RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#140, 2013-08-27 > #141, 2013-08-28 > #142, 2013-08-29 > #143, 2013-08-30 > #144, 2013-08-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #142, 29-08-2013



Տեղադրվել է` 2013-08-28 23:10:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 1405, Տպվել է` 25, Ուղարկվել է էլ.փոստով` 18

ԳԵՆԴԵՐԸ` ԵՎՐՈՊԱՅԻՆ, ՄԵԶ` ԻՐԱՎԱՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Գարնանն ընդունված «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հնարավորությունների ապահովման մասին» օրենքի շուրջ մի այնպիսի իրարանցում էր ամռանը, որ կարելի է մտածել, թե մեր հասարակության ակտիվ շերտի` այլ թեմաներով կուտակված չպարպված էներգիան ուղղակի այս թեմայով ավելի հեշտ ելք գտավ: «Գենդերային հավասարություն» եւ գենդեր` նշանակում է «տարբեր սեռի անձանց ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք» ձեւակերպումների շուրջ ողջ ամառ սոցիալական ցանցերում ազգայնական կարգախոսների շուրջ միավորված խմբերի եւ բազամազանամերձների մեջ մի այնպիսի հայհոյախառը պատերազմ էր սկսվել, որ սթափ մարդիկ հարկ չէին համարում միջամտել` հայհոյանքի եւ անեծքի բոլորովին անհարկի չափաբաժին չստանալ:

Կարելի էր կարծել` հասարակությանը թշնամացնելու եւ բեւեռների բաժանելու ավելի լավ առիթ հնարավոր չէր հորինել: Ընդ որում` աղմուկը բավականին արհեստական էր, քանի որ մեր հասարակության մեջ, այնուամենայնիվ, արեմտյան սեռային ամենաթողության հանդեպ կայուն իմունիտետ կա, եւ չենք կարծում, որ ինչ- որ թղթի վրա գրված ինչ-որ ձեւակերպումներ, որոնք հատկապես Եվրոպային ուղղված ցուցապաստառ էին, ազդեին մեր կյանքի վրա իրապես: Շատ-շատ` արեւմտյան գրանտներ իրացնողները մի քանի անհանգիստ շարժումներ կանեին, եւ ընդամենը: Սակայն, այնուամենայնիվ, հետաքրքրական է` բառի իմաստը չիմանալո՞ւ, թե պարզապես անփութության պատճառով /որովհետեւ եթե օրենքը ստեղծելիս համապատասխան փորձագետներն են եզրույթները ձեւակերպում, ապա դա մեր կառավարության մասնագետներին կամ պատգամավորներին չի ազատում պատասխանատվությունից նույնիսկ այն դեպքում, երբ նրանք չգիտեն կամ չեն խորացել «գենդեր» բառի իմաստի մեջ եւ այն ընդունել են որպես կանանց եւ տղամարդկանց իրավահավասարությունն արտացոլող բառ: Գուցե հենց այդպես էլ կա, որովհետեւ Հայաստանում ալերգիա առաջացնող «գենդեր» օտար բառը նույնիսկ ՀԿ-ների մակարդակով իրավահավասարության իմաստով է հաճախ ընկալվում, ու ոչ ոք առանձնապես չի խորանում ձեռքբերովի սեռի հատկանիշի վերաբերյալ նրա հանրագիտարանային բացատրության մեջ:

Անգամ այդ հարցով մեր եկեղեցու տեսակետը նույնպես հայտնի դարձավ` հրապարակմամբ հանդես եկավ Մայր աթոռի հասարակական հայեցակարգային գրասենյակի տնօրեն Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, որը նշել էր, թե օրենքը հենց սկզբից սխալական ու շփոթեցնող է, քանի որ վերնագրին հակասում է բուն օրենքի բովանդակության մեջ քողարկվածը` հետագա վտանգ ներկայացնելով ընտանիքի, երեխաների իրավունքի տեսակետից, փաստորեն նույնասեռականությանն ու նույն կողմնորոշմամբ ամուսնության վավերականացման քողարկված հնարավությունը ներդնելով օրենքում: Եվ նա բացատրել էր, թե կանանց եւ տղամարդկանց հավասարության ընդունելի եւ խրախուսելի հասկացությունն ամենեւին էլ գենդերային հավասարությունը չէ, ինչը մեր կառավարականներն ու պատգամավորները փաստորեն չէին նկատել կամ էլ չնկատելու էին տվել` չափից ավելի փորձելով հաճոյանալ Եվրոպային եւ հույս ունենալով, որ հասարակությունը եւս դա չի նկատի: Չմանրամասնելով նյութի` կնոջ եւ տղամարդու իրավահավասարության Գալստանյանի քրիստոնեական մեկնության մանրամասների մեջ` միայն ասենք, որ եկեղեցին եւս առաջարկում էր վերաքննարկել օրենքի վիճելի դրույթները եւ փոփոխել դրանք` հետագա վնասակար զարգացումներից խուսափելու համար:

Փաստորեն` այն հանգամանքը, որ սովորաբար նստաշրջանների վերջում կառավարության նախաձեռնությամբ կույտով օրենքներ են բերվում խորհրդարան եւ արագ-արագ քննարկում եւ քվեարկում են, հնարավոր է դարձրել այսպիսի բացթողումը, կամ էլ սա միտումով է արվել, քանի որ եվրոպական պահանջների ծիրում այդ ձեւակերպման պահանջը հանգիստ կարող էր լինել: Բայց վստահ` խորհրդարանում չէին նկատել այս ձեւակերպման հակասականությունը, քանի որ ես հիշում եմ քննարկումը, եւ մի երկու պատգամավոր, այն էլ մի թեթեւ, առանց շատ խորանալու նշեցին գենդերի եւ իրավահավասարության միմյանց հետ կապ չունենալու պահը:

Կառավարությունը, փաստորեն, ուղղում է սխալը եւ այսօրվա նիստին առաջարկելու է հանել «գենդերը ձեռքբերովի սոցիալական վարք է» բացատրությունն օրենքից` փոփոխության նոր նախագիծ ներկայացնելով եւ ընդհանրապես «գենդեր» բառը հանելով եւ փոխարենն օգտագործելով «կանանց եւ տղամարդկանց իրավահավասարություն» բառերը: Հիմնավորման մեջ նշվում են օերնքի վերաբերյալ հասարակության եւ եկեղեցու անհանգստությունները: Հավանաբար նախագիծն այսօր հավանության կարժանանա ու կմտնի շուտով գումարվող ԱԺ աշնանային նստաշրջանի օրակարգ, բայց եթե օրինագծում ինչ-որ տեղ պահպանվելու է «գենդեր» բառը` թարմ ուժերով վերադարձած մեր խորհրդարանականները, օրենքի քննադատության ամառային ռեպետիցիան աչքն ի տես` նախագծի քննարկումները կդարձնեն պարզապես մի մեծ թամաշա: Բայց կարելի էր ժամանակին հակասությունները նկատել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #142, 29-08-2013

AZG Daily #42, 08-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ