RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#141, 2013-08-28 > #142, 2013-08-29 > #143, 2013-08-30 > #144, 2013-08-31 > #145, 2013-09-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #143, 30-08-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-08-29 23:13:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 906, Տպվել է` 27, Ուղարկվել է էլ.փոստով` 23

ՍԻՐԻԱԿԱՆ ՍԱԴՐԱՆՔ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Քիմիական զենքի գործածումը կարելի է ներառել պատերազմական հանցագործությունների ցանկում, հետեւաբար քիմիական զենք բանեցնողը, թեկուզ պատեազմի ժամանակ, ռազմական հանցագործ է:

Ըստ Արեւմուտքի, նման հանցագործ է Սիրիայի նախագահ Բաշար Ասադն իր վարչակազմով: Նախագահ Ասադն ու իր համախոհները պնդում են, որ իրենք քիմիական զենք չեն բանեցրել, հետեւաբար անցած օրերին Սիրիայում քիմիական զենքի գործածումը Սիրիայի թշնամիների սադրանքն է: Նման դեպքերում, որպես կանոն, իր վճռորոշ խոսքը պետք է ասի չեզոք ՄԱԿ-ըՙ հանձինս Սիրիայում աշխատող իր տեսուչների, որոնք, իրենց հերթին, պետք է ավարտեն իրենց աշխատանքը Սիրիայում ու կազմեն համապատասխան եզրակացություն այնտեղ տեղի ունեցած ու ունեցող դեպքերի, դրանց մեղավորների մասին, որի հիման վրա նոր միայն ՄԱԿ-ը պետք է որոշում կայացնի: Ինչպես գիտենք, ԱՄՆ-ն ու իր մեկ-երկու դաշնակիցներ, առանձին նշենք նաեւ` Թուրքիան, Սիրիայում քիմիական զենք օգտագործվելու փաստից հետո հայտարարեցին, որ իրենք չեն սպասելու ՄԱԿ-ի համապատասխան որոշմանը եւ «պատժիչ գործողություններ» են ձեռնարկելու Սիրիայի իշխանությունների հանդեպ, առանց ՄԱԿ-ի թույլտվության:

ԱՄՆ-ն ու իր դաշնակիցները նման կերպ վարվելու փորձ ունեն, սակայն Սիրիան փոքր-ինչ այլ պատմություն է:

Եթե ԱՄՆ-ը հարված հասցնի Սիրիային առանց ՄԱԿ-ի թույլտվության, ապա վերջնականապես կհեղինակազրկի միջազգային այս` ամենաներառական կազմակերպությանըՙ նրա հետագա գործունեությունը լրիվ անիմաստ դարձնելով: Այնինչ, գործող, թույլ, բայց գործող ՄԱԿ-ը կարող է մշտապես լեգիտիմացնել ԱՄՆ-ի ցանկացած որոշումը, ինչպես եւ արել է ՄԱԿ-ը վերջին տարիներին: Հետեւաբար թեկուզ թույլ, բայց գործող, վերջնական չհեղինակազրկված ՄԱԿ-ը ձեռնտու է ԱՄՆ-ին: Մյուս կողմից, այս չավարտվող «արաբական գարունների» համապատկերում, ԱՄՆ-ին բոլորովին ձեռնտու չէ իր վրա բերել արաբական երկրների ու արաբ ժողովրդի ցասումը, ինչին ԱՄՆ-ը կհասնի, եթե միջազգային քաղաքականության մեջ հերթական անգամ ցուցաբերելով իր ամենաթողությունը, չսպասելով ՄԱԿ-ի եզրահանգմանը, հարված հասցնի Սիրիային:

Այդուհանդերձ, հակասիրիական պատերազմը իրոք մոտալուտ եւ անխուսափելի է թվում, պատերազմ, որը, ըստ մի շարք մասնագետների, սադրանքի արդյունք կարող է լինել: Այսկերպ կարծող մասնագետներից մեկը Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն է: Երեկ, լրագրողների հետ հանդիպմանը, Սաֆրաստյանը կարծիք հայտնեց, որ Սիրիայում քիմիական զենքի բանեցումը իրականում սադրանք էր, որի նպատակն էր շուտափույթ պատերազմ սկսել Սիրիայի դեմ ու վերջնականապես մեկուսացնել նախագահ Ասադին: «Ընդ որում, այդ սադրանքը կարող է եւ հրահրված չլինել Արեւմուտքի, կոնկրետ ամերիկյան իշխանությունների կողմից,- ասել է Սաֆրաստյանըՙ հավելելով,- չնայած գուցե ամերիկյան որոշ շրջանակներ եւս կան այս սադրանքի կազմակերպման մեջ»: Իսկ ավելի կոնկրետ, ըստ արեւելագետի, «սիրիական սադրանքը» հրահրված էր «տարածաշրջանն ամբողջովին ու երկարատեւ ռազմական գործողությունների մեջ քաշել եւ տարածաշրջանային քարտեզն ու ուժերի հարաբերակցությունը փոխել ցանկացող ուժերի կողմից»: Այդ ուժերի թվում Սաֆրաստյանը նշեց նաեւ Թուրքիային: «Պատահական չէ, որ Սիրիայում քիմիական զենքի օգտագործումից հետո առաջինը հայտարարությամբ հանդես եկավ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն` անելով աննախադեպ (Թուրքիայի համար) հայտարարություն, թե իրենք չեն սպասի ՄԱԿ-ի թույլտվությանն ու պատրաստ են պատժել սիրիական իշխանություններին», նկատեց Սաֆրաստյանը: Հիշեցնենք նաեւ, որ, բացի սրանից, հենց Ստամբուլում հավաքվեցին «Սիրիայի բարեկամները»` քննարկելու սիրիական ստեղծված ճգնաժամն, արդեն այդ երկրում օգտագործված քիմիական զենքի համապատկերում: Հասկանալի է, որ քսան երկրի ներկայացուցիչների մասնակցությամբ նման քննարկում կազմակերպելու համար պետք է նախօրոք նախապատրաստվել, մինչդեռ Ստամբուլը...տպավորություն կար, որ արդեն իսկ պատրաստ էր:

Ռուբեն Սաֆրաստյանը ընդգծեց, որ Թուրքիան տարածաշրջանի այն եզակի երկրներից է, եթե ոչ միակը, որը բացահայտ թշնամաբար է տրամադրված Ասադի վարչակազմին ու շահագրգռված է Սիրիայում իրավիճակի փոփոխությամբ, այդ երկրի միջազգային դիրքի ու դեռեւս տիրապետած ռեսուրսների թուլացմամբ: Ինչպես համոզված է Սաֆրաստյանը` «Տիրելով Սիրիային, կարող ես տիրել ողջ արաբական Մերձավոր Արեւելքին», իսկ նման ցանկություն, Թուրքիան, իհարկե, կարող է ունենալ: Անկարան թաքուն հույսեր է փայփայում նաեւ Սիրիայի հյուսիսային շրջանների հանդեպ, երբ Սիրիայում «գործող իշխանության անկումից հետո» ընթանա երկրի մասնատման գործընթաց: Եվ վերջապես, Սիրիայում է կենտրոնացած հայկական սփյուռքի այն մասը, որն անմիջականորեն ասոցիացվում է արեւմտահայության հետ. սիրիահայերը, թերեւս ավելին քան որեւէ այլ գաղթօջախի ներկայացուցիչներ, Ցեղասպանության ուղղակի վերապրածներն են, դրա կենդանի վկաները: Հասկանալի է, որ Թուրքիան շահագրգռված է նման վկաների վերացմամբ, այն էլ Ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին:

Փաստորեն Թուրքիան բազմաթիվ ծանրակշիռ շարժառիթներ ունի Սիրիայում կործանիչ պատերազմ սադրելու համար: Բայց որքան ուշանում է Սիրիային հասցվելիք Արեւմուտքի հարվածը, այնքան չեզոքանում է այդ սադրանքի էֆեկտը, եւ փառք Աստծո:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #143, 30-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ