RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-24 21:55:00Թուրքական անօդաչուները Գյումրիի մոտակայքում
2020-10-24 18:48:22Ադրբեջանցիները հայկական համազգեստով են կռվում. դեպքեր են գրանցվել
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
#145, 2013-09-03 > #146, 2013-09-04 > #147, 2013-09-05 > #148, 2013-09-06 > #149, 2013-09-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #147, 05-09-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-09-04 23:11:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 856, Տպվել է` 28, Ուղարկվել է էլ.փոստով` 15

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԱԴԻՄԵԼ Է 3 ԿԵՏՈՎ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Մրցունակության համաշխարհային զեկույցի համաձայնՙ մեր երկիրը 79-րդն է 148 երկրների մեջ

Համաշխարհային տնտեսական ֆորումի հրապարակած մրցունակության համաշխարհային ցուցիչի համաձայնՙ Հայաստանն այս տարի «Համաշխարհային մրցունակության զեկույց 2013/14»-ում զբաղեցրել է 79-րդ տեղը 148 երկրների մեջ նախորդ զեկույցում զբաղեցրած 82-րդ տեղի դիմաց 144 երկրների մեջ: Այս մասին երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց «Տնտեսություն եւ արժեքներ» կենտրոնի ղեկավար Մանուկ Հերգնյանը, հիշեցնելով, որ մրցունակության զեկույցը կազմվում է 110-ից ավելի գործոնների հիման վրա, որոնք ընգրկված են 12 հենասյուների մեջ: Այս առումով մրցունակ երկրների առաջին հնգյակում են Շվեյցարիան, Սինգապուրը, Ֆինլանդիան, Գերմանիան եւ ԱՄՆ-ն:

ԱՊՀ երկրներից լավագույն ցուցանիշն ունի Ադրբեջանը, որն արձանագրել է 7 կետով առաջընթաց եւ 39-րդ տեղում է, Ղազախստանը 50-րդն է մեկ կետ առաջընթացով, Ռուսաստանը 64-րդն է` 3 կետ առաջընթաց, Ուկրաինան 84-րդն էՙ 11 կետ հետընթաց, Մոլդովան 89-րդն էՙ 2 կետ հետընթաց, Ղրղզստանը 121-րդն էՙ 6 կետ առաջընթաց, իսկ Վրաստանը 72-րդն էՙ 5 կետ առաջընթաց:

Ինչ վերաբերում է Հայաստանի ցուցանիշներին, ապա բարելավելով իր դիրքը 3 կետով, մեր երկիրն էական առաջընթաց է գրանցել տեխնոլոգիական պատրաստվածության, մակրոտնտեսական միջավայրի կայունության եւ ապրանքային շուկաների արդյունավետության հենասյուներով:

Ավելի մանրամասն ներկայացնելով Հայաստանի մրցունակության հենասյուների փոփոխությունները, Մանուկ Հերգնյանը հայտնեց, որ ինստիտուտների հենասյունի ցուցանիշով առաջ ենք գնացել 6 կետով եւ հիմա 65-րդ տեղում ենք, ենթակառուցվածքների հենասյունով վիճակը նույնն է` 80-րդ տեղ, մակրոտնտեսական միջավայրի կայունության ցուցանիշով 19 կետով ենք առաջադիմել եւ հիմա 64-րդ տեղում ենք, առողջապահություն եւ տարրական կրթությունով 5 կետով հետընթաց ենք արձանագրել եւ այժմ 85-րդն ենք, բարձրագույն կրթություն եւ վերապատրաստում` 7 կետ հետընթաց եւ 77-րդ տեղ, ապրանքների շուկայի արդյունավետություն` 14 կետ առաջընթաց` 58-րդ տեղ, աշխատուժի շուկայի արդյունավետություն` 20 կետով հետընթաց եւ 50-րդ տեղ, ֆինանսական շուկայի զարգացվածություն` 2 կետ առաջընթաց եւ 76-րդ տեղ, տեխնոլոգիական պատրաստվածություն` 20 կետ առաջընթաց եւ 72-րդ տեղ, շուկայի չափ` 2 կետ հետընթաց եւ 117-րդ տեղ, գործարար կատարելագործվածություն` 5 կետ առաջընթաց եւ 87-րդ տեղ, նորարարություն` 2 կետ առաջընթաց եւ 103-րդ տեղ:

Խոսելով հենասյուների գործոնների մասին, Մանուկ Հերգնյանն ասաց, որ որոշ գործոններ, ինչպես օրինակ` շուկայի չափը, Հայաստանի համար օբյեկտիվորեն բացասական են, սակայն, օրինակ, գործարար կատարելագործվածություն եւ նորարարություն գործոններով առաջընթացի անհրաժեշտություն կա: Նույնը նաեւ երկրում տաղանդներ պահելու, մաքսային գործընթացների հարցերում: Առաջընթաց արձանագրած գործոններից հիշատակվեցին բջջային կապի եւ ինտերնետի զարգացումը, գերիշխող դիրքի չարաշահումների գծով դրական փփոխությունները, գործարար միջավայրի բարելավումը եւ այլն:

Ամփոփելով զեկույցի ներկայացումըՙ «Տնտեսություն եւ արժեքներ» կենտրոնի ղեկավարը նշեց, որ Հայաստանը 2005-ից է ընդգրկվել մրցունակության զեկույցում, եւ այդ ժամանակ մենք 79-րդն էինք, մինչեւ 2010 թ. հետընթաց ենք ունեցել, դրանից հետո սկսել ենք առաջընթաց ունենալ եւ այժմ նորից 79-րդ տեղում ենք, թեեւ ավելացել են զեկույցում ընդգրկված երկրների թիվը: «Մենք տեսնում ենք, որ տարածաշրջանային մրցակցությունը ուժգնանում է, եւ մեզ անհրաժեշտ է շատ ավելի մեծ արագություն: Սակայն մեզ մոտ կա ժամանակի սղության ընկալման դեֆիցիտ` թե՛ պետական կառավարման համակարգում, թե՛ մասնավոր հատվածում», ասաց Մանուկ Հերգնյանը` այս հարցում կարեւոր համարելով մրցունակության, նորարարության, մարդկային ռեսուրսների արդյունավետ զարգացման անհրաժեշտությունը:

Օտարերկրյա ներդրումների մասին խոսելովՙ «Տնտեսություն եւ արժեքներ» կենտրոնի ղեկավարը այն կարծիքը հայտնեց, որ խոշոր ներդրումները Հայաստանում հիմնականում կատարվել են ենթակառուցվածքներում, եւ նոր ներդրումները կատարվում են ստացված շահույթի վերաներդրմամբ: Այս իրավիճակը բերել է նրան, որ երբ այս ներդրումային ծրագրերը վերջանում են, խնդիր է առաջանում: Մանուկ Հերգնյանի կարծիքովՙ նման վիճակում գտնվող երկիրը պետք է ավելի ագրեսիվ ներդրումային քաղաքականություն իրականացնի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #147, 05-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ