RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-24 21:55:00Թուրքական անօդաչուները Գյումրիի մոտակայքում
2020-10-24 18:48:22Ադրբեջանցիները հայկական համազգեստով են կռվում. դեպքեր են գրանցվել
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
#140, 2013-08-27 > #141, 2013-08-28 > #142, 2013-08-29 > #143, 2013-08-30 > #144, 2013-08-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #142, 29-08-2013



Տեղադրվել է` 2013-08-28 23:10:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 1265, Տպվել է` 29, Ուղարկվել է էլ.փոստով` 26

ՊՈՒՏԻ՞ՆՆ Է «ԽԱԲԵԼ», ԹԵ՞ ԱԼԻԵՎԸ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Ադրբեջանական քաղաքագիտական-վերլուծաբանական հանրությունը վերստին անորոշության է մատնվել: Ըստ երեւույթին, Պուտինի այցի առթիվ նախնական ոգեւորվածությունը տեղը զիջում է հուսախաբությանը: Հայտնի է դարձել, որ Ռուսաստանը նկատելիորեն խստացրել է Ադրբեջանի հետ սահմանային ռեժիմը: Հարեւան երկրի լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում, որ Ադրբեջանի հետ «սահմանի վրա նկատվում է ռուսաստանյան կողմի զինտեխնիկայի կուտակում»:

Բաքվում չափազանց մեծ կարեւորություն են տալիս ռուսաստանցի մի խումբ լրագրողների եւ հասարակական գործիչների օրերս Արցախ կատարած այցին: Մեկնաբանություններում գերիշխում է մտայնությունը, որ դա «Պուտինի ուղղակի ուղերձն է Ադրբեջանի իշխանություններին»: Ակնարկվում է, որ Ալիեւ-Պուտին հանդիպմանը ռուսաստանյան կողմին «ամենայն հավանականությամբ չի հաջողվել ավելի մեծ զիջումներ ստանալ», թեեւ չի մանրամասնվում, թե խոսքն ինչի մասին է:

Երեկ virtualaz.org-ը, հղում անելով «սեփական իրավասու աղբյուրներին», չափազանց արտառոց տեղեկատվություն է տարածել, ըստ որի` «ադրբեջանական ընդդիմությունից նախագահի միասնական թեկնածու Ռուստամ Իբրահիմբեկովը Մոսկվայից մեկնել է Մախաչկալա»: Լրատվամիջոցի տեղեկացվածությամբՙ Իբրահիմբեկովին ընդունել է Դաղստանի ղեկավար Աբդուլատիպովը:

«Թեեւ Իբրահիմբեկովը մերձավորներին ասել է, որ Դաղստան է ուղեւորվում հանգստանալու, բայց Մախաչկալայի իրազեկ աղբյուրները տեղեկացնում են, որ նա այնտեղ է, որպեսզի Աբդուլատիպովի հետ քննարկի Ադրբեջանի նախընտրական իրավիճակը»,- եզրակացրել է virtualaz.org-ը:

Իր հերթին haqqin.az-ը երեկ գրել է, որ Պուտինի «այցի նախօրեին ադրբեջանական հատուկ ծառայությունները բացահայտել եւ ձերբակալել են լեզգիական շարժման մի խումբ ընդհատակյա գործիչների` դրանով իսկ ակնարկելով, որ կարող են արդյունավետորեն չեզոքացնել Ադրբեջանում անջատողական շարժումներ հրահրելու փորձերը»:

Այս համատեքստում Ռուստամ Իբրահիմբեկովի Մախաչկալայում գտնվելու եւ Դաղստանի ղեկավար Աբդուլատիպովի հետ քննարկումներ ունենալու մասին տեղեկատվությունը թողնում է տպավորություն, թե ընդդիմության առաջնորդներից մեկը նպատակ ունի այդ կերպ շահելու Ադրբեջանում համահավաք բնակվող լեզգի ընտրողների համակրանքը: Բաքվում իշխող վարչախմբի վերահսկողությամբ գործող լրատվամիջոցի սույն ակնարկը պետք է հասկանալ այնպես, որ «դրանում շահագրգռված են նաեւ ռուսաստանյան իշխանությունները, այլապես Իբրահիմբեկովը Մախաչկալայում նման ընդունելության չէր արժանանա»:

Շատ հնարավոր է, որ Իբրահիմբեկով- Աբդուլատիպով «գաղտնի բանակցությունների» լուրը մոգոնել եւ ենթակա լրատվամիջոցներին են մատուցել ադրբեջանական հատուկ ծառայությունները, եւ դա միայն քարոզչական հնարանք է, որպեսզի պաշտոնական Բաքուն Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ քննարկումներից կատարի հերթական հետքայլը:

Խիստ ուշագրավ է, մանավանդ, տեղեկատվությունը, որ Ադրբեջանը պատրաստվում է Հարավային Կորեայից գնել սուզանավեր, որպեսզի «Կասպից ավազանում վերականգնի ռազմական հավասարակշռությունը»: Կասպից ծովում բավական ուժեղ տորմիղ ունի Ռուսաստանը, վերջերս էլ Իրանն է հայտարարել այնտեղ սեփական արտադրության սուզանավեր ծով իջեցնելու մասին: Եվ եթե Բաքուն մտադրվել է Կասպից ծովում «վերականգնել ռազմական հավասարակշռությունը», ապա դա նշանակում է, որ Ռուսաստանի հետ «համատեղ էներգետիկ ծրագրեր իրականացնելու» մասին ասվածը միայն խոսք է:

Ռուս-ադրբեջանական հարաբերությունների «ջերմացման» թեման, այսպիսով, գոնե ադրբեջանական մամուլում կտրուկ տրանսֆորմացվել է կասկածամտության անթաքույց դրսեւորումների, ենթադրությունների եւ տեղեկատվական «զոնդաժների»: Այդ ամենից միակ ենթադրությունն է, որ Ալիեւ-Պուտին բանակցություններում «ճշմարտության պահ» չի եղել, կողմերը միայն «տրամադրություններ են շոշափել», եթե չասենք, որ «ունեցել են դիմացինին «հիմարացնելու» նպատակ»: Պուտի՞նն է «խաբել» Ալիեւին, թե՞ ընդհակառակը, նույնիսկ չարժե գուշակել: Իրողություն է, որ Բաքու-Մոսկվա «գծի վրա» ոչ թե վստահություն է ամրապնդվել, այլ հակառակը` խորացել է փոխադարձ անվստահությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #142, 29-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ