RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-24 21:55:00Թուրքական անօդաչուները Գյումրիի մոտակայքում
2020-10-24 18:48:22Ադրբեջանցիները հայկական համազգեստով են կռվում. դեպքեր են գրանցվել
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
#140, 2013-08-27 > #141, 2013-08-28 > #142, 2013-08-29 > #143, 2013-08-30 > #144, 2013-08-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #142, 29-08-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-08-28 23:10:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 897, Տպվել է` 27, Ուղարկվել է էլ.փոստով` 22

ՓԱՍՏԱԲԱՆ. ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՄԵՂԱԴՐՅԱԼ ՉԷ ԵՎ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Թեպետ Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանն իր խոսքում մի քանի անգամ նշեց, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի փաստաբանը չէ, ավելինՙ «Սուրիկ Խաչատրյանը պաշտպանության կարիք չունի», սակայն ամբողջ խոսքի ընթացքում ջանք չէր խնայում ավագ Խաչատրյանին պաշտպանելու համար: Սահակյանի խոսքերովՙ այդ ողբերգական օրը Խաչատրյանը տանը քնած է եղել ու ոչ մի ձայն չի լսել: Երեք ամիս լռություն պահպանելուց հետո երեկ Ռուբեն Սահակյանն ասաց, որ իրենք էլ են դժգոհ զինվորական դատախազությունից, սակայն կոնկրետ զինդատախազության ո՞ր որոշումից կամ գործունեությունից են դժգոհՙ չմանրամասնեց:

«Ես շատ վրդովված եմ զինվորական դատախազության վրա, ավելի շատ մենք ենք վրոդվվել, քան Բուդաղյանները: Զարզանդ Նիկողոսյանը անազատության մեջ չպետք է լիներ: Այո՛, նա կրակել է, եւ նրա կրակոցը ծանր հետեւանքներ է առաջացրել, սակայն անհրաժեշտ պաշտպանությունից հետո է նա դա արել: Հաշվի առնելով, որ Արտակ Բուդաղյանը զինվորական է, մենք մտավախություն ունենք, որ զինվորական դատախազությունը նրա օգտին կաշխատի», ասաց Ռուբեն Սահակյանըՙ ամենայն հավանականությամբ չցանկանալով հիշել, որ մինչ իրՙ գործով փաստաբան ներգրավվելը զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանն էր սիրահոժար Խաչատրյանների փաստաբանի դերը կատարում:

Ասուլիսի հետագա ընթացքը վերածվեց տեսագրության վերծանման: Ռուբեն Սահակյանը վայրկյան առ վայրկյանՙ ժամով եւ րոպեով ներկայացնում էր, թե ի՞նչ է կատարվել Խաչատրյանների տան դիմաց: Այնպիսի տպավորություն էր, կարծես Սյունիքի մարզպետարանի տարածած հաղորդագրության երկրորդ սերիան էրՙ նա վազեց, կադրում ոչինչ չէր երեւում, այս րոպեին, այսինչ վայրկյանին Բուդաղյանը սա արեց կամ այն արեց, Լորետա Բարսեղյանը, նրանց տան աշխատակցուհին եւ Խաչատրյանի կրտսեր որդին հարձակվեցին Արտակ Բուդաղյանի վրա, որ կանխեն կրակելը: Եվ նման ամերիկյան բեսթսելլեր հիշեցնող դրվագներով պրն Սահակյանը պատմում էր կատարվածի մանրամասները: Ամենայն հավանականությամբ նա այնքան լավ էր սերտել տեսագրությունը, որ եթե որեւէ դրվագի րոպեն ու վայրկյանը ճիշտ չէր ասում, խոսքն ընդհատում էր, ինքն իրեն ուղղում եւ ճիշտ ժամանակը ներկայացնում:

Սահակյանի ներկայացմամբՙ Արտակ Բուդաղյանն իր մեքենայով, գինովցած գնացել է Խաչատրյանների տան մոտ, տեղի է ունեցել փոքրիկ բանավեճ: «Բուդաղյանը պահանջել է, որ Սուրիկ Խաչատրյանը գա, սակայն նրան ասել են, որ քնած է, ու հավելել են, որ նա գա հաջորդ օրը կգա: «Չէ, կանչեք Սուրիկ Խաչատրյանին», ասում է փաստաբանըՙ խոստովանելով, որ ինքը ենթադրում է, որ այդպես է եղել, քանի որ համադրում է կադրերը, իրենց ձեռքի տակ եղած փաստերը:

Ըստ պրն Սահակյանիՙ Ավետիք Բուդաղյանը վրոդվված է եղել, որ Սուրիկ Խաչատրյանը չի սաստել իր թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանին, ով Ավետիք Բուդաղյանին նույն օրը մի քանի ժամ առաջ մեքենայի մեջ մի քանի անգամ ապտակել է: Ըստ Սահակյանի, առաջինը զենքը պահել են Բուդաղյանները: «Միայն Արտակ Բուդաղյանիՙ զենքը պահելուց հետո է Տիգրան Խաչատրյանը գնում զենք բերելու, եւ իրավիճակը սրվում է»:

Ըստ Սահակյանիՙ երբ կրակել են Ավետիք Բուդաղյանի վրա, կրակոցները նրան չեն դիպչել, իսկ երբ Բուդաղյաններն են կրակել, Նիկոլայ Աբրահամյանը վիրավորվել է, պատշգամբի բազրիքը վնասվել է: «Այդ դեպքում ո՞վ է կրակել Ավետիք Բուդաղյանի վրա», արդեն զարմացած հարցրեցին լրագրողները: «Ես ասացի, մի՞թե չասացի», ասաց Ռուբեն Սահակյանը: «Ո՛չ, չասացիք», շարունակեցին լրագրողները: «Ուշադի՛ր կարդացեք, ձեզ բաժանված թղթերում գրված է, թե ով է կրակել: Տիգրան Խաչատրյանն է կրակել», բարկացավ Ռուբեն Սահակյանը:

Ըստ տարածված լուրերիՙ Արտակ եւ Ավետիք Բուդաղյանների վրա թիկունքից են կրակելՙ տան պատուհանից, ամենայն հավանականությամբՙ Սուրիկ Խաչատրյանը. Ռուբեն Սահակյանն ասաց. «Ես ձեզ հավատացնում եմ, քրեական գործում չկա որեւէ ապացույց, որ Սուրիկ Խաչատրյանը մասնակցել է այդ ամենին, ինքը չէր կարող կրակոցներն էլ լսել, ինքը քնած է եղել: Սուրիկ Խաչատրյանը մեղադրյալ չէ եւ չի էլ լինելու: Սուրիկ Խաչատրյանի գործ գոյություն չունի», ասաց Սահակյանը: Սակայն այդքանով չբավարարվելով նա ոտքի կանգնեց, մի քանի անգամ պտտվեց աթոռի շուրջըՙ ցույց տալու, թե թիկունքը որտեղ է, որովայնըՙ որտեղ եւ ինչպես են կրակել Բուդաղյան եղբայրների վրա:

Ավելին, փաստաբանները հայտարարեցին, որ Սուրիկ Խաչատրյանի, մեղմ ասած, հանցավոր անցյալի մասին խոսակցությունները, պատմությունները, դեպքերն ու իրադարձությունները «ընդամենը ասեկոսեներ են»:

Ասուլիսի վերջում Ռուբեն Սահակյանն արդեն ոչ թե իրավաբանության, այլ զավեշտի ժանրով էր խոսում: Նա ասաց, որ ընդհանրապես չպետք է գործի մեջ խոսեն Սուրիկ Խաչատրյանի մասին: Ինչ վերաբերում է փաստին, որ Սուրիկ Խաչատրյանին պատկանող զենքից են կրակել, նրա բնակարանից ինքնաշեն հրացան են գտել, հետեւաբար առնվազն երկու հոդվածով պետք է քրեական գործ հարուցվեր Խաչատրյանի դեմ, Սահակյանն ասաց, որ Հայաստանում շուրջ 1000 ինքնաշեն հրացան կա: «Ինչ վերաբերում է նրան, որ Խաչատրյանին պատկանող զենքերից են կրակել ու մարմնական ծանր վնասվածքներ հասցրել, ապա, կրկնում եմ, դա եղել է անհրաժեշտ պաշտպանություն»:

«Հիմա ի՞նչ, Սուրիկ Խաչատրյա՞նն էլ նամակ գրի Սերժ Սարգսյանին եւ ակնկալի նրանից աջակցություն», բարկացած ասաց Ռուբեն Սահակյանը, ինչին լրագրողական լսարանը չդիմացավ ու փռթկացրեց:

«Ձեզանից շատերը գուցե այլ կերպ են նայում գործին, այլ վերաբերմունք կամ կարծիք ունեն, բայց, հավատացեք, ձեզ խաբելու ի՞նչ ունեմ, ասում եմ այն, ինչ կա», ասաց Սահակյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #142, 29-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ