RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#138, 2013-08-23 > #139, 2013-08-24 > #140, 2013-08-27 > #141, 2013-08-28 > #142, 2013-08-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #140, 27-08-2013



Օրվա հետքերով

Տեղադրվել է` 2013-08-26 23:19:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 1002, Տպվել է` 36, Ուղարկվել է էլ.փոստով` 24

ՀԱՂՈՐԴՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ), 24.08.2013թ.

ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանին

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վ. Շահինյանին

Հունիսի 29-ին Համահայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ) ՀՀ պետական լիազոր մարմիններին տեղեկացրել էր Սյունիքի մարզի Տաշտուն համայնքում «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ի կողմից իրականացվող ապօրինի շինարարության մասին, ինչը հետագայում պաշտոնապես հաստատեցին ՀՀ քաղաքաշինության եւ բնապահպանության նախարարությունները:

Բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական տեսչության Սյունիքի բաժնի կողմից տեղում կատարված ուսումնասիրության արդյունքներով դադարեցվել է գործարանի կառուցումը:

Քաղաքաշինության նախարարությունից մեզ պաշտոնապես պատասխանել են, որ մեր ահազանգի հիման վրա կատարված ուսումնասիրություններով պարզել են, որ «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ն առանց քաղաքաշինական եւ իրավական փաստաթղթերի ձեւակերպման, փաստորենՙ ինքնակամ, իրականացնում է բետոնապատման եւ հողային աշխատանքներ: Իրենց կողմից 2013թ. հուլիսի 12-ին Տաշտուն համայնքի ղեկավարին ուղարկվել է գրություն, որով առաջարկվել է կասեցնել ինքնակամ իրականացվող շինարարությունը եւ միջոցներ ձեռնարկել հետեւանքների վերացման ուղղությամբ:

Ոստիկանության Մեղրիի բաժնից էլ մեզ տեղեկացրել են, որ այդ դեպքի վերաբերյալ նախապատրաստվել են նյութեր, որոնք 29.07.2013թ. ուղարկվել են Սյունիքի մարզի քննչական բաժինՙ հետագա ընթացքը որոշելու համար:

Սակայն այս ամենից հետո պարզվում է, որ շինարարական աշխատանքներն ամենեւին էլ դադարեցված չեն, իսկ Տաշտուն համայնքի ղեկավարը եւ «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ի պատասխանատուները թքած ունեն օրենքների ու նախարարությունների որոշումների վրա:

Այս ամենի մասին օգոստոսի 13-ին հաղորդում ենք ներկայացրել ՀՀ ոստիկանություն եւ գլխավոր դատախազությունՙ կցելով նաեւ համապատասխան նյութերը: Դատախազությունից մեզ տեղեկացրել են, որ նյութերը քննարկման նպատակով ուղարկվել են Սյունիքի մարզի դատախազին:

Մինչ պետական եւ իրավապահ մարմինները քայլեր ձեռնարկելու իմիտացիա են ստեղծումՙ հանցագործությունը շարունակվում է... «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ն շարունակում է անօրինական շինարարությունը, իսկ Հայաստանի Հանրապետություն թերթի 27.07.2013թ. թիվ 140 (5710) համարում տեղադրվել է Տաշտուն համայնքի գյուղապետ Հ. Գաբրիելյանի հայտարարությունը համայնքային սեփականություն հանդիսացող հողերի աճուրդ-վաճառքի վերաբերյալ: Համաձայն հայտարարության` աճուրդային կարգով վաճառվում է 2,155 հա հողամաս արդյունաբերության օբյեկտիՙ ֆաբրիկայի կառուցման համար:

Սա թույլ է տալիս մեզ արձանագրել, որ Տաշտուն համայնքի ղեկավարը, պետական մարմինների հանձնարարականները կատարելու փոխարեն, հանցավոր համաձայնության գալով «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ի տնօրինության հետ, փորձում է աջակցել նրան` ձեռք բերելու այն հողամասը, որտեղ արդեն իսկ վերջինիս կողմից կատարվել եւ կատարվում են ապօրինի շինարարական աշխատանքներ: Սրանով նրանք երկուսն էլ փորձում են կոծկել հանցագործությունը եւ խուսափել պատասխանատվությունից, սակայն դա նրանց չի հաջողվի:

Ի դեպ, իրավապահ մարմինների ուշադրությունն ենք ցանկանում հրավիրել մի շատ կարեւոր հանգամանքի վրա. պետք է հետաքննություն իրականացնել եւ պարզել սույն աճուրդի անցկացման մասին արված հայտարարության իրավական հիմնավորումները, մասնավորապեսՙ թե Տաշտունի գյուղապետն ինչ հիմքերով է աճուրդի հանել մի հողատարածք, որտեղ արդեն չորս ամիս «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ի կողմից հարստացուցիչ ֆաբրիկայի շինարարություն է իրականացվումՙ առանց շինարարության թույլտվության եւ բնապահպանական փորձաքնության եզրակացության:

Մենք համոզված ենք, որ այս աճուրդի հայտարարությունն ու անցկացումը իմիտացիա է. արդեն իսկ պարզ է` ով է լինելու աճուրդի հաղթողը: Բոլորս, այդ թվում նաեւ դուք, տեղյակ ենք, թե աճուրդներն ու մրցույթներն ինչպես ու ինչ ընթացակարգով են անցկացվում մեր հանրապետությունում` ձեւական մասնակիցներ են ներգրավվում, եւ հաղթում է այն ընկերությունը կամ անձը, ում համար իրականում անցկացվում է այդ աճուրդը:

Ի վերջո, ՀՀ գլխավոր դատախազությունն ու ՀՀ հատուկ քննչական ծառայությունը կարո՞ղ են ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ըստ էության բացահայտել եւ օրինախախտ ընկերություններին ու համայնքների ղեկավարներին քրեական պատասխանատվության ենթարկել: Մեր փորձը ցույց է տալիս, որ այս եւ բնապահպանական ոլորտի այլ հանցանքների մասին մեր հաղորդումները կամ մնում են անպատասխան, կամ այդ կառույցներից ստացվում են այնպիսի բովանդակության պատասխաններ, որոնք ըստ էության ոչինչ չեն նշանակում:

Այսպիսով, ելնելով վերոշարադրյալից, պահանջում ենք ՀՀ գլխավոր դատախազությունից ու ՀՀ հատուկ քննչական ծառայությունիցՙ անհապաղ քայլեր ձեռնարկել հայտարարված աճուրդի անցկացումը կասեցնելու եւ մեղավոր անձանց պատասխանատվության կանչելու ուղղությամբ: Ի՞նչ աճուրդի մասին կարող է խոսք լինել, երբ կատարվել է հանցագործություն Տաշտունի գյուղապետի եւ «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ի պատասխանատուների կողմից, ինչին մինչ օրս իրավական գնահատական չի տրվել իրավապահ մարմինների կողմից: Պետք է անհապաղ կասեցնել հայտարարված աճուրդը, այնուհետեւՙ քրեական գործ հարուցել եւ այս օրինախախտ սուբյեկտներին կանչել պատասխանատվության:

Ակնկալում ենք սեղմ ժամկետում ստանալ Ձեր գործուն միջամտությունն ու արձագանքը սույն հաղորդման վերաբերյալ:

Ֆեյսբուքյան էջ` https://www.facebook.com/armecofront

Ֆեյսբուքյան խումբ` https://www.facebook.com/groups/armecofront/

Էլ. փոստ` armecofront@gmail.com

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #140, 27-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ