարի պաշտոնը, ու ասում են` լավ էլ ուտում է: Իսկ փողոցում ծանոթի տեսնելիս այն արագությամբ է ճանապարհ փոխում, որ մնում ես շշմած (նա ոտքով է գնում աշխատանքի ու տուն գալիս` Կենտրոնում է ապրում, էժան կոստյումներ է հագնում` սա նշանակում է, որ ամոթի զգացումը դեռ պահպանել է, եւ ամեն ինչ կորած չէ դեռ նրա համար, բայց շեղ փողեր աշխատելու գայթակղություններին չի դիմացել): Նույն կերպ մի պատգամավորի գիտեմ, որ տարիներ կուրծք էր ծեծում հանուն ժողովրդի պատգամավոր դառնալու ու ժողովրդի հարցերով զբաղվելու համար, սակայն հիմա իր մեքենայի մուգ պատուհանից է նայում ու չի ուզում ոչ մեկի խնդրին մոտենալ:

Նույն կերպ` խանութ խանութի վրա բացող մեր նորահարուստները արդեն ոչ մի անհարմարության զգացում չեն ապրում, թե խանութը թաղամասի մայթերը գրավել է, որ իր ապրանքամատակարար մեքենաները փակում են թաղ մտնող ավտոբուսի ճանապարհը. առաջ իրենք էին բողոքում, որ բարեկարգ փողոց ու մայթեր չկան բնակչի համար, այսօր ի՞նչ հոգ, թքած հետիոտնի վրա, որ այլեւս իրենք չեն: Կարեւորն իրենց խանութն է, պետք եղավ` թաղամաս մտնող ավտոբուսի երթուղին էլ կփոխեն, մարդիկ էլ թող կես կանգառ ոտքով գնան ու նոր հասնեն երթուղու վերջին, մայթն էլ պարտադիր չէ, թող փողոցով ընկած, մեքենախառը գնան-գան: Այսինքն` մեզանից հետո թեկուզ ջրհեղեղ:

Վստահ եմ` շատերդ հիշեցիք համանման ու մերոնց հատուկ տասնյակ արատներ: Ու դրանք թվելով` վերջը չենք տեսնի: Երբ մի օր ուժ գտնենք ընդունելու սեփական սխալները, երբ պաշտոնյա դառնալուց հետո չփոխվենք ու մեկ-մեկ հիշենք մեր կարիքավոր հարեւանին, երբ մեր խանութի համար չզավթենք մայթը, եւ երբ ոտքերն իմանան իրենց տեղը, հարգեն գլխին ու խորհուրդներ չտան նրան (սա, իհարկե, մարդկության ծննդի հետ եկող ու արատների ընդհանուր կաթսայից հայերիս եւս բաժին հանած արատներից է, այլապես «գլխիվայր» բառի փոխաբերական իմաստը չէր լինի), երբ մեր ժողովրդի հոգսը հոգալու համար իբր «գցվողները» ոչ թե լավ տղերքը կլինեն, այլ գոնե մասամբ այդ արատներից ազատները, մի բան դուրս կգա այս երկրում: Այդ ժամանակ գուցե կկապենք ամրագոտիները ու կպատրաստվենք թռիչքի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #139, 24-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ