RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#141, 2013-08-28 > #142, 2013-08-29 > #143, 2013-08-30 > #144, 2013-08-31 > #145, 2013-09-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #143, 30-08-2013



Տեղադրվել է` 2013-08-29 23:13:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 851, Տպվել է` 41, Ուղարկվել է էլ.փոստով` 22

ՄԱԿ-Ի ՏԵՍՈՒՉՆԵՐԸ ՍԻՐԻԱՅԻՑ ԿՀԵՌԱՆԱՆ ՇԱԲԱԹ ՕՐԸ

Պ. Ք.

Դամասկոսի ռազմակայանները տարհանվում են

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը օգոստոսի 29-ին Վիեննայում հայտարարեց, որ Սիրիայում քիմիական զենքի օգտագործման հետքեր փնտրող միջազգային տեսուչների խումբը այդ երկրից կհեռանա շաբաթ առավոտյան:

Ֆրանսպրեսը հաղորդում է, որ օգոստոսի 29-ի առավոտյան ՄԱԿ-ի փորձագետները Դամասկոսում իրենց հյուրանոցից դուրս են եկել, որպեսզի 3-րդ օրն անընդմեջ մեկնեն օգոստոսի 21-ի ենթադրյալ քիմիական գրոհի վայրՙ Գուտայի շրջան, որը մայրաքաղաքի ծայրամասում է: Բան Կի Մունի խոսքերով, տեսուչները իրենց հետազոտությունը պետք է ավարտեն այսօրՙ օգոստոսի 30-ին:

Նախօրեին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նրան խնդրել էր հնարավորություն տալ, որպեսզի քիմիական զենքի միջազգային փորձագետներն ավարտեն աշխատանքը Սիրիայում:

Իսպանական EFE գործակալությունը հաղորդում է, որ փորձագետների աշխատանքի նախնական արդյունքները կարող են հրապարակվել արդեն շաբաթ օրը:

Արդյունքների հրապարակմանը չսպասելովՙ Արեւմուտքն արդեն ռազմանավեր է ուղարկել Միջերկրական ծովի արեւելյան շրջաններ: Ակտիվանում է նաեւ Ռուսաստանը: Այդ երկրի զինվորական աղբյուրներ վկայակոչելովՙ Ինտերֆաքս գործակալությունը հաղորդում է, որ Մոսկվան «մոտ օրերս» տարածաշրջան կուղարկի հակասուզանավային ռազմանավ եւ հրթիռակիր նավ, որոնք «կմիանան այնտեղ գտնվող ռուսական նավախմբին»: ՌԴ պաշտպանության նախարարությունը այս կապակցությամբ որեւէ հայտարարություն չի արել:

«Ֆիգարո» թերթի կայքէջը հավելում է, որ ԱՄՆ-ը հայտարարել է տարածաշրջանում իր նավախումբը 4-րդՙ հրթիռակիր ռազմանավով համալրելու մտադրության մասին:

Սիրիայի իշխանությունները պատրաստ են մահապարտ օդաչուների օգտագործել ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների հնարավոր հարձակումը կասեցնելու համար: Դամասկոսի մոտ գտնվող հակաօդային պաշտպանության ռազմակայանի սպաներից մեկը ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակցին ասել է, որ արդեն ստեղծված է 13 օդաչուներից կազմված «մահապարտների խումբ»:

«Եթե չկարողանանք դիմակայել թշնամու օդուժին, մեզ կօգնեն օդաչուները, որոնք պատրաստ են խոյահարելու հակառակորդի օդանավերը», ընդգծել է սպան:

Նա պնդում է, թե սիրիական բանակում կան ավելի քան 8 հազար մահապարտներ, որոնք «պատրաստ են ամեն պահի նահատակվելու, որպեսզի կանգնեցնեն նախահարձակներին»:

Սիրիայի կառավարությունը սկսել է տարհանել մարդկանց կառավարական շենքերից եւ ռազմավարական կետերից, որոնք կարող են հարձակման թիրախներ դառնալ: Սիրիական բանակի հրամանատարությունը Դամասկոսի ռազմակայաններից տարհանում է զինծառայողներին: Սիրիայի ընդդիմադիրները տեղեկացնում են մայրաքաղաքի միջազգային օդանավակայանում նկատվող աշխուժության մասին. մոտակայքում բանակի երեք ռազմակայան կա:

«Ալ Արաբիա» հեռուստաալիքը հաղորդում է Դամասկոսից հեռացող զրահատեխնիկայի եւ բեռնատարների մասին: Մայրաքաղաքում օգոստոսի 29-ին սովորականից ավելի լուռ էր. մարդկանցից շատերը չէին գնացել աշխատանքի:

Իրանի հեռուստատեսությունը հաղորդում է, որ երկրի գերագույն հոգեւոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին կարգադրել է Սիրիայից հետ կանչել իրանցի զինծառայողներին: Ընդհանուր առմամբ կհեռանա 12 հազար զինծառայող: Պատճառն այն երկյուղներն են, որ հակասիրիական ռազմական գործողությունը կհանգեցնի Սիրիայի օդանավակայանների փակմանը:

Ինչ վերաբերում է այս ամբողջ իրարանցման մեղավոր Արեւմուտքի գլխավոր երկիր ԱՄՆ-ին, նախագահ Բարաք Օբաման ամերիկյան հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում ասել է. «Ես դեռ որոշում չեմ ընդունել: Մենք հուսով ենք, որ Սիրիայում վերջին հաշվով կիրականացվի քաղաքական անցում նոր իշխանության: Պատրաստ ենք ամենքիՙ Ռուսաստանի եւ մյուս երկրների հետ աշխատել, որպեսզի կողմերին համոզենք նստելու բանակցությունների սեղանի շուրջը: Սակայն Ասադի վարչակարգը պետք է հասկանա, որ սեփական ժողովրդի դեմ քիմիական զենքի օգտագործումը դիպչում է նաեւ ԱՄՆ-ի ազգային շահերին»:

Այսինքն, ՄԱԿ-ի տեսուչները դետ հաշվետվություն չեն հրապարակել, բայց Օբաման վստահ է, որ քիմիական զենք օգտագործել են Սիրիայի կառավարական ուժերը: Այս կապակցությամբ բավական չարագույժ է հնչում Սիրիայի ԱԳՆ հայտարարությունը, որ իրականում քիմիական զենք օգտագործել են գրոհայինները եւ շուտով իբր նորից կօգտագործեն, այս անգամՙ եվրոպացիների դեմ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #143, 30-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ