RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-24 21:55:00Թուրքական անօդաչուները Գյումրիի մոտակայքում
2020-10-24 18:48:22Ադրբեջանցիները հայկական համազգեստով են կռվում. դեպքեր են գրանցվել
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
#145, 2013-09-03 > #146, 2013-09-04 > #147, 2013-09-05 > #148, 2013-09-06 > #149, 2013-09-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #147, 05-09-2013



Տեղադրվել է` 2013-09-04 23:11:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 1056, Տպվել է` 24, Ուղարկվել է էլ.փոստով` 18

ԵՎՐՈՊԱՆՙ ԲԱՑԱՏՐՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԵԼՈՎ...

ՎԱՐՈՒԺԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

Հետո՞ ինչ, թե հասկանալի են Հայաստանի մտահոգությունները ղարաբաղյան հարցի, անվտանգության առումներով

Մաքսային միությանը միանալու Հայաստանի «որոշման» մասին անակնկալ տեղեկացան ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս: Որքան էլ այդպիսի հայտարարությունը սպասելի ու անգամ կանխատեսելի կարող էր լինել, ակնհայտ է, որ դրան որեւէ պարագայում չէին սպասում, այն էլ այնպիսի մի ձեւակերպմամբ, ինչպիսին ներկայացվեց այն դեպքում, երբ, ասենք, Ուկրաինայի պարագայում խոսվում է դիտորդի կարգավիճակի մասին:

Սարգսյանի հայտարարության հայտնի դառնալուց հետո Բրյուսելից պաշտոնապես արձագանքը ուշանում էր, թեեւ հարկ է նշել, որ սեպտեմբերի 3-ին Հայաստանի նախագահի արած հայտարարությանը արդեն իսկ նախորդել էր Ռուսաստանի կողմից ճնշումների վերաբերյալ մեկ ընդհանրական հայտարարություն, որը, սակայն, այդ պահի դրությամբ, չէր վերաբերում Հայաստանին:

Խոսքը սկանդինավյան եւ բալթյան երկրների արտգործնախարարների համատեղ հայտարարությանն է վերաբերում, որ արվել էր սեպտեմբերի 2-ին շվեդական Վիսբյու քաղաքում կայացած նիստի ավարտին: Հայտարարությամբ նշվում էր, թե անընդունելի են Արեւելյան գործընկերության երկրների վրա գործադրվող ճնշումները, մասնավորապես Ուկրաինայի օրինակով, որը ոչ թե նախաստորագրելու, այլ արդեն ստորագրելու է պատրաստվում Ասոցիացման համաձայնագիրը նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովում:

Այս հայտարարությունը փաստացի նախորդել էր Սարգսյանի հայտարարությանը, մինչդեռ Մաքսային միությանը միանալու մասին խոսքերին հաջորդած առաջին արձագանքը Բրյուսելից ԵՄ նախագահող երկրի` Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկավիչյուսի հայտարարությունն էր, որ առանձնակի չէր տարբերվում մինչ այդ Եվրոպայից Հայաստանին ուղղված համանման հայտարարություններից այն տարբերությամբ, որ տեղի ունեցածով «Հայաստանը արգելափակեց իր հնարավորությունները ստորագրելու Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման համաձայնագիրը»:

Լիտվայի արտաքին գերատեսչության ղեկավարը մասնավորապես նաեւ նշել էր, թե Եվրոմիությունը հարգում է Հայաստանի նախագահի որոշումը, սակայն ընդգծում, որ տարբեր տարիֆներ ունեցող երկու կազմակերպություններին անդամակցությունը հնարավոր չէ:

Շվեդիայի արտգործնախարար Կառլ Բիլդն էլ թվիթերյան իր միկրոբլոգում արձագանքել էր, թե կարծես Հայաստանը խզում է բանակցությունները ԵՄ-ի հետ ազատ առեւտրի առնչությամբ ու դիրքորոշումը փոխում 180 աստիճանով:

ԵՄ բարձր հարթակներից այլ արձագանք չի եղել, միայն տեղեկություն, որ Եվրոմիությունը Երեւանից բացատրություն է սպասում, որպեսզի այդուհետեւ խոսեն հետեւանքների մասին: Միեւնույն ժամանակ, խորհրդարանական մակարդակից, «Ազատությանը» տված հարցազրույցում Եվրոխորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոկը, որը նաեւ Եվրոպայի ամենահզոր քաղաքական ուժի` Եվրոպական ժողովրդական կուսակցության գործադիր մարմնի անդամ է, նշել էր, թե ցավում է Հայաստանի որոշման համար: «Մենք գիտենք, որ Հայաստանի վրա ահռելի ճնշումներ են գործադրվել Ռուսաստանի կողմից` Ադրբեջանի եւ Ղարաբաղի դժվար իրադրության հետ կապված, եւ որ այդ ճնշումները օգտագործվել են Հայաստանի նման փոքր պետությանը շանտաժի ենթարկելու համար, որպեսզի նման որոշում կայացվի: Ես շատ եմ ցավում, քանի որ իրավաբանորեն եւ որոշ այլ պայմանների պատճառով հնարավոր չէ լիարժեք անդամակցել ե՛ւ Մաքսային միությանը, ե՛ւ ԵՄ Ասոցիացման համաձայնագրին, ե՛ւ Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտուն», ասել է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան:

Իսկ թե հնարավոր է հայկական կողմի մտադրության փոփոխություն` Բրոկը արձագանքել է. «Հուսով եմ, քանի որ մենք դեռ խոսելու ենք հայկական կողմի հետ... Վերջին տարիների ընթացքում ես մի քանի անգամ քննարկում եմ ունեցել Հայաստանի նախագահի հետ եւ հիմա կարող եմ միայն ենթադրել, որ այստեղ ռուսական կողմի ճնշումն է դեր խաղացել: Եթե հնարավորություն լինի վերադառնալու այս հարցին, ապա շատ կարեւոր է, որ ղարաբաղյան խնդիրը կարգավորված լինի, եւ Հայաստանի նման փոքր պետությունը լուծման տարբերակ գտնի Ադրբեջանի հետ` տարածաշրջանի խնդիրները հաղթահարելու համար: Եվրոմիությունը, որը մինչ օրս դրանով չի զբաղվել, պետք է շատ ավելի մեծ հետաքրքրություն դրսեւորի այս սառեցված հակամարտությունը կարգավորելու հարցում»:

Վերջին գաղափարը թերեւս այն հիմնական անկյունաքարն է, որ կարող է դրվել հետագա զարգացումների հիմքում, թեեւ ակնհայտ է, որ Ռուսաստանի կողմից ճնշումները հենց անվտանգության ու ղարաբաղյան խնդրի շուրջը կարող էին լինել: Այդուհանդերձ, հարցազրույցի ավարտին Եվրոխորհրդարանի ազդեցիկ պաշտոնյան եւս մեկ անգամ բացառել է հնարավորությունը, որ Հայաստանը կարող է միաժամանակ անդամակցել ե՛ւ Կրեմլի առաջարկած միությանը, ե՛ւ ԵՄ Ասոցիացման համաձայնագրին ու ազատ առեւտրի գոտուն: «Դրանց միջեւ կան իրավաբանական հակասություններ, հնարավոր չէ կիսով չափ հղի լինել», եզրափակել է Բրոկը:

Սա էլ թերեւս պատասխան է այն դատողություններին ու մեկնաբանություններին, թե Հայաստանի համար ամեն ինչ առջեւում է, եւ որ Հայաստանը կարող է հիմա էլ գնալ Վիլնյուս, նախաստորագրել Ասոցիացման համաձայնագիրը ու այդպես շարունակ: Եվրոպական կողմից բոլոր հնարավոր հարթակներից վերահաստատում ու կրկնում են, որ այստեղ ու այնտեղ լինելու Հայաստանի ցանկությունը չի կարող իրականություն դառնալ:

Այս ամենից հետո մնում է փաստել, որ ներկա դրությամբ Հայաստանը ինչ-որ վակուումի մեջ է հայտնվել, երբ եվրոչինովնիկները չգիտեն դեռեւս ինչպես արձագանքել, իսկ Հայաստանում էլ դեռ հետ ու առաջ մարսում են Սերժ Սարգսյանի հայտարարությունը: Եվ եթե մարդու իրավունքների, տնտեսական ազատությունների ու այլ եվրոպական արժեքների առումով, այո, Հայաստանը չի շահելու մի միությունից, որի հետ անգամ ընդհանուր սահման չունի, ապա ժողովրդավարության առումով ընդհանրապես հիմք չկա երազելու առաջընթաց տեսնել մեր երկրում:

Բոլոր կողմ ու դեմ հաշվարկները, մեկնաբանությունները, դատողությունները մի կողմ թողնելով` չնշել, թե Մաքսային միության կողմ շուռ գալն ամենից առաջ ձեռնտու ու հարմար է երկրի օլիգարխներին, մեծ ու փոքր մեղքեր ունեցող չինովնիկներին ու բոլոր նրանց, ովքեր մի քանի սերունդ ժառանգների ապահովվածության հարցը լուծել, մտածում են մի 100 տարի հետո էլ գերապահովված ապրելու մասին, ուղղակի աչքակապություն կլինի: Անվտանգության, ղարաբաղյան հարցի ու էլի շատ գործոնների պարագայում էլ վերը նշվածը, վախենամ, ավելի մեծ դերակատարություն է ունեցել եւ կարող է ունենալ, քան պետության ու երկրի համար առավել կենսականները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #147, 05-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ